ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂՑԿԵՂԻՑ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած գիտությունն ու բժշկությունը օր օրի զարգանում է, սրան զուգահեռ տարեցտարի քաղցկեղով հիվանդացողների թիվը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելանում է: Հայաստանում չարորակ նորագոյացությունները ոչ վարակիչ առավել տարածված հիվանդությունների շարքին են դասվում` զիջելով սրտանոթային հիվանդություններին:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում վերջին հինգ տարիներին ավելացել է չարորակ նորագոյացություններից մահացությունների դեպքերը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 6069 մարդ: Այս թիվը նախորդ տարիների համեմատ զգալի ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ 2011 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 5552 մարդ, 2012 թվականին` 5607, 2013-ին` 5589, 2014-ին` 5685: Իսկ ահա 2015 թվականին, 2014-ի համեմատ, նշված հիվանդությունից մահացածների թիվը 384-ով ավելացել է: ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ 2016 թվականին չարորակ նորագոյացություններից մահացության վերաբերյալ տվյալները դեռ ամփոփվում են:
Մասնագետների խոսքերով՝ վերջին տասը տարում մեր երկրում չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80 տոկոսով կամ 1.8 անգամ (2749 դեպքով), իսկ մահացության ցուցանիշը` 90 տոկոսով կամ 1.9 անգամ (2105 դեպքով): Վիճակագրական տվյալների համաձայն` հանրապետությունում տղամարդկանց մեջ գերակշռում են թոքերի, շնչափողի, բրոնխների, իսկ կանանց մեջ` կրծքագեղձի եւ արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ անցած տարի կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով եւ ուռուցքաբանական հիմնարկներում գրանցված չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը կազմել է 8 հազար 372 է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2020 թվականին աշխարհում կարձանագրվեն 20 մլն նոր հիվանդներ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի շուրջ 10 մլն:
Առողջապահության համակարգի գործունեության գնահատման՝ անցած տարվա զեկույցում նշված է, որ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացությունը բարձր է Հայաստանի Տավուշի եւ Լոռու մարզերում: Իսկ ահա նույն զեկույցի համաձայն` չարորակ նորագոյացություններից մահացության դեպքերի թվով առաջին տեղում է Լոռիի, շաքարային դիաբետից` Տավուշի մարզերը:
Օրինակ՝ անցած տարվա ընթացքում Լոռու մարզում 100 հազար բնակչի հաշվով արձանագրվել է չարորակ նորագոյացություններից մահվան շուրջ 280 դեպք, իսկ Գեղարքունիքի մարզում` 146:
Ցավալի է, բայց փաստ` չարորակ նորագոյացությունների պատճառով մահացությունը Հայաստանում Արեւելյան Եվրոպայի երկրների եւ Վրաստանի համեմատ բարձր է: Սակայն պատկան գերատեսչությունների կողմից հիվանդությունների առաջացման պատճառների մասին ոչ մի ուսումնասիրություն չկա: Եւ չի էլ արվում: Բայց ըստ որոշ տեղեկութունների` Լոռու մարզում քաղցկեղի առաջացման պատճառներից է հանքարդյունաբերությունը: Հայտնի է, որ այս մարզում գործում են մի քանի հանքարդյունաբերող ընկերություններ, որոնք ոչ միայն վնասում են բնությունն ու աղտոտում շրջակա միջավայրը, այլեւ վտանգում են մարդկանց առողջությունը:
Այլ կերպ ասած՝ հանքերը քայքայում են մարդկանց առողջությունը: Իսկ սա պատճառներից միայն մեկն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան դեպքին, նշել է, որ դա ողբերգական մահ էր. «Չկարողացանք լրիվ պարզ վիճակում պաշտպանել մարդու ամենակարեւոր իրավունքը»,-ասել նա:
Լ. Ալավերդյանի փոխանցմամբ՝ Հաց բերողի մահից ի վեր իրեն մեղավոր է զգում, քանի որ մարդու կյանքի իրավունքը պաշտպանել չհաջողվեց. «Թող համեմատությունս չհնչի որպես ոչ տեղին. Հաց բերողի մահից ի վեր ես ինձ մեղավոր եմ զգում: Հասարակության անդամ ենք, գալիս ենք, այսպես բլբլացնում ենք… Ես մեղքի մաս ունեմ այդ հարցում: Չկարողացանք լրիվ պարզ վիճակում պաշտպանել մարդու ամենակարեւոր իրավունքը` կյանքի իրավունքը: Լեւոն Հայրապետյանի հարցում տեղի ունեցավ նույնը: Դա ողբերգական մահ էր: Հայաստանը՝ որպես թույլ կողմ, չկարողացավ պաշտպանել Հայրապետյանի կյանքի իրավունքը: Կապ չունի ո՛չ տարիքը, ո՛չ հեղինակությունը: Նա արժանի չէր նման մահի: Անարժան մեթոդներով են մոտեցել Լեւոն Հայրապետյանին»,-եզրափակել է Լարիսա Ալավերդյանը:

 

 

ԿՆՎԱԶԻ 3-4 ԱՍՏԻՃԱՆՈՎ
Հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, եւ 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, հոկտեմբերի 27-29-ը կնվազի 3-4 աստիճանով: Երեւանում հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, եւ 29-ի գիշերը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

 




Լրահոս