Այսօր լրացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության տասնութերորդ տարելիցը: Ոճրագործություն, որի հետեւանքներն առ այսօր չեն հաղթահարվել, եւ որի վերքերը չեն սպիացել: Ոճրագործություն, որը տասնյակ տարիներով ետ գցեց Հայաստանի զարգացումը՝ նպաստելով երկրում բռնատիրության հաստատմանը: Եւ այսօր՝ 1999-ի սահմռկեցուցիչ դեպքերից տասնութ տարի անց, դեռեւս հնչում է նույն արդիական հարցը: Հնչում եւ պատասխան չի ստանում. ովքե՞ր էին կանգնած հոկտեմբերի 27-ի ոճրագործության թիկունքում, ովքե՞ր էին պատվիրատուները, եւ ինչո՞ւ խորհրդարանում գնդակահարվեց իշխանական էլիտան:
Հայաստանի կառավարությունն այս տարվա օգոստոսին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ստեղծած «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին առաջիկայում տարածք է տրամադրելու: Բայց այս տնտեսական գոտուց բացի՝ առաջիկայում հարեւանությամբ ստեղծվելու է եւս մեկը, որը ծրագրված էր վաղուց. այդ գոտու սեփականատերերից մեկը ՀՀ առեւտրի արդյունաբերական պալատն է, մյուսը՝ կառավարությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու միտքը եղել է վաղուց՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք: Ավելին` Աբրահամյանն իր վարչապետության օրոք նույնիսկ այցելել էր Մեղրիի տարածաշրջանի այն հատվածը, որտեղ նախատեսվում է ստեղծել: Ու, փաստորեն, ՀՀ վարչապետը նախորդ պայմանավորվածությունները կատարելու փոխարեն մեկ այլ ազատ առեւտրի գոտի է ստեղծում՝ կառավարության 100 տոկոս մասնաբաժնով: Սա, թերեւս, զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ երկու դեպքում էլ սեփականատերը պետությունն է, եւ անհասկանալի է այս մրցակցությունը ստեղծելը:
Պարզվում է՝ Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը Երեւանից ուղղաթիռով է գնում աշխատանքի՝ շաբաթը մեկ-երկու անգամ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման ուշագրավ բացահայտումներ է արել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: «Նա մեկ տարվա ընթացքում կիսով չափ արձակուրդում է եղել, մարզպետարան աշխատանքի չի ներկայացել: Ֆիզարձակուրդ գնացող կինը մոտավորապես այդքան է գնում: Դա նշանակում է, որ նա ֆիզարձակուրդ գնացող կնոջ տեղն է իրեն դրել: Վարչապետն ասում է` ես պարտադրել եմ, որ բոլոր նախարարները շաբաթ օրը աշխատեն, բայց մարզպետն աշխատանքի ընդհանրապես չի գալիս, հիմա էլ պարզվում է` ուղղաթիռով է գալիս: Ոչ մի մարզպետ երբեւէ իրեն թույլ չի տվել այդ շրջանառությունը: Մեկն ասում է` դա արժե մոտավորապես 800 հազար դրամ, իսկ մեկ այլ քաջատեղյակ անձ նշեց, թե 1 մլն 250 հազար դրամ է: Համոզված եմ, որ ինքը չի կառավարում Սյունիքը: Ղեկավարում է Էլիզաբեթ անունով մեկը»,- ասել է նա:
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանել է, որ իրենց «բարեփոխումները» մնացել են թղթի վրա: «Մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները գնում են, տեղերում իրագործվում է մի մասը կա՛մ ոչ լիարժեք, կա՛մ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացմամբ»,- ասել է նա: Փաստորեն, Կարեն Կարապետյանն ասել է այն, ինչի մասին խոսվում էր տեւական ժամանակ: Միայն թե հետաքրքիր է՝ ինչու է հիմա նման հայտարարություն անում. չէ՞ որ ընդամենը վերջերս կառավարության անդամները փորձում էին մարդկանց համոզել, թե իրենց որդեգրած տնտեսական զարգացման մոդելն արդարացնում է, եւ որ իրենք աննախադեպ հաջողություններ են գրանցում: Թե՞ տնտեսական վերջին ցուցանիշների հրապարակմամբ, երբ պարզ դարձավ, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին աճի տեմպերը նկատելիորեն դանդաղել են, բացվեցին վարչապետի աչքերը:
ԿԱՐՈՂ Է ԵՎ ՉՍՏՈՐԱԳՐԵ՞Ն
ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը կարծես կրկին հարցականի տակ է: Համենայն դեպս, կան նման կասկածներ՝ չնայած այն բանին, որ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակեց համաձայնագրի ոչ պաշտոնական թարգմանությունը:
Երեկ, երբ ԵՄ-Հայաստան համաձայնագրի վերաբերյալ քննարկումների ժամանակ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին հարցրին՝ ի վերջո, նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ կստորագրվի՞ փաստաթուղթը, թե՞ ոչ, նա հստակ պատասխան չի տվել, բայց եւ ակնարկել է. «Շատ կարեւոր է խաղալ խաղը մինչեւ եզրափակիչ սուլոցը, որը կտրվի նոյեմբերի 24-ին»: Մյուս կողմից Աշոտյանը նշել է, թե պետք չի գերագնահատել այդ փաստաթուղթը. «Գեղեցիկ է ստորագրվելիք փաստաթուղթը եւ կարեւոր է, բայց ավելորդ լուսավորություն, փայլեր եւ բան հաղորդելը, Christmas Tree /տոնածառ/ սարքելը նույնպես, կարծում եմ, ճիշտ չէ: Որովհետեւ մեծացնում ենք նաեւ ակնկալիքները մեզանով, որոնք հետո չեն բավարարվելու, եւ ասենք՝ եվրոպական ուղղությունը տապալվեց»:
Նկատենք՝ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը «տոնածառ սարքողներից» մեկն էլ հենց իշխանությունն է եղել, եւ մինչեւ վերջերս ՀՀԿ-ի «եվրոպականացված» հատվածն առանձնահատուկ պատկառանքով էր խոսում այդ փաստաթղթի մասին: Մինչդեռ հիմա Աշոտյանը կոչ է անում մեծ ակնկալիքներ չունենալ: Իսկ իշխանությունների՝ տոնայնության նման փոփոխությունն ինքնին լուրջ կասկածների տեղիք է տալիս: Առավել եւս, երբ մյուս կողմից էլ խոսվում է այն մասին, որ ԵՄ անդամ երկրները, որոնք առանձին-առանձին իրենց խորհրդարաններում հաստատելու են այս համաձայնագիրը, կարող է՝ ձգձգեն գործընթացը: Ասել է, թե իշխանությունները հասարակական կարծիքը կամաց-կամաց սկսել են նախապատրաստել իրադարձությունների կտրուկ շրջադարձի: Չնայած, հիշեցնենք, այս տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանը «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը չստորագրելու որեւէ պատճառ չունենք: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ նույն հավաքի ժամանակ իր հերթին էր պնդել, թե ՀՀ-ն գնում է փաստաթղթի ստորագրման. «Հնարավո՞ր է, որ զարգացումներն այնպիսին լինեն, որ չստորագրվի, այս պահին չեմ տեսնում, բայց դա մի պրոցես է, որը բանակցություններ են, այդ իսկ պատճառով հաստատակամ գնո՞ւմ ենք, թե՞ չէ, շատ հաստատակամ գնում ենք»։