ՌԱԶՄԱԲԱԶԱՅՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզում գտնվող ՌԴ թիվ 102 ռազմաբազայի «Ալագյազ» հրաձգարանում տեղի ունեցած պայմանագրային զինծառայողի սպանության եւ ինքնասանության դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած լուրերի համաձայն՝ պայմանագրային զինծառայողների միջեւ վիճաբանությունը սկսվել է ռազմաբազայից դուրս գտնվող կրակային հրապարակում, որտեղ նրացից մեկը նախազգուշացրել է, որ կկրակի:

Երկու օր շարունակ համացանցում լուրեր էին պտտվում այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության ռուսական 102-րդ ռազմաբազայում երկու հոգի է սպանվել: Սակայն պաշտոնական աղբյուրները լռում էին ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմից: Միայն երեկ պաշտոնական հաղորդագրություն տարածեց Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հոկտեմբերի 23-ին ««Ալագյազ» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ պայմանագրային ծառայության զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոններն ու ոչ կանխամտածված կրակ բացել ինքնաձիգից՝ մահացու հրազենային վիրավորում հասցնելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի: Կատարվածից եւ ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից վախենալով՝ նա ինքնասպան է եղել», մասնավորապես նշված է հայտարարության մեջ: Տեղի ունեցածի մանրամասները պարզելու համար տեղում աշխատում է Հարավային զինվորական շրջանի հատուկ հանձնաժողովը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ մահացածը ՌԴ քաղաքացի, Հայաստանում տեղակայված ՌԴ-ում թիվ 102 ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, շարքային, 22-ամյա Ալեքսանդր Կռուգլովն է, ով նշված ռազմաբազայի «Ալագյազ» կրակադաշտի տարածքում հրազենային վիրավորում էր ստացել եւ ճանապարհին մահացել էր:
Չնայած Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել էր, թե պայմանագրային զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոնները, ինչի արդյունքում կրակել է մեկ այլ զինվորի վրա, իսկ ավելի ուշ վախենալով պատասխանատվությունից՝ ինքնասպան է եղել, սակայն ռազմաբազայում այլ լուրեր են շրջանառվում:
«Ժողովուրդ» օրաթերթին զինծառայողների հետ տեղի ունեցած ողբերգական դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, որոնք, անշուշտ, դեռ ճշտման կարիք ունեն: Մասնավորապես լուրեր կան, որ ռազմաբազայի երկու զինծառայողները միմյանց հետ վիճել են Ալագյազի սարերում, որտեղ նրանց համար պալիգոններ են պատրաստված, եւ զինվորները զորավարժություններ են իրականացնում:
Երկու զինծառայողների վիճաբանությունը, ամենայն հավանականությամբ, տեսել են նրա ծառայակից ընկերները: Ու տղաների վեճն այն աստիճան է թեժացել, որ պայմանագրային զինծառայողներից մեկը մյուսին սպառնացել է, թե կկրակի, իսկ մյուս պայմանագրային զինծառայողը ասել է, թե չի վախենում իր սպառնալիքներից: Այս խոսակցությունից հետո ռազմաբազայի պայմանագրային զինծառայողները միմյանց ասել են, թե կհասնեն զորամաս, որտեղ կլուծեն բոլոր հարցերը:
Դատելով կատարվածից՝ պայմանագրային զինծառայողները չեն սպասել մինչեւ պալիգոններից իջնեն: Նրանց միջեւ վիճաբանությունը կրկին թեժացել է, որից հետո, ըստ տարածված լուրերի, պայմանագրային զինծառայողը հենց պալիգոններից զորամաս տանող ճանապարհին կրակել է իր ծառայակցի գլխին, որից հետո մի քանի այլ կրակոցներ է արձակել իր մարմնի վրա:
Ասել է, թե ռազմաբազայի երկու զինծառայողների միջեւ վիճաբանությունը եւ, առհասարակ, կրակոցը հնչել է ռազմաբազայից դուրս: Ու մինչեւ նրանց պալիգոններից հասցրել են ռազմաբազա, նրանց կյանքը փրկել չի հաջողվել:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ ռազմաբազայում շատերը կատարվածից տեղյակ չեն, քանի որ զինվորների միջեւ տարաձայնությունը եղել է զորամասից դուրս, ուստի հատկապես վերնախավի համար կատարվածը մնում է անհայտ:
Ի դեպ, մեզ լուրեր հասան նաեւ, որ Հարավային զինվորական շրջանի հատուկ հանձնաժողովը փորձում է կատարվածի մանրամասները պարզել պալիգոններում երկու պայմանագրային զինծառայողների միջադեպին ներկա գտնված ծառայակիցներից: Հերթով բոլորին կանչում, զրուցում են:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԻ ՈՒՇԱՑԵԼ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանն ասել է, որ լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտմամբ: «Հոկտեմբերի 19-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից խոցվել է մեր զինծառայողը: Մեր կողմից համարժեք պատասխանը չի ուշացել: Կարծում եմ՝ այս լարվածությունը կապված է հենց դիպուկահարների՝ պատերազմի արդյունքում առաջացած լարվածությունից, չնայած հակառակորդը վաղուց այս գործելաոճն է ընտրել»,- ասել է Լեւոն Մնացականյանն ու հավելել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը երկու անգամ կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռ, եւ երկու դեպքում էլ հարվածները եղել են անարդյունք:

 

 

 

ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆ ԱՆՏԵՍԵԼ Է
Երեւանի Շենգավիթ համայնքի դատարանում սկսվել է «Սասնա ծռեր» խմբի գործի երրորդ մասի դատական նիստը: Դատարանի դահլիճ են բերվել ամբաստանյալները, որոնց ազգականները եւ կողմնակիցները նրանց ծափահարություններով են դիմավորել: Նշենք, որ գործը դատաքննվում է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում, սակայն արտագնա նիստը տեղի է ունենում Շենգավիթի դատարանում: Դատական նիստը նախագահում է դատավոր Արթուր Օհանյանը: Դատարանը ստիպված է եղել ցուցմունքները մասամբ ռուսերենով լսել, քանի որ մեղադրյալ Թաթուլ Թամրազյանը վատ է տիրապետում հայերենին: Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը հայտարարել է, որ դատավորի հետեւում գտնվող զինանշանը եւ դրոշն իրենց տեղում չեն: «Դրանք պետք է մեր թիկունքում լինեն, իսկ Ձեր թիկունքում կարող է լինել չեբուրաշկայի պատկերը»,-ասել է Կյուրեղյանը: Չեբուրաշկայի վկայակոչումը դատավորը չլսելու է տվել` նախընտրելով ուշադրությունը չկենտրոնացնել վիրավորանքի վրա: Հնչել են դատախազին բացարկ ներկայացնելու միջնորդություններ, սակայն ընդմիջումից հետո դատավորը բացարկի միջնորդությունը մերժել է:

 

 

ՇՈՒՏ ՍՏՈՐԱԳՐԵ՛Ք
«Ելք» դաշինքի հայտարարությունը Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության պայմանագրի ստորագրման գործընթացի վերաբերյալ. «Հիմք ընդունելով օրերս Եվրոպական Միության Խորհրդի կողմից հրապարակված Հայաստան – Եվրոպական Միություն «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության պայմանագրի» սույն թվականի նոյեմբերին ստորագրվելիք տեքստը, հաշվի առնելով, որ պայմանագիրը ներառում է քաղաքական, տնտեսական, իրավական եւ հասարակական բոլոր ոլորտներում բարեփոխումների եւ համագործակցության ճանապարհային քարտեզը, գիտակցելով, որ ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության հաստատումը եւ դրա հետագա խորացումը կարող է զգալիորեն նպաստել Հայաստանի քաղաքական, տնտեսական, իրավական ոլորտներում հաստատված մի շարք արատավոր երեւույթների հաղթահարմանը, «Ելք» դաշինքը արձանագրում է. Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ բանակցված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության պայմանագիրը» կարեւորագույն խթան է ՀՀ-ԵՄ ռազմավարական կարեւորություն ունեցող հարաբերությունների հետագա զարգացման եւ Հայաստանում սոցիալ-տնտեսական եւ քաղաքական լրջագույն բարեփոխումների իրականացման համար: «Ելք» դաշինքը աջակցություն է հայտնում ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացին՝ այն համարելով երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների խորացման կարեւորագույն գրավական եւ պատրաստակամություն հայտնելով խորհրդարանական վավերացման փուլում կողմ քվեարկել համաձայնագրին։ «Ելք» դաշինք կոչ է անում ստորագրող կողմերին մինչեւ վերջ ցուցաբերել քաղաքական կամք եւ հետեւողականություն՝ ավարտին հասցնելով համաձայնագրի ստորագրման եւ հետագա վավերացման գործընթացը»:

 

 

 

ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏՎԵԼ
Հոկտեմբերի 10-ից կալանքի տակ գտնվող ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գեւորգ Մկրտչյանը, օգտվելով իր իրավունքից, մինչ օրս ցուցմունք չի տվել: Նա միայն բանավոր կերպով հայտարարել է, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ կալանավորված պետը առողջական խնդիրներ ունի:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կաշառքի գործով վերոնշյալ օրը կալանավորել էր «Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանին, օպերատիվ բաժնի պետին եւ այլ ծառայողների: Ըստ նախաքննությունն իրականացնող մարմնի՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը եւ այլ ծառայողներ 2017 թվականի ընթացքում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

 

 

ԿԵՂԾ ՎԻԶԱՆԵՐ
Իրավապահների կողմից ՀՀ մի շարք քաղաքացիների ապօրինի արտագաղթը կամակերպելու գործընթացները շարունակվում են: Այս անգամ իրավապահները բացահայտել են, թե ինչպես են ուխտագնացության անվան տակ մի շարք քաղաքացիների երկրից դուրս հանել: Մասնավորապես մեզ տեղեկություններ հասան, որ 4 անձ ուխտագնացության անվան տակ կազմակերպել են քաղաքացիների արտագաղթը: Մասնավորապես Գարսեւան Խաչատրյանին, Գարեգին Քամալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական նպատակով 2015թ. մայիս ամսին ուխտագնացության պատրվակով կազմակերպել են 49 հոգանոց խմբի` «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագրի ձեռքբերման գործընթացը:
Իսկ ահա Ռուբիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական նպատակով, կեղծ փաստաթղթեր ներկայացնելով՝ կազմակերպել է 4 անձանց անօրինական միգրացիան:
Նշան Զուպրիկեանին եւս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է՝ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, 4 անձանց անօրինական միգրացիան կազմակերպելուն: Վերոնշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1. հոդվածի՝ անօրինական միգրացիայի կազմակերպումը հատկանիշներով: Նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին, իսկ ահա մեկ անձ գտնվում է կալանքի տակ:

 




Լրահոս