ՖՈՏՈ. Որոնք են տարբեր ազգերի գեղեցկության գաղտնիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի երկրները տարբերվում են միմյանցից ոչ միայն մշակույթով, պատմությամբ և բնական հարստություններով, այլև ազգային նկարագրով: Յուրաքանչյուր ազգի գեղեցիկ կանայք ունեն իրենց հատուկ գաղտնիքները, որոնց մասին կներկայացնենք այս հրապարակման մեջ:

Իտալիա: Իտալացիներն իրենց փայլուն մազերի և հարթ մաշկի համար պարտական են նուշի յուղին: Եթե հավատանք պատմական աղբյուրներին, ապա Կատերինա Մեդիչի թագուհին` իտալական ծագմամբ Ֆրանսիայի Հենրիխ 2-րդ արքայի կինը, մշտապես նուշի դիմակներ էր օգտագործում: Նա հպարտանում էր իր փայլուն և գեղեցիկ մաշկով:

Գիտնականներն ապացուցել են, որ նուշի յուղը պարունակում է Е վիտամին, որը երիտասարդության վիտամին է համարվում և լավացնում է դեմքի մաշկի գույնը: Նուշի յուղը կարելի է օգտագործել նաև՝ որպես աչքերի շպարը հեռացնելու լավագույն միջոց: Եթե ցանկանում եք ունենալ փայլուն մազեր, ապա մի քանի կաթիլ նուշի յուղ քսեք չոր գլխամաշկին և մերսեք: 30 րոպե անց լվացեք գլուխը: Մեկ այլ դիմակ նուշի յուղով. վերցնում ենք 4 ճ/գ նուշի յուղը և կես կիտրոնի հյութը, խառնում ենք միմյանց և տաքացնում գոլորշու վրա: Այնուհետև այն քսում ենք մազարմատներին:

Անգլիա: Անգլիացիների մոտ դեռ հնուց ի վեր պահպանվել է ուղիղ ժամը 5-ին թեյ խմելու սովորույթը: Սակայն մի շտապեք դեն նետել թեյի պարկիկները, պահեք դրանք սառնարանում և հաջորդ առավոտյան դրեք կոպերին: Այն իսկույն կօգնի հեշտ արթնանալ և վերացնել աչքերի այտուցվածությունը: Անգլիացիների մյուս խոհանոցային սովորույթներից է վարսակի շիլայի օգտագործումը, որն անգլիական նախաճաշի պարտադիր մասն է կազմում:

Վարսակի փաթիլները հարուստ են В խմբի վիտամիններով, որոնք օգտակար են մաշկի բջիջների համար: Վարսակի փաթիլները կարելի է օգտագործել նաև որպես կոսմետիկական միջոց: Վերցնում ենք 4ճ/գ վարսակի փաթիլները և 2 ճ/գ սերուցքը կամ թթվասերը: Խառնում ենք միմյանց և թողնում, որ մի քիչ ուռչի: Խառնուրդը քսում ենք դեմքին և թողնում 20 րոպե: Այնուհետև անձեռոցիկով հանում ենք դիմակը և դեմքը լվանում սառը ջրով: Այս դիմակը մաշկը կդարձնի նուրբ և փափուկ:

Հունաստան: Ծով, ավազոտ ափեր և ձիթենիներ, որոնք վաղուց դարձել են Հունաստանի խորհրդանիշները: Հույն գեղեցկուհիներն առաջարկում են հետևյալ սկրաբը: Հավասար քանակությամբ միմյանց խառնեք լվացված ծովի ավազը, ծովի աղը և ավելացրեք այնքան ձիթայուղ, որպեսզի խիտ զանգված ստացվի: Այս դիմակը հիանալի սկրաբ է տնային պիլինգի համար: Խառնուրդով մերսում ենք ոտնաթաթերը, ծնկները, արմունկները և ապա սառը ցնցուղ ընդունում: Այս պրոցեդուրայից հետո մաշկը մետաքսի պես նուրբ է դառնում:

Լեհաստան: Սպիտակամաշկ լեհերի գեղեցկության դեղատոմսերից օգտվելու համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ կաթ և թթխմոր: Խառնել տաք կաթը և թթխմորը այնպիսի չափաբաժնով, որպեսզի ստացվի թթվասերի խտության խյուս: Դիմակը դնում ենք դեմքին և 10 րոպե անց լվանում ջրով:

Այս պրոցեդուրան օգնում է ազատվել բշտիկներից և սև կետերից: Լեհ գեղեցկուհիների մոտ շատ հայտնի է նաև երիցուկի սառույցով դեմքը մերսելը: 1 ճ/գ երիցուկը եռացնում ենք 1 բաժակ ջրով և թողնում սառչի 10-15 րոպե: Այնուհետև երիցուկի թուրմը լցնում ենք սառնարանի սառույցի կաղապարների մեջ և տեղադրում սառցախցիկի մեջ: Առավոտյան և երեկոյան դեմքը լվացեք այս լոսյոնով և կունենաք հիանալի արդյունքներ:

Ճապոնիա: Ճապոնիայի խոհանոցի հիմքը բրինձն է, իսկ բրնձի դիետան հայտնի է ամբողջ աշխարհին: Պարզվում է, սակայն, որ բրինձը կարող է լինել և գեղեցկության դեղատոմս: Բրինձը թրջեք քիչ քանակությամբ ջրի մեջ, պահեք մոտ 5 րոպե, այնուհետև քամիչով առանձնացրեք բրինձը, և կարող եք այն օգտագործել սննդակարգում: Իսկ բրնձի ջրով, որն իր մեջ է ներառել բրնձի սննդարար նյութերը, կարող եք լվանալ դեմքը: Վերջում դեմքին քսեք սնուցող քսուք:




Լրահոս