ԲՈԼՈՐՆ ԱՍՈՒՄ ԷԻՆ՝ ԴՈՒ ԷԼ ԴԱՐՁԱՐ ՄԱՍՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1991 թվականից Հայաստանն սկսել է մասնակցել «Ռոթարի» շարժմանը, սակայն «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից ճանաչվել է 1996 թվականին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 13-ին ընդունել էր այդ կազմակերպության ներկայացուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանն ուշադրության կենտրոնում պահելու համար:
Եվ չնայած այդ ընկերությունից հավաստիացնում են, որ իրենք ո՛չ կրոնական եւ ո՛չ քաղաքական, այլ բարեգործական կազմակերպություն են, որը միավորում է մարդկանց, այնուամենայնիվ, շարունակվում են քննադատություններն առ այն, որ «Ռոթարին» իրականում մասոնական կազմակերպութուն է:
Վերջերս այդ շարժման անդամ է դարձել նաեւ պլաստիկ վիրաբույժ Աշոտ Միքայելյանը՝ երբեմնի հումորիստ Աշոտ Լյուդվիգովիչը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վիրաբույժի հետ՝ հասկանալու համար, թե ինչն է ստիպել անդամակցել նման համբավ ձեռք բերած կառույցին:
-Պարո՛ն Միքայելյան, դուք հանդիսանում եք «Ռոթարի» ակումբի նորագիր անդամ: Ինչո՞ւ որոշեցիք անդամակցել ակումբին:
-Ընկերս հրավիրեց, ասեց՝ արի, տես՝ ինչքան լավ գործով ենք զբաղված, ես էլ գնացի, մասնակցեցի ժողովներին, հասկացա, որ, իրոք, մարդիկ շատ լավ բան են անում: Այդ ամենի մեջ նաեւ բժշկական պարտադիր տարրեր կան, ու քանի որ էությամբ բժիշկ եմ, ուզում եմ օգնած լինել մարդկանց, որոշեցի ավելի շատ օգնած լինել մարդկանց:
-Որքա՞ն ժամանակ է՝ ինչ հանդիանում եք ակումբի անդամ:
-Երկու շաբաթ կլինի արդեն: Մինչեւ ակումբի անդամ դառնալն 8 նիստի պետք է մասնակցես, որ նաեւ քեզ ճանաչեն մարդիկ: Մոտ 10 նիստի արդեն մասնակցել եմ: Ես ընդհանրապես չգիտեի երեւույթի մասին, տեղյակ չէի, քանի դեռ ընկերս չասեց, որ այդպիսի բան կա:
-Դուք նշեցիք, որ այդ ակումբում օգնում են մարդկանց, բարեգործություններ կատարում, սակայն չեն դադարում այդ ակումբին «մասոնական օթյակ» անունը տալ:
-Նշեմ, որ առաջին իսկ օրից, երբ սոցիալական ցանցում հայտնվել էր իմ անդամակցության մասին լուրը, բոլոր ընկերներս զանգահարում, ասում էին՝ դու էլ դարձար մասոն: Իրականում բացարձակ կապ այս պահին ես չեմ տեսնում: Նոր եմ, ամեն դեպքում: Ընդ որում, ոչ ոք թաքուն չէ, օրինակ՝ վաղն էլ (այսօր) կարող եք գալ ժողովին, նայել, թե ով կա, ընդհանրապես խնդիր չէ:
-Բայց, ի վերջո, ինչո՞ւ որոշեցիք Դուք էլ անդամակցել այդ ակումբին:
-Երբ մարդկանց ասում ես, որ իսկապես ինչ-որ մեկին ուզում ես լավություն անել, մարդիկ մտածում են՝ այստեղ իր շահը որն է, որ ուզում է լավություն անել: Այ, այդտեղ է մեր խնդիրը: Ինչքան էլ ասեմ, որ անդամակցել եմ՝ մարդկանց օգնելու համար, մեկ է՝ մտածելու եք, օրինակ, թե ինքն ԱՄՆ-ից վիզա պետք է ստանա, դրա համար: Ուրիշ բան եք մտածելու, ուրիշ բան եք տեսնելու այդտեղ: Իրոք, լինում է, որ մարդը ցանկանում է օգնել, որ լավ բանը շատանա աշխարհի վրա:
-Նշեցիք, որ Ձեր ընկերն է Ձեզ հրավիրել: Ամեն դեպքում, չե՞ք փորձել հետաքրքրվել, ուսումնասիրել, թե ինչ ակումբ է, ինչ ծրագրեր են իրականացնում: Ի՞նչ գիտեք, առհասարակ, այդ կառույցի մասին:
-Իհարկե, փորձել եմ հասկանալ, բայց համացանցային ծավալի մեջ, իհարկե, այլ ինֆորմացիոն աղբյուրներ չկան: Այդ կառույցի՝ մասոնների հետ կապվելու միակ փաստն իր հիմնադիրի մասոն լինելն է: Սրանից 111 տարի առաջ ինչ-որ մասոն մարդ որոշել է այդ ակումբը հիմնել, եւ դա է նման կապի մասին խոսակցությունների պատճառը: Բայց ես մասոններից իրականում տեղյակ չեմ, բայց բնույթով գոնե տարբեր է, գաղտնիության որեւէ երանգ չունի, ո՛չ մի երդում, ո՛չ մի պարտավորություն չկա, ազատ եմ իմ որոշումների, քայլերի ու պահվածքի մեջ: Ես կարող եմ չգնալ մոտակա ժողովի, ցանկացած պահի կարող եմ դադարեցնել անդամակցությունը: Այսինքն՝ հասարակական ակտիվության չափը քո ցանկությունից է: Դա գաղտնիության տարր պարունակող կազմակերպությունների գաղափարախոսության մեջ չի տեղավորվում: Օրինակ՝ ես բժիշկ դառնալուց առաջ Հիպոկրատի երդում եմ տվել, ծառայության անցնելիս երդում եմ տվել, սակայն այստեղ նման բան չկա: Բժշկությունը պարտավորեցնում է ինձ բուժել նույնիսկ թշնամուս, սակայն այս դեպքում ոչ մի երդում էլ չկա. բարի մարդը ցանկություն ունի օգնել:
-Օրինակ՝ այդ 10 հավաքների ընթացքում, որին մասնակցել եք, ի՞նչ հարցեր են քննարկվել:
-Միայն այն ծրագրերի շուրջ, որոնք այս պահին արվում են: Օրինակ՝ նախորդ անգամ մի կին ներկայացրեց իր կազմակերպած միջոցառումը եւ հարցրեց, թե ինչով կարող է ակումբն օգնել իրեն: Նա ցանկանում էր աուտիզմով հիվանդ երեխաների համար ինչ-որ հետաքրքիր բան անել, որ կապի միջոցներն ավելի հասանելի լինեն: Եվ ակումբի ներկայացուցիչներից մեկն ասաց, որ կարող է ծրագրային մասով օգնել, մյուսը՝ տարածք ունի, կարող է դա տրամադրել, որպեսզի բուժում ստանան: Այսինքն՝ մարդիկ սկսում են օգնել ինչ-որ մեկին, ով օգնությունը խնդրում է: Իսկ գլխավոր ծրագրերը, որ անցյալ տարի է արվել այդ կառույցի կողմից, Բերքաբերի մանկապարտեզն է եղել: Այդ ամենը միայն դրական է, եւ այդտեղ չի զգացվում ոչ մի հատուկ ծառայությունների կամ թաքուն հետք:

 

 

 

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԿԵՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Խորհրդարանական ընդդիմությունը երեկ կրկին մերժվածի կարգավիճակում էր: ԱԺ մեծամասնության՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ջանքերով ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած եւ հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած երեք նախագծեր այդպես էլ չհասան լիագումար նիստի օրակարգ: Ընդդիմության ներկայացուցիչները վարման կարգով ելույթ ունենալով՝ ամեն կերպ փորձում էին շահել մեծամասնության սիրտը, սակայն վերջիններս անդրդվելի էին:

Իսկ ինչ նախագծի մասին էր խոսքը: «Ելք» խմբակցությունը ցանկանում էր հստակեցնել, թե ովքեր կարող են առանց հատուկ թույլտվության այցելել կալանավորներին: Նրանք ցանկանում էին հստակեցնել, որ պատգամավորները կարիք չունեն թույլտվության՝ տեսակցելու համար: Իսկ «Ծառուկյան» խմբակցությունը նախագծերից մեկով առաջարկել էր նախաքննության ընթացքում տեսաձայնագրել հարցաքննությունը՝ բացառելով նրանց հարցաքննվողների հնարավոր խոշտանգումը: Իսկ մյուս նախագծով առաջարկում էին շրջանառության հարկի շեմն անփոփոխ թողնել, սակայն դա էլ չընդունվեց:
Ընդ որում, առաջին անգամ չէ, որ խորհրդարանական մեծամասնությունն այդպես մերժում է ընդդիմադիրների ներկայացրած նախագծերը: Ըստ «Պառլամենտ մոնիթորինգ» կայքի տվյալների՝ նախորդ՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության 5 տարիների ընթացքում ընդդիմադիր պատգամավորների հեղինակած նախագծերի ճնշող մեծամասնությունը քննարկման չի հասել. 10 նախագիծ ընդունվել է, 10-ը քննարկվել, 58-ն էլ օրակարգ չի մտել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս առումով նկատեց. «Այս կառավարությունը բնավ օրիգինալ չէ եւ շարունակում է նախորդ կառավարությունների արատավոր ավանդույթը՝ կոնվեյերային սիստեմով մերժել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած առաջարկները»: Սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այլ տեսակետ ուներ. «Դինամիկան նայեք եւ կտեսնեք, որ լրիվ հակառակ պատկերն է», -նշեց նա: Սրան ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանը շարունակեց. «Եթե մի նախագիծ էլ ընդունում եք, դրական եզրակացություն եք տվել, դա չի նշանակում, որ պիտի մի հատ գրավոր շնորհակալություն հայտնենք, մի հատ էլ արտահերթ նիստ գումարենք՝ մեր շնորհակալությունն ավելի հանգամանալից ներկայացնելու համար»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւս անդրադարձավ ՀՀԿ-ականների պահվածքին՝ նշելով՝ եթե մեծամասնություն են, չի նշանակում, որ պետք է մշտապես մերժեն ընդդիմադիրներին: Սակայն նման հորդորները որեւէ նշանակություն չունեցան. սովորույթի համաձայն դրանք մերժվեցին:
Վստահ կարելի է ասել, որ չի բացառվում՝ բոլոր առաջարկները՝ փոքր-ինչ ձեւափոխված, ամիսներ անց կառավարությունը որպես սեփական նախաձեռնություն ներկայացնի ԱԺ-ին:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

 

ՄԻԱՅՆԱԿՆԵՐԸ
Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին շատ տեղերում պայքարի մեջ միայն ՀՀԿ-ականներ են մնացել: Օրինակ՝ Ապարանում միակ թեկնածուն «Գնթունիք» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Կարեն Եղիազարյանն է, ում մրցակիցը պետք է լիներ նույն ՍՊԸ-ի ավագ հաշվապահը, սակայն վերջինս պայքարից հրաժարվեց: Արարատ քաղաքում միակ թեկնածուն Հայկ Հայկյանն է, ում միայնակ թողեց անկուսակցական Արտյոմ Պողոսյանը: Արտաշատ քաղաքում եւս մեկ թեկնածու է մնացել՝ Կարեն Բենիամինյանը, սակայն ի սկզբանե այլ թեկնածուներ եւս կային: Երեք թեկնածուներից պայքարում միայն ՀՀԿ-ական է մնացել Այնթապ համայնքում՝ Կարեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան 69 համայնքներում, որից 34-ը խոշորացված է, իսկ 3-ում էլ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կլինեն:

 

 

ԸՆԴԴԵՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՂԲՈՐ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնի դեմ դատական հայցերը շարունակվում են: Հոկտեմբերի 23-ին «Մեդիտեք» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Արամյանց» բժշկական կենտրոն ԱՓԲԸ-ից պահանջելով 2 միլիոն 717 հազար 200 դրամ: Այս գործը մակագրվել է դատավոր Գայանե Մազմանյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչ այդ էլ բժշկական կենտրոնի աշխատակիցները աշխատավարձը չստանալու համար էին դիմել դատարան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը բավարարել էր բժշկական կենտրոնի աշխատակից Ռուզաննա Հովակիմյանի հայցը` պարտավորեցնելով ընկերությանը վճարել ավելի քան 1 մլն դրամ պարտքը:

 

 

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՄԵՔԵՆԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ին ավտոմեքենա կտա: ԱՆ-ի` արդարադատության ակադեմիային մեքենա տալու խնդրանքին ի պատասխան՝ պետգույքի կառավարման վարչությունից հայտնել են, որ նրանք կարող են այցելել շարժական գույքի պահառության հասցե, ավտոմեքենաների ուսումնասիրություն կատարեն եւ մեքենա ընտրեն: «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի աշխատակիցները գնացել են եւ ընտրել են «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՊՈԱԿ-ի աշխատակիցները ուսումնասիրելու ընթացքում կանգ են առել այս տարվա սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշիռի կողմից հանված ավտոմեքենայի ընտրության վրա: Ի դեպ, տեղեկացնենք, որ ավտոմեքենայի սկզբնական արժեքը կազմել է 10 մլն 483 հազար դրամ: Այսինքն՝ «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ին կհատկացվի ավելի քան 21 հազար դոլար արժեք ունեցող ավտոմեքենա:

 




Լրահոս