«ՅՈՒՔՈՄԸ» ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱՐԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուքոմ» ընկերությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ին եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դեմ բողոք ներկայացրել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Յուքոմ» ընկերությունը մասնակցել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգին:
Իսկ գնահատող հանձնաժողովը հասատատել է, որ «Յուքոմ» ընկերության ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են հրավերի պահանջներին: Ինչի արդյունքում էլ գնահատող հանձնաժողովը ընկերությանը ճանաչել է ընտրված մասնակից եւ որոշել է ներկայացնել առաջարկ` պայմանագիր կնքելու համար: Եւ պատվիրատուն` այս դեպքում ՏԿՏՏՆ-ն, այս տարվա փետրվարի 7-ին «Յուքոմ»-ին հայտնել է, որ վերջինս ճանաչվել է ընտրված մասնակից, ներկայացրել է հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերման պայմանագրի նախագիծը ու առաջարկել է հինգ օրվա ընթացքում կնքել այն: «Յուքոմ»-ը իր հերթին ստորագրել է գնման ընթացակարգի պայմանագիրը եւ փոխանցել այն նախարարությանը: Բայց «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գնման ընթացակարգի ստորագրելուց օրեր անց` փետրվարի 14-ին, անհասկանալի պատճառներով պատվիրատուն անհիմն կարգով հայտը չեղյալ է ճանաչել:
Ըստ «Յուքոմ» ընկերության` հայտի անհիմն չեղյալ համարելը պատվիրատուն փորձել է բացատրել նրանով, որ իբրեւ թե արձանագրվել է խախտում, ըստ որի` ընկերության կողմից ստորագրված պայմանագրում բացակայում են սարքերի անվանումները եւ տեխնիկական բնութագրերը: Բայց «Յուքոմ»-ը գնումների աջակցման կենտրոն ներկայացրած իր բողոքում պնդում է, որ հրավերի մեջ չի եղել սարքերի հստակ նկարագրության որեւէ պահանջ:
Այս ամենի արդյունքում ընկերությունը գտնում է, որ գնահատող հանձնաժողովը թույլ է տվել ինքնիրավչություն եւ առանց որեւէ հիմնավորման եւ համապատասխան իրավասության գնման առարկան որակել է իբրեւ ոչ հստակ: Մյուս կողմից «Յուքոմ»-ը պնդում է, որ ստացել է պատվիրատուի կողմից ներկայացված պայմանագրի նախագիծը եւ ստորագրել այն: Մինչդեռ մինչ այն ստորագրելը, պատվիրատուն կարող էր փոփոխություններ կատարել գնման առարկայում, եթե վերջինս իր կարծիքով հստակ չէր: Սակայն այս դեպքում նախարարությունը չի օգտվել իր այդ իրավունքից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գնումների աջակցման կենտրոնը մարտի 27-ին դիմել է ՏԿՏՏՆ եւ խնդրել է կարծիք տալ «Յուքոմ»-ի կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ:
Ապա ապրիլի 4-ին նախարարությունը գրությամբ հայտնել է, որ տեխնիկական սարքավորումները անհրաժեշտ էին տաքսիների լիցենզիաների վերահսկողության աշխատանքների կազմակերպման համար, ինչը պետք է իրականացվեր պլանշետների միջոցով: Սակայն գնման ընթացակարգի հրավերում գնման առարկայի տեխնիկական բնութագրում պլանշետներ նախատեսված չէին, եւ այլ սարքավորումներ առաջարկելու դեպքում հնարավոր չէր լինի կատարել վերը նշված աշխատանքները, եւ կառաջանար գնի էական տարբերություն: Այսինքն՝ չէին պահպանվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջները:
Իսկ «Յուքոմ» ընկերության բողոքում նշված է, որ իրենց կողմից գնային առաջարկը ներկայացվել է հրավերի պահանջներին ամբողջությամբ համապատասխան: Ընկերությունը համարում է, որ ձեռքբերվող հեռախոսակապի ծառայությունների նկարագրությունը ամբողջությամբ եւ հստակ տրված է եղել համապատասխան գնման հրավերով եւ պարզապես չէր կարող այլընտրանքային մեկնաբանության տեղիք տալ:
Բայց չնայած սրան` գնումների բողոքարկման խորհուրդը մերժել է «Յուքոմ»-ի ներկայացրած բողքը: Խորհուրդը գտել է, որ պատվիրատուի կողմից հրավերով սահմանվել էր գնման առարկայի այնպիսի բնութագիր, որը կհանգեցներ պատվիրատուի համար գնման գործընթացի անարդյունավետ եւ անօգտավետ իրականացմանը: Քանի որ տվյալ դեպքում գնման առարկայի բնութագրերով ամբողջությամբ եւ հստակ չէին նկարագրվել ձեռքբերվող ապրանքի եւ ծառայության հատկանիշները: Ըստ խորհուրդի` տեխնիկական սարքավորումները անհրաժեշտ էին վերահսկողության աշխատանքների կազմակերպման համար, ինչը պետք է իրականացվեր պլանշետների միջոցով, սակայն ընթացակարգի հրավերում պլանշետներ նախատեսված չէին:
Նշենք, որ «Յուքոմ» ընկերության եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ջրերը մի առվով չեն հոսում: Ըստ որոշ տեղեկութունների` երկու կողմերի միջեւ այս «լուռ հակամարտությունը» սկսվել է Վահան Մարտիրոսյանի՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակվելուց հետո: Չէ՞ որ Վահան Մարտիրոսյանը «Յուքոմ»-ի մրցակից համարվող «Ռոստելեկոմի» հիմնադիրն է: Իսկ «Յուքոմ»-ի մի մասի բաժնետերը, ըստ որոշ տեղեկութունների, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Տաշիր» ընկերության մաս կազմող «Ֆորա բանկ»-ը պատրաստվում է գնել «Յուքոմի» բաժնետոմսերի 11.2 տոկոսը: Իսկ «Տաշիր»-ին իրենց բաժնեմասերից վաճառել են ընկերության սեփականատերերից Արամ, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները: Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներն են, Արամ Խաչատրյանը` եղբորորդին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԿԿՐՃԱՏՎԻ ՄՈՏ 5.5 ՀԱԶԱՐՈՎ
2017թ. պետական համակարգի աշխատակիցների թիվը կազմել է 144.113 մարդ. 2018թ. այդ թիվը կկազմի 138.549, այսինքն՝ պետական համակարգի աշխատակիցների թիվը կկրճատվի մոտ 5.5 հազարով: Ի դեպ, կրճատումներ սպասվում են բոլոր ոլորտներում՝ բացառությամբ գիտության ոլորտի (ներառված չեն պաշտպանության, ոստիկանության եւ ազգային անվտանգության տվյալները):
Ամենամեծ թվով աշխատատեղերի կրճատում նախատեսվում է կրթության ոլորտում. այստեղ աշխատող բյուջետային աշխատողների թիվը կնվազի 2797-ով կամ 4.2%-ով: Տոկոսային առումով ամենամեծ կրճատումը կլինի առողջապահության ոլորտում (4.6%-ով):
Պետական կառավարման ապարատի աշխատակազմը կկրճատվի 777-ով՝ 19.221-ից հասնելով 18.444-ի:
Նշենք, որ կրճատումների արդյունքում պետական բյուջեից աշխատավարձ ստացողների թիվը 2018թ. կկազմի 138.549: Ամենամեծ թվով աշխատակիցները ներգրավված են կրթության ոլորտում՝ 63.612 մարդ, որին հաջորդում են առողջապահության ոլորտը եւ կառավարման ապարատը:
Ավելացնենք, որ պետական համակարգի աշխատակիցների թվի կրճատման արդյունքում պետբյուջեից վճարվող աշխատավարձի ընդհանուր ֆոնդը կնվազի 3 մլրդ դրամով: Եթե 2017թ. բյուջետային աշխատողների աշխատավարձային ֆոնդը 246.5 մլրդ դրամ է, 2018թ. այդ թիվը կկազմի 243.5 մլրդ դրամ:

 

 

 

ՄԻԱՅՆ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով հայկական զինված ուժերում ծառայող սպաները ծառայության ընթացքում մեկ անգամ կկարողանան օգտվել Հայաստանում գործող հիփոթեքային բոլոր առաջարկներից շատ ավելի լավ պայմաններով հիփոթեքային ծրագրից: «Այստեղ հաշվարկն այնպիսին է, որ սպան ծրագրից օգտվելու դեպքում միայն մայր գումարն է մարելու, որովհետեւ տոկոսները սուբսիդավորվելու են պետության կողմից եւ եկամտահարկի վերադարձի միջոցով: Սպան 20 տարվա ընթացքում մարելու է միայն մայր գումարը, ընդ որում, մայր գումարի միայն 90 տոկոսը, որովհետեւ 10 տոկոս կանխավճարը հատուցելու է պաշտպանության նախարարությունը իր ելքային նպաստի հաշվին»,-ասել է նախարարը:
Ըստ Վ. Սարգսյանի՝ սա մինչեւ հիմա ամենամատչելի հիփոթեքային ծրագիրն է, որը երաշխավորելու է, որ ծրագրին միանալու երրորդ-չորրորդ տարում սպան արդեն ունենալու է բնակարան եւ կարողանալու է այն լիարժեք տնօրինել:
«Եթե սպան այլ վայրում է ծառայում, կարող է այդ բնակարանը վարձով տրամադրել եւ այդ գումարով մարել վարկի մայր գումարը»,-ասել է նա:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երեկ, երբ խորհրդարանում քննարկվում էր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագիծը, պետհամալսարանի մոտավորապես մեկ տասնյակ ուսանողներ խորհրդարանի շենքի մոտ ցույց էին անում: Նրանք պահանջում էին, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իրենց հետ հանդիպի:
Ուսանողները նախատեսում են ստորագրահավաք՝ համալսարանում դասադուլներ եւ բողոքի լայնածավալ ցույցեր սկսելու համար: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի փոխանցմամբ՝ իրենք վրդովված են, որ նախ ՀՀ կրթության եւ գիտության նախարարն է հայտարարել, թե հանդիպել է ուսանողներին, ապա՝ պաշտպանության նախարարը:
Նրանք պնդում են, որ նախարարները ուսանողների հետ չեն հանդիպել: Ուսանողները խնդիր են համարում տարկետման կարգում նախատեսվող փոփոխությունները:
Նրանց փոխանցնամբ՝ «Պատիվ ունեմ», «Ազգ-բանակ» ծրագրերը ներկայացնելիս՝ տարկետման՝ ինստիտուտում նախատեսվող փոփոխությունների մասին չի հայտարարվել: Իրենց հետ համամիտ են եղել նաեւ պետհամալսարանի չորս դեկաններ, որոնք միացել են ստորագրահավաքին:

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ
2017թ. հունվար-սեպտեմբերի գնաճը չի շրջանցել նաեւ առողջապահության ոլորտը. այստեղ ծառայությունների համար գները բարձրացել են 2 տոկոսով: Ըստ պաշտոնական տվյալների՝ դեղագործական ապրանքները, բժշկական սարքավորումները թանկացել են 1,3 տոկոս: Շատ ավելի թանկացել են բժշկական ծառայութունները՝ 3,2 տոկոս, ամբուլատոր ծառայությունները՝ 3,1 տոկոս, հիվանդանոցային ծառայությունները՝ 2,4 տոկոս, ստոմատոլոգիական ծառայությունները՝ 0,6 տոկոս, օժանդակ բժշկական ծառայությունները՝ 4,8 տոկոս, եւ վերջապես բժշկական ծառայությունները՝ 4,8 տոկոս:

 




Լրահոս