ՏԻՄ ընտրություններում մասնակցության շատ ցածր ցուցանիշ է արձանագրվել. հասարակությունը չի՞ կարևորում այդ ինստիտուտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը Հայաստանի 69 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին. 52 համայնքում ընտրում էին ղեկավար, 54-ում` ավագանու անդամ: Որակական առումով այս ընտրություններն առանձնապես չտարբերվեցին նախորդներից. որտեղ մեծ էր մրցակցությունը, մեծ էր նաեւ լարվածությունը, հատկապես խոշորացված համայնքներում: Կրկին մինչեւ քվեարկության օրը «փողի գետեր» էին հոսել:
Կրկին եղան խախտումների, մասնավորապես կրկնաքվեարկության փորձեր. իրավապահներն արդեն ընթացք են տվել այդ մասին ահազանգերին: Արդյունքները եւս առանձնապես անակնկալ չէին. 52 համայնքից 38-ում հաղթել են իշխող ՀՀԿ ներկայացուցիչները, 2-ական համայնքներում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, իսկ 10 համայնքում ղեկավար են դարձել անկուսակցականներ: Ընդ որում, անկուսակցականների մի մասին ներքին կարգով սատարում էր ՀՀԿ-ն կամ ՀՀԿ թեւերից որեւէ մեկը: Ու չի բացառվում, որ կարճ ժամանակ անց անկուսակցական համայնքապետերը համալրեն ՀՀԿ շարքերը, եւ իշխանություններին կծառայեն նույն ջանասիրությամբ, նույն եռանդով, ինչ իրենց նախորդները:

Բայց վերջին ՏԻՄ ընտրություններում ամենահետաքրքիրը մասնակցության ցուցանիշն էր: Ընդհանուր առմամբ 69 համայնքներում ընտրություններին մասնակցել են քվեարկության իրավունք ունեցողների 50 տոկոսը: Ճիշտ է՝ մի շարք համայնքներում մասնակցության ցուցանիշը գերազանցել է 70 տոկոսը, բայց ավելի շատ են եղել համայնքները, որտեղ մասնակիցների թիվը չի գերազանցել 30-40 տոկոսը: Իսկ սա, թերեւս, խոսում է մի կողմից ընտրությունների նկատմամբ հասարակության անտարբերության, մյուս կողմից` տեղական ինքնակառավարման ինստիտուտի նկատմամբ հետաքրքրության բացակայության մասին: Սա հատկապես գյուղական համայնքներում եւ հատկապես ավագանու ընտրությունների պարագայում: Նկատենք, որ նոր Սահմանադրությամբ ավագանու անդամները շատ ավելի մեծ լիազորություն ունեն, քան համայնքի ղեկավարը. վերջինս ընդամենը ավագանու որոշումները կատարող անձ է: Բայց չնայած դրան՝ Հայաստանում չեն գիտակցում ավագանու ինստիտուտի դերը, մանավանդ գյուղական համայնքներում:

Օրինակ՝ Արագածոտնի Սասունիկ գյուղում 2 հազար 522 ընտրողից մասնակցել է 389-ը` 15.4 տոկոսը: Ու սա այն դեպքում, երբ Սասունիկում անցկացվել են ավագանու ընտրություններ, առաջադրված է եղել 9 թեկնածու: Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում էլ մասնակցել է ընտրողների 17.6 տոկոսը. 3 հազար 392 ընտրողից քվեարկության է գնացել 599 հոգի. այստեղ եւս անցակցվել են ավագանու ընտրություններ, եւ առաջադրված է եղել 9 թեկնածու: Այսինքն՝ չնայած առաջադրված է եղել միանգամից 9 թեկնածու, բայց եւ վերջիններս շահագրգռված չեն եղել շատ ձայն ստանալու հարցում, քանի որ այսպես, թե այնպես իրենք մեկ ձայն ստանալով էլ համարվելու էին ընտրված:

Արագածոտնի մարզի Դդմասար գյուղում մասնակցությունը 26.9 տոկոս է կազմել. 130 ընտրողից տեղամաս է գնացել 35-ը. եղել է 6 թեկնածու, որից մեկը նույնիսկ զրո ձայն է ստացել, այսինքն` ինքն անգամ իրեն չի ընտրել: Իսկ Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղում 424 ընտրողից մասնակցել է 96-ը, մինչդեռ առաջադրված է եղել 5 թեկնածու: Ցանկը կարելի է դեռ երկար շարունակել:

Բայց այս ընտրություններում ամենաինտրիգային պատկերն արձանագրվել է Արտաշատ քաղաքում, որտեղ անցկացվեցին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ այն բանից հետո, երբ քաղաքապետ Արգամ Աբրահամյանը դարձավ ԱԺ պատգավոր: Ինչպես հայտնի է՝ Արտաշատը համարվում էր ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող քաղաքներից մեկը: Սակայն այս ընտրություններին Աբրահամյանները չխառնվեցին, ասում են` ամենաբարձր մակարդակով թույլ չեն տվել խառնվել:

Արդյունքում` Աբրահամյանները թեկնածու չառաջադրեցին, բայց կազմակերպեցին խուլ բոյկոտ ընդդեմ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի` քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանի: Բանն այն է, որ Արտաշատում քվեարկելու իրավունք ունեցող 21 հազար 600 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 4 հազար 782-ը` 22.1 տոկոսը, որից 4 հազար 571-ն իր ձայնը տվել է միակ թեկնածուին: Ասել է, թե արտաշատցիների 78 տոկոսն, այնուամենայնիվ, չի ընտրել իր քաղաքապետին: Նման պատկեր է նաեւ Արարատում, որտեղ մեկ թեկնածու էր` գործող քաղաքապետ Հայկ Հայկյանը, եւ 13 հազար 326 ընտրողից քվեարկության էր գնացել 4 հազար 239 հոգին` 31.8 տոկոսը, եւ կրկին մյուսները բոյկոտել են այս ընտրությունները: Այնպես որ, ՀՀԿ-ականների այս հաղթանակը դեռ լիարժեք հաղթանակ չէ, դրան գումարած ընտրությունների հանդեպ հասարակության անվստահությունը:

Հ.Գ. Ինչ վերաբերում է համայնքներին, որտեղ ընտրություններին մասնակցածների թիվը գերազանցել է 60-70 տոկոսը, ապա հիմնականում նման պատկեր գրանցվել է խոշորացած գյուղերին: Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում, որտեղ ե՛ւ համայնքի ղեկավարի, ե՛ւ ավագանու ընտրություններ էին, 5 հազար 5 ընտրողից մասնակցել է 3 հազար 855-ը` 77 տոկոսը: Մասնակցությունը բարձր է եղել նաեւ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում` նախկին Շորժա. 2 հազար 358 ընտրողից մասնակցել է 1768-ը` 74.9 տոկոսը, իսկ Լոռու մարզի Շնող համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններին 3 հազար 161 ընտրողից մասնակցել է 2 հազար 350-ը 74.3 տոկոս:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս