ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՆ ՕՐԵՆՔԻՑ ՎԵՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները չեն ցանկանում ընթացք տալ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին. խոսքը Նիկոլ Փաշինյան-Արտաշես Գեղամյան ծեծկռտուքի մասին էր: Դատելով ականատեսների պատմածից՝ Փաշինյանի վրա Գեղամյանի հարձակումը լիովին տեղավորվում էր ՀՀ քրեական օրենսգրքի շրջանակներում: Մինչդեռ իրավապահ համակարգը փորձում է աչք փակել կատարվածի վրա: Եւ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին գրավոր հարցում էր ուղարկել՝ փորձելով տեղեկանալ՝ թեեւ չկա մասնավոր գանգատ, այնուամենայնիվ, ի՞նչ է արել կամ ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ գլխավոր դատախազությունը միջադեպի մասին հրապարակված հայտարարությունների հիման վրա: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ կատարվածը կրում է մասնավոր հետապնդման գործի բնույթ, ուստի քրեական գործ պետք է հարուցվի միայն տուժողի բողոքի հիման վրա: «ՀՀ գլխավոր դատախազությունում մինչ օրս Ձեր մատնանշած ենթադրյալ միջադեպի մասնակիցներից քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ բողոք կամ հաղորդում չի ստացվել, ուստի դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ չի սկսվել»,-տեղեկացրել են: Մինչդեռ փաստաբան Հայկ Ալումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ իրավապահները պարտավոր էին գործին ընթացք տալ, այն էլ անհապաղ՝ առնվազն խուլիգանության հատկանիշներով:
Սակայն ՀՀ դատախազությունը ոչինչ չի արել, քանի որ հարձակման հեղինակն իշխող խմբակցությունից է, հետեւաբար՝ «անձեռնմխելի»:

 

 

 

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ միայն նախորդ խորհրդարանի գործունեության վերջին ամիսնեին, ԱԺ-ի հեռախոսային խոսակցությունների համար ծախսվել է ավելի քան 47.3 մլն դրամ կամ մոտ 100 հազար դոլար: Այդ գումարի զգալի մասը կազմում է ԱԺ պատգամավորների՝ ծառայողական բջջային հեռախոսակապի վարձավճարը: Քանի որ նրանք իրավունք ունեն օգտվելու նաեւ ռոումինգ ծառայությունից, արտերկրում գտնվելու օրերին օրենսդիրների մի մասն անխնա խոսել է հեռախոսով: Իսկ հսկայական գումարները վճարվել է պետական բյուջեից: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Թովմասյանը մշտապես աչք է փակել կատարվածի վրա, եւ ամեն ինչ բացահայտվել է ԱԺ ղեկավարության փոփոխությունից հետո: Համաձայնեք՝ թվերն իսկապես ապշեցնող են, եւ հիմա որոշում է կայացվել խիստ լիմիտներ սահմանել: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը երեկ հարցում է ուղարկել ԱԺ՝ փորձելով պարզել, թե այս ընթացքում ո՞վ է օգտվել ծառայողական բջջային հեռախոսակապից, եւ որքա՞ն գումար է վճարվել բյուջեից: Հուսանք՝ կպատասխանեն:

 

 

 

 

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պաշտոնեական դիրքն անխնա օգտագործում է՝ «Ռոստելեկոմ» ընկերությանը պետության հաշվին հարստանալու հնարավորություններ ստեղծելու համար: Սա պատահական չէ, քանի որ «Ռոստելեկոմ»-ը պատկանում է Վահան Մարտիրոսյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տարեսկզբին «Յուքոմ» ընկերությունը մասնակցել է նախարարության՝ հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգին, նույնիսկ ճանաչվել ընտրված մասնակից: Բայց գնման ընթացակարգ ստորագրելուց օրեր անց` փետրվարի 14-ին, նախարարությունն անհասկանալի պատճառներով հայտը չեղյալ է ճանաչել: «Յուքոմ»-ն էլ բողոք է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ, բայց ապարդյուն. մերժել են նրանց հայտը:

 

 

 

 

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանում շատ ու շատ խնդիրներ՝ տնտեսական, սոցիալական եւ կոռուպցիա, եւ այլն, պայմանավորված են Լեռնային Ղարաբաղի հարցի չկարգավորված լինելու հանգամանքով: «Ես կուզենայի, որ Հայաստանը կարողանար կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հասկանում եմ, որ դա դժվար գործ է՝ երկուստեք փոխզիջումներ է պահանջում», – ասել է նա։ Նկատենք՝ առաջին անգամը չէ, որ Միլսը նման հայտարարություն է անում. այս տարվա փետրվարին էլ նա ասել էր, թե «Լեռնային Ղարաբաղի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան, քանի որ դրա պատճառով փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների եւ մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն»։ Իսկ այս տարվա հունվարի սկզբին էլ Moody՚s միջազգային վարկանիշային կազմակերպությունը ԱՊՀ երկրների վերաբերյալ հաշվետվության մեջ նշել էր, թե ԼՂ հակամարտությունը բացասական ազդեցություն ունի ԱՊՀ երկրների տնտեսության վրա:

 

 

 

ՏԱՐԿԵՏՎԱԾՆԵՐԸ
ՊՆ հեղինակած «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը, դրանից, այնուամենայնիվ, օգտվելու դեպքում ժամկետային զինծառայությունը սահմանելով 3 տարի՝ դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել: Օրինագծին դեմ են ե՛ւ գիտական շրջանակները, ե՛ւ բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի զգալի մասը եւ ուսանողները: Ավելին՝ երեկվանից ուսանողները դասադուլ էին հայտարարել, եւ երբ խորհրդարանում քննարկվում էր նախագիծը, նրանք ԱԺ դարպասների մոտ բողոքի ցույց էին կազմակերպել:
Եթե այս նախագիծը պաշտպանում է Սերժ Սարգսյանը, միանգամայն նորմալ է. ի վերջո, նախօրեին նա բերեց սեփական օրինակը, երբ երկրորդ կուրսից զորակոչվել է բանակ, այնուհետեւ վերադարձել ու շարունակել է ուսումը:
Բայց անհասկանալի է, որ այս նախագիծը հեղինակել եւ խորհրդարանում երեկ կրծքով պաշտպանում էին մարդիկ, որոնք չեն ծառայել զինված ուժերում՝ օգտվելով հենց ուսումնառության նպատակով տարկետում ստանալու իրավունքից:
Եւ այսպես՝ ժամանակին ուսումնառության նպատակով տարկետում է ստացել այս նախագծի հեղինակը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. նա սկզբում ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ծառայության հյուսիսարեւմտյան ակադեմիան, հետո սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում, հետո ԱՄՆ-ում: Նույնկերպ տարկետում ստացել է ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ սովորելով ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, հետո ընդունվելով ասպիրանտուրա:
ՀՀ կառավարության անդամների, պատգամավորների, պաշտոնյաների զգալի մասը եւս չի ծառայել բանակում՝ հենց ուսումնառության նպատակով ստանալով տարկետում. այդպես են վարվել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Սամվել Ֆարմանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ էլի շատ-շատերը: Ու հիմա հետաքրքիր է՝ այսքանից հետո նրանք ինչպե՞ս են կողմ արտահայտվում այս օրինագծին: Թե՞, այնուամենայնիվ, իշխանական վերնախավում համոզված են, որ ինչ թույլատրված է եղել իրենց, արգելված է հասարակ մահկանացուների համար:
Չնայած, եթե հաշվի առնենք փաստը, որ նույն այդ անձինք ԶՈՒ-ում չծառայելով հանդերձ զինվորական պարգեւներ են ստացել, կարելի է այս ամենը հասկանալ: Ծուռ հայելիների թագավորության կանոնն այսպիսին է:

 




Լրահոս