Երգչուհի Նարե Գրիգորյանը շուտով երկրպագուներին կներկայանա բոլորովին նոր ոճով եւ ֆորմատով։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը՝ երգչուհին։
«Ինքս էլ երկար եմ սպասել այն նորությանը, որը պատրաստվում եմ ներկայացնել երկրպագուներիս։ Ժանրը, որում հանդես եմ գալու, ինձ շատ հարազատ է, բայց մինչ օրս երբեւէ այդ ֆորմատում չեմ ներկայացել։ Կարծում եմ՝ էքսպերիմենտը հաջող կստացվի»,-ասաց նա։
Հարցին, թե կոնկրետ ինչ ժանրի մասին է խոսքը, Նարեն պատասխանեց. «Իմ տարբերակով կատարելու եմ հին հայտնի հայկական երգ։ Հնարավորինս վերադարձել եմ արմատներիս։ Նախկինում նեղ միջավայրում այդ ֆորմատի շրջանակում կատարել եմ իմպրովիզներ, սակայն հանրության առջեւ, ինչպես նշեցի, այդ ժանրում չեմ ներկայացել։ Մտերիմներս, որոնք լսել են իմ կատարումը, դրական են արձագանքել։ Դա ինձ անչափ ուրախացրեց եւ ստիմուլ հանդիսացավ, որ լրջորեն զբաղվեմ ինձ համար նոր ֆորմատով։ Մինչ այդ փնտրտուքների մեջ էի, ցանկանում էի ինձ փորձել այլ ժանրում, սակայն հետո հասկացա, որ դա իմը չէ, այնինչ՝ հարկավոր է հնարավորինս անկեղծ լինել հանդիսատեսի հետ։ Հիմա ուրախ եմ, որ գտել եմ այն ուղին, որով անհրաժեշտ է առաջ շարժվել»։
Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք Նարեն իր հայրիկի՝ երգիչ Սամվել Գրիգորյանի հետ դուետով ներկայանալու ծրագրեր ունի՞.«Տարիներ առաջ մեզ համար գրվել էր հենց հոր եւ դստեր մասին երգ։ Պետք է միասին ներկայացնեինք այն, բայց լուրջ չվերաբերվեցինք, այդպես էլ չձայնագրեցինք այդ գործը։ Երեւի պետք էր ծանոթ խառնել, որ մի բան ստացվեր (ծիծաղում է)։ Հիմա, երբ արդեն փոքր չեմ, երգը նույնությամբ կատարել չենք կարող, պետք է որոշ բառեր փոխել»,-պատմեց երգչուհին՝ չցանկանալով նշել, թե ով է երգի հեղինակը՝ փոխարենը հուշելով, որ նա արտասահմանցի է։
Նարեն, ով նշանադրվել է մոտ մեկ տարի առաջ, անձնական կյանքից խոսել չցանկացավ։ Իսկ հարցին, թե արդյոք սպասում է ամուսնությանը, պատասխանեց. «Սպասումներ, իհարկե, կան, բայց դրա մասին խոսելը դեռ վաղ է»։
Անի Անտոնյան