ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱՆՑԵՑ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի «Ելք» խմբկացության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առավոտյան խորհրդարանի միջանցքում իրեն բռունցքներով հարվածել է Հայաստանի հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը. «ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա: Հաջողությամբ պաշտպանվեցի»:

Արտաշես Գեղամյանը հերքել էր տեղեկությունը՝ ասելով, որ եթե ինքը հարվածած լիներ, Նիկոլ Փաշինյանը կլիներ հիվանդանոցում. «Ընդունենք՝ միջադեպ ա, եղել ա, չորս տարի էդ մարդու հետ հլը աշխատելու ենք, ինչի՞ եք բորբոքում։ Եթե ես որեւէ մեկի նկատմամբ բռունցքներով հարձակում գործեի, հավատացնում եմ ձեզ, այդ անձը հիվանդանոցում կհայտնվեր։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել էր այդ միջադեպին ծայրից ծայր ականատես եղած անձի հետ, որը, սակայն, խնդրել էր իր անունը չհրապարակել: Նա պատմել էր, թե ինչպես են զարգացել իրադարձությունները. «Արշատես Գեղամյանը, երբ ԱԺ դահլիճից դուրս եկավ, միջանցքում գործընկերներից մեկի մոտ անկեղծացել է, թե ապե՛ր, իմ մասին երբ խոսում են դահլիճում, կաշկանդվում եմ, բայց դրանց որտեղ բռնել եմ, մի մութ տեղ, սպանելու եմ, ընենց եմ ծեծելու, շան սատակ անելու: Մեկ էլ էդ րոպեին էն Ավետիս Բաբաջանյանը (խոսքը լրագրող Ավետիս Բաբաջանյանի մասին է) ասեց, թե հեն ա Նիկոլը, եկավ բուֆետի կողմ: Գեղամյանը հետ ֆռաց ու շտապեց նրա հետեւից: Մի հատ տվեց Նիկոլին, Նիկոլը թեքվեց՝ վայ արա, էս ինչ ես անում, ուզում ես ձեռ-մեռ քցես: Մեկ էլ Գեղամյանը՝ քացով…: էդ ոնց էր գալիս, թռնում ոտով… լավ է՝ չընգավ, մեծ մարդ էր…: Առանց կատակի, մի 5 -6 րոպե իրար է՛լ բոքս, է՛լ ճլոտի, է՛լ քացով, էն որ հիմա բոքսեր են ցույց տալիս՝ բոյ բեզ պրավիլ, ա՛յ, այդպես բոյ էր գնում: Նիկոլն էլ ակտիվ պատասխան հարվածներ էր հասցնում ոտով, ձեռքերով»:
Նկարագրվածը ոչ այլ ինչ է, քան նախ՝ խուլիգանություն, ապա՝ ուրիշի նկատմամբ բռնության գործադրում: Սակայն ՀՀ իրավապահները ձկան նման լռում են:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված գրավոր հարցման միջոցով հետաքրքրվեց. անկախ այն հանգամանքից՝ կա՞ մասնավոր գանգատ, թե՞ ոչ, եղել է հրապարակային հայտարարություն, որ պատգամավորին բռունցքներով հարվածել են: Ի՞նչ է արել կամ ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակված հայտարարության հիման վրա:
Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են. «Խնդրո առարկա միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներով տարածված հրապարակումների ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ այն կրում է մասնավոր հետապնդման գործի բնույթ, ուստի եւ ներառված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված՝ տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի շարքում:
ՀՀ գլխավոր դատախազությունում մինչ օրս Ձեր մատնանշած ենթադրյալ միջադեպի մասնակիցներից քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ բողոք կամ հաղորդում չի ստացվել, ուստի դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ չի սկսվել»:
Որքանո՞վ է օրինական դատախազության պահվածքը:
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց պրոֆեսիոնալ փաստաբան Հայկ Ալումյանի հետ: Նա անմիջապես հայտարարեց, թե չի կարելի իրավաբանությունն այս աստիճան ոտնատակ տալ եւ օրենքով մանիպուլյացիաներ անելով՝ ճշմարտանման պատասխան ներկայացնել. «Եթե սա լիներ մի հասարակ շարքային մարդու դեպքում, օրինակ՝ դուք գնաք եւ հենց այդ նույն վայրում, որտեղ եղել է երկու պատգամավորների վիճաբանությունը, մի պատգամավորի բռունցքով հարվածեք, քացով խփեք, մի հատ էլ հայհոյեք, կտեսնենք, թե ինչպես համապատասխան ընթացք կտան, քրեական գործ կհարուցեն եւ նյութեր կնախապատրաստեն: Սակայն Արտաշես Գեղամյանի դեպքում այլ է եղել: Ընթացք չեն տվել: Մինչդեռ առնվազն խուլիգանության հատկանիշներով քրեական գործ պետք է հարուցվեր, նյութեր նախապատրաստվեին: Կարծում եմ՝ պետք է անպայման քրեական գործ հարուցվեր»:
Բայց քանի որ Արտաշես Գեղամյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է «անփորձանք ապրել» եւ ոտնատակ տալ ՀՀ քրեական օրենսգիրքը: Ու ստացվում է, որ եթե ՀՀԿ-ականն է հայհոյում, «օրհնանք է», իսկ երբ հարվածում է՝ «մարմնի մեղմ գուրգուրանք»: Իսկապես որ ապրում ենք «ծուռ հայելիների թագավորությունում»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՊՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՇՈՒՐՋ
Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձանց կողմից վերցվող կաշառքի ամենատարբեր դրսեւորումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռուբեն Մանուչարյանը, լինելով ՀՀ ՊՆ Ն զորամասում պաշտոնատար անձ, զորամասի պայմանագրային զինծառայող Հայկ Խոսրովյանի անգործությունը պարտակելու համար նրանից յուրաքանչյուր ամիս գումար է պահանջել:
Դեպքով սկսել են զբաղվել իրավապահները: Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի՝ 2016 դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ զորամասում պաշտոնատար անձ Ռուբեն Մանուչարյանը Հայկ Խոսրովյանին այլ պահանջներ է ներկայացրել, որ նա կատարի: Մասնավորապես Խոսրովյանից զորամասի անձնակազմին տեղափոխող ավտոմեքենայի համար 4 հատ ձմեռային անվադող է ուզել, ինչը 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Խոսրովյանը կատարել է եւ 117 հազար դրամ ընդհանուր արժողությամբ 4 հատ անվադողեր է տրամադրել:
Իրավապահները բացահայտել են նաեւ, որ ՀՀ ՊՆ զորամասի պաշտոնյա Ռուբեն Մանուչարյանը նաեւ Ռոբերտ Զաքարյանի ՝ ՊՆ զորամասում պայմանագրային զինվորական ծառայության նշանակելու գործում հրաման արձակելու համար Ռոբերտ Զաքարյանից պահանջել եւ ստացել է 250 հազար դրամ գումար:
Ասել է, թե զորամասում պայմանագրային զինծառայողները անգործության են մատնված, եւ պաշտոնատար անձինք համապատասխան գումարի դիմաց աչք են փակում այդ հանգամանքի վրա:
Ու հիմա պարզվում է, որ ՀՀ ՊՆ զորամասի պաշտոնյա Ռուբեն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` կաշառք ստանալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:
Իսկ ահա պայմանագրային զինծառայողներ Ռոբերտ Զաքարյանին եւ Հայկ Խոսրովյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի` կաշառք տալու, հատկանիշներով: Նրանց նկատմամբ եւս խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱԿԱՆԱՆԵՏՆԵՐ Է ԿԻՐԱՌԵԼ
Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսեւորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի՝ կիրառելով նաեւ ականանետներ: Մասնավորապես Մարտակերտի եւ Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետներից արձակել է 23 արկ: Արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որեւէ կորուստ չեն կրել: Երեկոյան եւ գիշերվա ընթացքում իրադրությունը հանգիստ է եղել: ՊԲ հերթապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են աչալրջորեն վերահսկել իրավիճակը:

 

 

ԴԱՍԱԴՈՒԼ ԵՊՀ-ՈՒՄ
Երեւանի պետական համալսարանի մի քանի ֆակուլտետների ուսանողներ դասադուլ են հայտարարել եւ հրաժարվել են ներկայանալ դասերին. պատճառն անգլերենի դասաժամերի կրճատումն է եղել: Ֆակուլտետները, որտեղ անգլերենն ուսուցանում են մոտ երկու կիսամյակ, նոր որոշումով դասաժամերը կրճատվել եւ դարձել են մեկ կիսամյակ: Այս հարցով ArmLur.am-ը դիմել է մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանին, որն ի պատասխան հարցի՝ մեկնաբանեց, որ 10-20 ուսանող բացականչել է դասադուլ, ապա գնացել դասի: Ըստ նրա՝ իրավիճակը հանգիստ է եղել, դասընթացը նորմալ հունով ընթացել է: Ինչ վերաբերում է անգլերենի դասաժամերի կրճատմանը, մեր զրուցակիցը հերքել է տեղեկությունը:

 

 

ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ
Ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի ստեղծագործելու իրավունքը խախտված է: Նրա խոսքով՝ գտնվելով անազատության մեջ՝ Ա. Պետրոսյանը չի կարողանում իրացնել իր ստեղծագործելու իրավունքը: Նրան արգելում են, որ իր մոտ ունենա ստեղծագործելու համար մի շարք պարագաներ, ընդ որում, դրանք այնպիսի պարագաներ են, որոնք արգելված չեն: Փաստաբանը նշել է, որ քրեակատարողական օրենսգրքով խրախուսվում է հատկապես անազատության մեջ գտնվող անձանց ստեղծագործելու զբաղվածությունը. «Օրենսգրքով դա խրախուսվում է, իսկ այդ կանոնակարգն անգամ արգելում է երաժշտական գործիքներ ունենալ: Ինչպե՞ս պետք է անձը ստեղծագործի, երբ նա երաժիշտ է ու երաժշտական գործիք չի կարող ունենալ, կամ նկարիչ է ու չի կարող մատիտներ ու գունավոր գրիչներ ունենալ»: Ա. Պապիկյանը բողոք-դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին:

 

 

ԿՈՐԵԼ Է
Հոկտեմբերի 24-ին Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ համայնքի բնակիչ Վ. Հ.-ն տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Ըստ հարազատների՝ Վ.Հ.-ն տառապում է սկլերոզ հիվանդությամբ: Ասկերանի ՀՓՄ-ին կից Սարուշենի ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են Կարմիր գյուղ համայնքի տարածք՝ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

 




Լրահոս