«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզը հոկտեմբերի 31-ի՝ պատանդառության միջադեպից միայն յոթ օր անց է սկսել գործել: Բայց պատանդ վերցված 3-ամյա Հմայակ Համազասպյանն այլեւս այդ մանկապարտեզը չի հաճախում: Ավելին՝ հոգեբանները աշխատում են փոքրիկի հետ՝ փորձելով հոգեբանական այդ տրավման բուժել:
Մինչ այդ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, շատ ծանր վիճակում է հայտնվել պատանդառուն՝ Արգամ Հովիկյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նրան սկզբում տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, սակայն վերջինիս չեն ընդունել՝ վախենալով, որ կյանքին վտանգ է սպառնում, տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Ու չի բացառվում, որ կալանավայրում հայտնվելուց հետո նրան, մեղմ ասած, հաճելի օրեր չսպասվեն, քանի որ քրեական աշխարհի օրենքներով նրա արարքը՝ փոքրիկին պատանդ վերցնելը, չի ներվում: Նա պետք է բացատրություններ տա»:
Ավելին, ինչպես հայտնի է Արգամ Հովիկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ միջնորդություն է ներկայացվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրան տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց, քանի որ վնասվածքներ ունի:
Նա փորձել է ինքնավնասում անել՝ վիրավորելով իրեն սրտի եւ ձեռքի շրջանում: Ահա այսպես, նոյեմբերի 2-ին Հովիկյանը տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատապարտյալների հիվանդանոցում Հովիկյանին չեն ընդունել, նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային բաժնից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ հիվանդանոցը նեղ մասնագիտական հարցերով բժիշկ չունի, ուստի հաշվի առնելով, որ կալանավորը վիրահատվել է, ճիշտ է համարվել, որպեսզի նա շարունակի բուժումը քաղաքացիական հիվանդանոցում:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: