Լուսանկարն արվել է մայրաքաղաքի կենտրոնում
Այս խողովակները տեւական ժամանակ է՝ դրված են Հյուսիսային պողոտայի եւ Արամի փողոցները հատող հատվածում: Ճիշտ այն մասում, որտեղով զբոսաշրջիկները մեծամասամբ շրջում են: Բայց Երեւանի քաղաքապետարանին, փաստորեն, չի հետաքրքրում այս անփույթ տեսարանը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ հաշմանդամ երեխաները պարտադիր պետք է հաճախեն ներառական դպրոց, թե՞ նրանք իրավունք ունեն սովորելու հանրակրթական դպրոցում: Այսինքն՝ նրանց ծնողները կարո՞ղ են որոշել, թե որ դպրոցում սովորի իրենց երեխան:
Տաթեւիկ Միրզոյան (34 տարեկան, նկարչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի`
Պետությունն ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում` երկարօրյա եւ գիշերօթիկ) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով:
Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը եւ վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները` հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:
«Հատուկ կարիքներով մարդանց աջակցության կենտրոն» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմել է 200.177, որն ընդհանուր բնակչության 6,6%-ն է: Հաշմանդամություն ունեցող անձանցից 96.616-ը կանայք են, 7.801-ը կամ 3,9 %-ը երեխաներ, որոնցից 2426-ը` աղջիկներ են:
ՀԱՐՑ. Հայրս իր տունը կտակել է փոքր եղբորս: Կտակի պահանջի համաձայն՝ եղբայրս տանը միայն ապրելու իրավունք ունի, իսկ վաճառվելու դեպքում, պետք է բաժանվի երեք երեխաներին հավասար մասնաբաժիններով: Եղբայրս ՀՀ-ում չի ապրում արդեն տասը տարի: Խնդրում եմ ասեք՝ եթե տունը վաճառվի, ապա մենք մեր մասնաբաժինները կարո՞ղ ենք ստանալ:
Սամվել Պետրոսյան (48 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցը կարգավորվում է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձեւով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը: Նույն օրենսգրքի 1196-րդ հոդվածի համաձայն` երկու կամ մի քանի ժառանգներին կտակված գույքը համարվում է ժառանգներին հավասար բաժիններով կտակված, եթե կտակում չեն նշված բաժինները, եւ դրանում ցուցում չկա ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը կամ իրավունքը ժառանգներից որեւէ մեկին պատկանելու մասին:
Նույն օրենսգրքի 1199-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կտակարարը կարող է կտակ կազմել ամբողջ գույքի, դրամի մասի կամ առանձին գույքի կամ իրավունքների վերաբերյալ: Բոլոր այս իրավական ակտերի դրույթների մեջ բերումները հուշում են, որ բնակարանի վաճառքի դեպքում դուք Ձեր բաժինները կստանաք եւ կստանաք հավասարաչափով:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում մեզ դիմած քաղաքացին անհանգստանալու կարիք բոլորովին չունի, քանի որ հայրական տան վաճառքի դեպքում, սահմանված օրենքի համաձայն, կարող է հանգիստ ստանալ բնակարանի իր մասնաբաժինը: