ՀԱՐՑ. Եթե անձը վերջույթների անդամահատության է ենթարկվել, եւ դիմել փորձաքննության, ապա ինչո՞ւ հենց առաջին անգամ փորձաքննության դիմելուց հետո հաշմանդամության խումբը չի սահմանվում անժամկետ:
Վազգեն Իսահակյան (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վերջույթների ամպուտացիայի դեպքում հաշմանդամության խմբի սահմանումը կապված է ամպուտացիայի մակարդակից, ծայրատի վերքի առկայությունից կամ բացակայությունից, մաշկի եւ սպիի վիճակից, պրոթեզի առկայությունից, կարճ ժամանակահատվածում պրոթեզավորման իրականացման հնարավորութունից, վերջույթի բացակայության դեպքում ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության առկայությունից, ինքնուրույն տեղաշարժվելու կարողության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության եւ ինքնասպասարկման ապահովման ունակության կենսագործունեությունների սահմանափակման աստիճաններից: Քանի որ նշված գործոնները կայուն չեն, եւ դրանց բավարար վերականգնման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, ուստի սահմանվում է հաշմանդամության ավելի բարձր խումբը` օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետով:
Հետագա պրոթեզավորման, ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության վերականգնման գործընթացից հետո, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշմամբ հաստատված չափանիշների, սահմանվում է հաշմանդամության երրորդ խումբ, անժամկետ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ անբարենպաստ կամ կասկածելի (անբարենպաստ հակումով) կլինիկական եւ վերականգնողական կանխատեսումների առկայությունը (անգամ օրգանիզմի ժամանակավոր պահպանված ֆունկցիաների ու կենսագործունեության վիճակի դեպքում) հիմք է հանդիսանում հաշմանդամության որոշման կամ դրա ծանրության աստիճանի գնահատման փոփոխման համար: