ԵՍ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՉԵՄ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանը բավական կոշտ հայտարարություններ էր հնչեցրել: Չնայած իր ելույթի սկզբում Սերժ Սարգսյանը ընդգծել էր, թե խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ ոստիկանները վերահսկում են օպերատիվ իրավիճակը, սակայն դժգոհել էր ոստիկանության անգործությունից:

Սերժ Սարգսյանը շատ ավելի կոշտ է արտահայտվել հետախուզվող անձանց ժամանակին հայտնաբերելու անհրաժեշտության մասին եւ ընդգծել, թե բազմաթիվ են դեպքերը, երբ հետախուզման աշխատանքներն իրականացվում են խիստ ձեւական կամ փաստացի չեն իրականացվում, եւ արդյունքում նույնիսկ տարիներով իրենց տանը գտնվող հետախուզվողներին ոչ ոք չի անհանգստացնում: Ըստ էության, Սերժ Սարգսյանի դժգոհությունը չի վերաբերում միայն վերջին տարիներին, նախկինում եւս նման երեւույթներից զերծ չենք մնացել:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է, թե հաճախ հետախուզման աշխատանքները ձեւական են իրականացվում, որի հետեւանքով տասնյակ տարիներով հետախուզվողներին ոչ ոք չի անհանգստացնում: Ըստ էության, նրա քննադատությունները նաեւ Ձեզ են ուղղված: Դուք Ձեր մեղավորությունը տեսնո՞ւմ եք:
-Ես, ճիշտն ասած, թվերը չեմ հիշում, բայց որ բոլոր ժամանակներում էլ այդ խնդիրը եղել է, դա հաստատ է: Ես առանձնապես չեմ վիրավորվում, այնպես չէ, որ իմ աշխատած ժամանակ քննադատություն չի հնչել: Այդ ժամանակ էլ է եղել, ցանկացած ժամանակ Սերժ Սարգսյանը բնականաբար քննադատություն պարունակող ելույթներ է ունեցել: Դա շատ կարեւոր ու պարտադիր է, ինչու չէ՝ նաեւ ոստիկանության զգոնությունն են բարձրացնում, որպեսզի այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնեն: Եվ դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Համոզված եմ՝ նախագահի շեշտադրումից հետո հաջորդ տարի պատկերը լրիվ այլ կլինի, ուշադիր կլինեն, որ մյուս անգամ նախագահին զեկուցելու բան ունենան: Իմ կարծիքով՝ դա կարեւոր է, ես էլ չեմ վիրավորվում, եթե իմ ժամանակ էլ է եղել, ուրեմն ինձ էլ է նախազգուշացրել, հիմա ուղղակի չեմ հիշում, անցել է արդեն 7 տարի:
-Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է՝ եթե պայքար եւ դրական արդյունքներ կան, ապա ինչպես է պատահում, որ օրը ցերեկով, շատերի աչքի առջեւ հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ: Կիսո՞ւմ եք նրա մտահոգությունը:
-Ժամանակները մի քիչ փոխվել են, ոստիկանության աշխատաոճն էլ առաջվանը չի: Առաջ շատ ավելի խիստ էր, ստուգայցներ, շուրջկալներ, ամեն ինֆորմացիա նույնիսկ տեղին կամ անտեղի ստուգվում էր: Հիմա ե՛ւ պահանջում են, ե՛ւ մի փոքր սահմանները նեղացնում են ոստիկանության լիազորությունների, նրանք ավելի զգուշավոր պետք է լինեն լիազորությունների կատարման մեջ, որովհետեւ այսօրվա պահանջն է այդպես: Օրինակ՝ եվրոպական արժեքներ, եւ մեր ոստիկանները չեն կարող այդ ամեն ինչից զերծ մնան: Ժամանակներն են փոխվել, դրա հետ միշտ հաշվի նստեք: Ես հետին թվով չեմ ցանկանում այնպիսի բաներ ասել, որոնք արդիական չեն: Սերժ Սարգսյանը դրա համար լավն էլ էր ասում, բացթողումներն էլ մատնանշում: Այդպես նա ուշադրությունն էր գրավում ոստիկանության, որ փոխեն ոճը, տարբերակներ մտածեք, ոնց ուզում եք՝ աշխատեք, բայց խնդիրները պետք է լուծվեն:
-Բայց նա նշեց, թե շատ ժամանակ աշխատանքները ձեւական են կատարվում:
-Ես չգիտեմ, եթե նախագահը մի բան ասում է, ինքը բնականաբար ավելի տեղեկացված է, ավելի շատ է տիրապետում այդ նյութին: Ես զարմանալի բան չեմ տեսնում նրա քննադատության մեջ, շատ սպասելի էր: Այդ նույնը կարող եք նաեւ մյուս նախարարություններում լսել, որ նախագահը դիտողություններ է անում, նախազգուշացնում է, ժամկետներ է սահմանում եւ այլն: Իհարկե, այդպես էլ պետք է լինի:
-Ի վերջո, կոշտ չէի՞ն գնահատականները, հատկապես ճանապարհային ոստիկանությանն ուղղված: Սերժ Սարգսյանը նշել է, թե հաճախ ճանապարհային ոստիկանները լկտի վարքագիծ են դրսեւորում:
-Ինչ-որ միջադեպեր են եղել, նախագահը երեւի դրանք նկատի ուներ, որ այդ միջադեպերը հարկավոր է բացառել: Որպեսզի ռիսկերը նվազեն, կոռուպցիա չլինի, բայց մնացածը չեմ կարող որեւէ բան ասել, կամ էլ մեկնաբանելու բարոյական իրավունք ունեմ նախագահի խոսքը: Ուղղակի իմ կարծիքը հնչեցնում եմ, որ քննադատություն բոլոր ժամանակներում էլ եղել է, եւ հիմա էլ նախագահը ոչ մի սխալ բան չի ասել: Դեպքեր եղել են, բայց նախագահը չասաց, թե ճանապարհային ոստիկանությունն անգործության է մատնված կամ ոչինչ չի անում: Ո՞ր ոլորտում չկան թերություններ, մի տեղ ասեք. ցանկացած տեղ էլ թերություններ լինում են, կարեւորը դրանք շտկելն է, վերացնելը, որին էլ ուղղված է նախագահի խոսքը:

 

 

 

ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԲԱՆԱԿԸ ՀԵՏ ՊԱՀԵԼ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻՑ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ արական սեռի ներկայացուցիչները մինչեւ ասպիրանտուրա շարունակում են կրթությունը հիմնականում հենց զինվորական ծառայությունից խուսափելու համար:

-Պարո՛ն Նիկոյան, Ձեր ելույթում նշեցիք, թե այս «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը հնարավորություն կտա վերացնել կոռուպցիոն սխեմաները: Սակայն միեւնույն ժամանակ տեսակետ կա, թե տարկետման խստացմամբ էական վնաս է հասցվելու գիտությանը: Համակարծի՞ք եք:
-Առաջնային խնդիրը, որ լուծում է այս օրենքը, արդարության եւ հավասարության սկզբունքի ներդրումն է: Հասարակության մեջ կա այդ բողոքը, այդ խնդիրը, դահլիճում շատերը բողոքում, ասում են, որ մեր բանակը դարձել է բանվորագյուղացիական: Բոլորը քննադատել եւ ասել են, որ այդ տարկետումից հիմնականում օգտվում են իշխանավորների երեխաները, հիմա մենք ասում ենք, որ Ձեր ասածով բարեփոխում ենք եւ դնում ենք հավասարության սկզբունքը, որ բոլորը պետք է ծառայեն: Ինչ վերաբերում է գիտությանը վնաս հասցնելուն, ես մեկ օրինակ բերեմ. ուսումնասիրեք սպիրանտուրայի առկա ուսուցման սեռային պատկանելիությունը, միայն տղաներ են: Ինչի՞ համար է դա: Նայեք, դրանից հետո քանիսն են զբաղվել գիտությամբ: Ստացվում է, որ հաճախ այդ հարթակն օգտագործվում է ոչ թե գիտությամբ զբաղվելու, այլ բանակից խուսափելու համար:
-Իսկ համակարծի՞ք եք, որ այս օրենքով փորձ է արվում լուծել նաեւ ժողովրդագրական խնդիրներ:
-Անկեղծ ասած, դա ես երկրորդական եմ համարում: Այս օրենքն այդ խնդիրը չի լուծում: Ես չեմ կարծում, որ սա Ձեր ասած ժողովրդագրական խնդիրների լուծմանն է միտված լինելու: Ըստ էության նույն ռեսուրսն է, շատ բան չի փոխվելու:
-Սերժ Սարգսյանը նախօրեին նշեց, թե պետք է բանակի արդիականացման նոր ծրագիր մշակել, որպեսզի 7 տարի անց նոր որակի բանակ ունենանք: Ի՞նչ առաջնային խնդիրների մասին է խոսքը:
-Այս օրենքները, որ մենք բերում ենք, լուծման քայլերից մեկն է: Պետք է հնարավորություն տանք, օժանդակենք, որ դա զարգանա: Պետք է այնպես անել, որ հասարակության մեջ բարձրանա բանակի հանդեպ վստահությունը, այդպես կկարողանանք լուծել շատ խնդիրներ, այդ թվում` կանոնադրական հարաբերությունների հետ կապված` սկսած զինվոր-սպա, վերջացրած զինվորների փոխհարաբերություններից: Ամենակարեւորն այն է, որ պետք է կարողանանք բանակը հետ պահել փողոցային մտածելակերպից:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՉԻ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պաշտոնը ստանալուց հետո չի տեղափոխվել կառավարական ամառանոց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը նշեց, թե առանձնատուն տեղափոխվելու ցանկություն ԱԺ նախագահը չի հայտնել՝ գերադասելով ապրել իր տանը: Ինչպես հայտնի է՝ պետությունը բարձրաստիճան պաշտոնյաներին այդ ամառանոցում տարածք է հատկացրել, սակայն ոչ բոլոր պաշտոնյաներն են տեղափոխվում այնտեղ ապրելու: Նշենք, որ նախկին ԱԺ նախագահները՝ Հովիկ Աբրահամյանը, Սամվել Նիկոյանը, Գալուստ Սահակյանը եւս այնտեղ չեն ապրել: Այդ «հաճույքից» օգտվել են միայն Արթուր Բաղդասարյանն ու Տիգրան Թորոսյանը, ընդ որում՝ երկուսն էլ բնակարան ունեին մայրաքաղաքի կենտրոնում, այն էլ շքեղ բնակարան:

 

 

ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Ըստ մամուլի տեղեկությունների՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանի անվան հետ կապվող «Մեգո-Գոլդ» ընկերությունը դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարությանը եւ պահանջում է 100 միլիոն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն մոտ 100 միլիոն գումար է վճարել հարկային մարմնին, իսկ հիմա էլ ընկերության սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը պարտադրի ՀՀ ֆինանսների նախարարությանը ՀՀ պետական բյուջե վճարված 100 միլիոն դրամը հետ վերադարձնի «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին:

 

 

ԴԱՏԱՎՈՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ Է
Քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը պատուհաս է դարձել իրավապահ մարմինների համար: Բանն այն է, որ քրեական հեղինակության եղբոր սպանությունից անցել է շուրջ երեք տարի, եւ մինչ օրս Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը չի կարողանում որոշում կայացնել եւ գործով 3 տարի կալանքի տակ գտնվող Իսրայել Սարգսյանին ազատազրկման դատապարտել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեռես 2017 թվականի հունիսի 22-ին պետք է հրապարակվեր այս գործով վճիռը, սակայն դատավոր Բեկթաշյանը վճիռ չկայացրեց եւ կրկին դատաքննություն սկսեց եւ ահա երեկ դատավոր Բեկթաշյանը պետք է հրապարակեր վճիռը, բայց այս անգամ էլ «չհամաձրակվեց» որոշում կայացնել եւ կրկին դատաքննություն սկսեց:
Ու այսպես՝ արդեն երեք տարի է, ինչ սպանության գործով կալանավորված Իսրայել Սարգսյանն էլ հայտարարում է, որ նա չի սպանել Թեւոս Սաֆարյանի եղբորը, եւ ըստ ամենայնի դատարանն էլ տեսնում է այդ ամենը, բայց ինչ-որ կաշկանդող բան ունի՝ արդարացման վճիռ կայացնելու հարցում:




Լրահոս