ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ՄԱՅԹԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում միանգամից 3 հողահատկացում է արվել, եւ հիմա ընթանում են շինարարական աշխատանքներ: Հատկացված հողատարածքները մայթերի հաշվին են, եւ իրականացվող շինարարությունն էլ խոչընդոտում է հետիոտներին:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցեր ուղղեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե
1. Ե՞րբ եւ ո՞ւմ կողմից է տրվել հողահատկացման թույլտվությունը:
2. Ե՞րբ է կայացել հողահատկացման մրցույթը, եւ ի՞նչ արժեքով են ձեռք բերել տարածքները (առանձին-առանձին):
3.Ո՞ւմ են տրվել մայթեզրյա հատվածները՝ անուն, ազգանուն, հասցե:
4. Օրենքի ո՞ր կետով է հողահատկացման օրինականությունը հիմնավորվել:
5. Քանի՞ ծառ է հատվել եւ ում կողմից:
6. Ծառահատում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ:
7. Արդյո՞ք ծրագրված է այդ փողոցում էլի հողահատկացում անել, եւ ո՞ր հատվածներն են դրանք:
Պարզ պատասխաններ ակնկալող այս հարցերին Երեւանի քաղաքապետարանից ուղարկել են կիսատ-պռատ պատասխաններ՝ միայն հավաստիացնելով, որ նշված ծառերը չեն հատվել: Ստորեւ ներկայացնում ենք ստացված պաշտոնական պատասխանը՝ առանց կրճատումների. «Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ Անդրանիկի փողոցի հ.79/6 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար առկա է 21.08.2017թ. կառուցապատող Լիան Ալեքսանյանին տրված հ.01/18-Ա-5908-743, Անդրանիկի փողոցի հ.110/2 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար՝ 22.08/2017թ. կառուցապատող Վարսենիկ Սիմոնյանին տրված հ.01/18-Ս-4234-755 եւ Անդրանիկի փողոցի հ.94/3 եւ 94/4 հասցեներում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար՝ 13.09.2017թ. կառուցապատողներ Գենադի Հակոբջանյանին եւ Սարգիս Ոսկանյանին տրված հ.01/18-Ա-597-841 շինարարության թույլտվությունները»:
Թե ինչի հիման վրա են հատկացվել թույլտվությունները, օրենքի որ կետով են մայթերը դարձել մի քանի հոգու սեփականություն, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը հարկ չի համարել մանրամասնել: Միայն նշել է, թե «Վերը նշված հասցեներում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները տրամադրվել են գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան»:
Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից Հայկ Ասատրյանը շտապել է հայտնել, որ «Մրցույթով տրամադրված հողամասերում ծառեր առկա չեն եղել, եւ ծառահատում չի իրականացվել»: Նկատեցի՞ք: Քաղաքապետարանի պաշտոնյան այդպես էլ չի մանրամասնել, թե երբ է կայացել մրցույթը, ովքեր են մասնակցել դրան, եւ ամենակարեւորը՝ ինչ արժեքով են մարդիկ մայթերի սեփականատեր դարձել: Նա միայն հայտնել է, թե ծառահատում չի եղել: Մինչդեռ անզեն աչքով երեւում է, որ կառուցապատումն իրականացվում է այնպիսի հատվածում, որ շուրջբոլորը ծառեր են: Այդ ինչ հրաշքով պետք է հենց այդ հատվածում ծառեր չլինեին, միայն կարելի է ենթադրել:
Բայց սա դեռ ամենը չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ այդպես էլ պաշտոնական հավաստիացում չկա այն մասին, որ այսուհետ մայթերը չեն շարունակվի վաճառվել: Մենք հստակ հարցրել էինք. արդյո՞ք ծրագրված է այդ փողոցում էլի հողահատկացում անել, եւ ո՞ր հատվածներն են դրանք, բայց պատասխան չկա:
Սա ոչ այլ ինչ է, քան ավելի բարեկարգ Երեւան ունենալու խոստումը տապալելը: Քանի որ գոնե այս դեպքում ունենք առավել տգեղ Երեւանի պատկերը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

2017թ. հուլիսի 26-ին Դիլիջանի համայնքապետարանի իրավաբան Վաղինակ (Արայիկ) Մարկոսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Գեւորգ ժորայի Սահաբալյանի՝ հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, պայմանագրի հիման վրա տրված վարձակալության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, 454 հազար 454 դրամ վարձավճար ու հաշվարկված տույժ եւ 17 հազար 90 դրամ նախապես վճարված պետական տուրք բռնագանձելու պահանջներով:

Գեւորգ Սահաբալյանը Դիլիջանի նախկին քաղաքապետն է: Նա, արդեն որպես անկուսակցական, 2016թ. փետրվարի 14-ին կայացած խոշորացված Դիլիջան համայնքի ղեկավարի ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու էր, սակայն պարտվեց 2005թ. Դիլիջանը ղեկավարող Արմեն Սանթրոսյանին: Հոկտեմբերի 17-ին այս գործով Դիլիջան քաղաքում նախնական դատական նիստ գումարվեց: Վաղինակ (Արայիկ) Մարկոսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ինքը, որպես Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչ, մասնակցել է նիստին, Գեւորգ Սահաբալյանը չի ներկայացել, տեղեկություններ կան, որ նա Ռուսաստանում է գտնվում: Դատական նիստը հետաձգվել է: Նախնական դատական հաջորդ նիստը նշանակվել է բավական ուշ՝ 2018թ. հունիսի 26-ին:
Վաղինակ (Արայիկ) Մարկոսյանը հայտնեց, որ համայնքապետարանը գումարներ բռնագանձելու պահանջով դատի է տվել ոչ միայն նախկին քաղաքապետի որդուն, այլ նաեւ համայնքին պարտքեր ունեցող բազմաթիվ անձանց:
Նրա վկայությամբ՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում են գտնվում Դիլիջանի համայնքապետարանի ներկայացրած 9 հայցով դատարանի վճիռների կատարողական թերթիկները: Այդ վճիռներից մեկով Դիլիջան քաղաքի բնակչից հօգուտ համայնքի պետք է բռնագանձվի 679 հազար դրամ գույքահարկի եւ հողի հարկի գումար: Մնացած 8 գործերը վերաբերում են դիլիջանցիների տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտքերին: Այդ 8 հայցով ԴԱՀԿ-ը պետք է բռնագանձի ընդհանուր առմամբ 2 միլիոն 255 հազար դրամ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ
ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով ոստիկանության վերաբերյալ Սերժ Սարգսյանի քննադատական ելույթին, տեսակետ է հայտնել, որ ոստիկանության լիազորությունները շատ սահմանափակ են, եւ անհրաժեշտ է դրանք ընդլայնել: «Ապօրինի զենքի ավելանալն ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Հանցագործությունների թվաքանակի աճն ինքնին ցույց է տալիս, որ զենք-զինամթերք ժողովրդի ձեռքին կա: Դրա դեմ ավելի արդյունավետ պայքար պետք է տարվի»,-ասել է Ա.Սարգսյանը: Ըստ նրա` երբ կրակոցներ են լինում քաղաքի կենտրոնում, բողոքում են, որ մեքենայի մեջ զենք է եղել: Ա. Սարգսյանը նշել է, որ ոստիկանության լիազորությունների ավելացման վերաբերյալ ինքը փորձելու է գոնե քննարկումներ կազմակերպել:

 

 

ԱՎԵԼԻ ՔԱՆ 103 ՄԼՆ ԴՐԱՄ ԿԳՆ-ԻՆ
ՀՀ կառավարությունը կրթության եւ գիտության նախարարությանը առաջիկայում հատկացնելու է 103 մլն 419 հազար դրամ գումար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 26 մլն 582 հազար դրամը նախարարությունը ծախսելու է սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ գյուղերի 5-12-րդ դասարանների աշակերտների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման նպատակով: Իսկ ահա 76 մլն 836 հազար դրամը կծախսվի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ գյուղերի ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման նպատակով: Հուսանք, որ ԿԳՆ-ն իրեն հատկացվող պետական միջոցները կծախսի հենց այս նպատակների իրագործման համար:

 

 

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ «Արմօյլ» ՓԲԸ-ին պատկանող գործարանի շինարարական աշխատանքները դադարեցված են: Բանն այն է, որ ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նատի» թաղամասի բնակիչները ահազանգել են բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին եւ տեղեկացրել, որ «Արմօյլ»-ը բնակարաններից ընդամենը 50 մետր հեռավորության վրա կառուցում է նավթավերամշակման գործարան: Ըստ բնակիչների` այն կարծես թե «իրենց տակ դրված վառոդով լի տակառ լինի»: «Ժողովուրդ»-ը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ «Արմօյլ» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Եւ ձեռնարկված գործողությունների արդյունքում տեսչական մարմնի ղեկավարի՝ հոկտեմբերի 18-ի որոշմամբ ընկերությանը պարտավորեցվել է դադարեցնել նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարական աշխատանքների իրականացումը: Նշենք, որ շինաշխատանքները կդադարեցվեն մինչեւ տեսչական մարմնի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման եւ փորձաքննության իրականացումը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Արմօյլ» ընկերության հետ, սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին:

 




Լրահոս