ՎԱՐՉԱՊԵՏԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԾՐԱԳՐԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԹՂԹԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Կարապետյանի կառավարությունը պատմության մեջ կմնա որպես ամենաշատ ծրագրեր ու հայեցակարգեր հեղինակած պետական մարմին: Ճիշտ է՝ այդ ծրագրերի մեծ մասն ուղղակի «ջուր է». դրանք գրվել են գրվելու համար ու կմնան օդում կախված: Բայց կարեւորը՝ կառավարությունը փորձում է բոլորին համոզել, թե «հուպ տված», քրտնաջան աշխատում է: Ու ոչինչ, որ այդ աշխատանքի պտուղները չեն երեւում. արդարացումներ միշտ էլ կգտնվեն: Ավելի ճիշտ՝ արդարացումներն արդեն կան. երեկ դրանք փորձում էր ներկայացնել վարչապետը՝ ընդ որում, խոստովանելով անգամ՝ իրենց «բարեփոխումները» մնացել են թղթի վրա:

Կառավարության նիստում Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված 2017 թվականի ընթացքում ծրագրավորվել եւ ընթացքում են գտնվում մի շարք միջոցառումներ։ Նշված օրենսդրական եւ գործնական միջոցառումներից մի քանիսն արդեն իսկ իրագործվել են։ Սակայն մարդկանց որոշ հատվածը դրանց վերաբերյալ տեղեկացված չէ, որոշ գործարարներին դրանք պատշաճ չեն ներկայացվել, գրանցվել են սպասարկման որակի խնդիրներ եւ այլն …Մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները գնում են, տեղերում իրագործվում է մի մասը կա՛մ ոչ լիարժեք, կա՛մ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացմամբ»: Հետո նա հանձնարարել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին համագործակցել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» հետ, երկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ «գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության թե՛ կարճաժամկետ եւ թե՛ երկարաժամկետ միջոցառումների փաստացի, ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարածման օբյեկտիվ ցուցիչների կազմման եւ մոնիթորինգի համակարգի գործարկման վերաբերյալ»:
Փաստորեն, Կարեն Կարապետյանը խոստովանել է այն, ինչի մասին խոսվում էր տեւական ժամանակ. գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության միջոցառումներն այդպես էլ մնացել են թղթի վրա: Բայց այս ամենի պատճառն ամենեւին էլ գործարարների եւ բնակչության մոտ տեղեկացվածության պակասը չէ, ինչպես երեկ համոզում էր վարչապետը: Ընդհակառակը, գործարարները բավական ուշադիր հետեւում են ոլորտում փոփոխություններին:
Պարզապես կառավարության ծրագրերը որեւէ առնչություն չունեն իրականության հետ, շարադրված են երկրի քաղաքական-տնտեսական վիճակի մասին պրիմիտիվ պատկերացումներով եւ ավելի շատ հիշեցնում են բարի ցանկությունների մատյան:
Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանում տնտեսական պրոբլեմներն անքակտելիորեն շաղկապված են քաղաքական խնդիրների հետ: Եւ տնտեսության մեջ լուրջ տեղաշարժեր ակնկալել կարելի է միայն քաղաքական խնդիրները լուծելուց հետո:
Այլ կերպ ասած՝ քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը, քանի դեռ Հայաստանը չի կարգավորել հարաբերությունները հարեւան երկրների հետ, այլ շարունակում է գտնվել երկկողմանի շրջափակման մեջ, քանի դեռ տնտեսությունը մոնոպոլիզացված է, երկրում արմատացած է կոռուպցիան, դատական համակարգն անկախ չէ, բացակայում է արդարադատությունը, իսկ բնակչությունը՝ արտագաղթում, տնտեսության մեջ լուրջ փոփոխություններ ակնկալելն անիմաստ է: Եւ սա մենք չենք ասում, այս մասին խոսել են աշխարհահռչակ տնտեսագետները, այդ թվում՝ հայազգի Տարոն Աճեմօղլուն:
Մինչ այդ, սակայն, հետաքրքիր էր Կարեն Կարապետյանի ինքնախոստովանական հայտարարություններով հանդես գալու փաստը: Չէ՞ որ ընդամենը վերջերս կառավարության անդամները փորձում էին մարդկանց համոզել, թե իրենց որդեգրած տնտեսական զարգացման մոդելն արդարացնում է, եւ որ իրենք աննախադեպ հաջողություններ են գրանցում: Մինչդեռ հիմա Կարեն Կարապետյանն այնքան էլ լավատես չէ: Միգուցե տնտեսական վերջին ցուցանիշները բացել են նրա աչքերը, երբ պարզ դարձավ, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին աճի տեմպերը նկատելիորեն դանդաղել են: Միգուցե իշխանության ներսում սկսվել են «ռազբորկաները», եւ հիմա Կարապետյանը փորձում է ցույց տալ, թե տիրապետում է իրավիճակին: Ամեն դեպքում, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

ՉԾԱՌԱՅԱԾՆԵՐԸ
Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակումներ ենթադրող օրենսդրական նախագիծը: Ավելին՝ խորհրդարանում իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները միմյանց «երեսով էին տալիս» բանակում չծառայելու հանգամանքը: Եւ ահա, այս ամենի համատեքստում հետաքրքրական մեկ փաստ եւս. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տարկետման իրավունքից օգտվել ու ժամկետային զինծառայություն չեն անցել նաեւ ՍԴ անդամ Կիմ Բալայանի երկու որդիները, որոնք այսօր աշխատում են պետական համակարգում, իսկ մեկն էլ ծառայել է կիսատ: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ԵՊՀ-ն ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա եւ բանակ չի գնացել: Գաբրիել Բալայանը, որ աշխատել է նաեւ ՊԵԿ-ում, հետո Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտորն էր, կրկին չի ծառայել՝ սովորելով Վաշինգտոնում: Իսկ նրանց երրորդ եղբայրը՝ Դավիթ Բալայանն էլ նշել է, թե 2 տարվա փոխարեն ծառայել է մեկ տարի՝ 1993-94թթ. ՀՀ սահմանապահ զորքերում:

 

 

 

3 ՄԼՆ ԴՐԱՄ
ՀՀ կառավարության շենքի նախասրահի ու մամուլի կենտրոնի վերանորոգման համար խնայված միջոցներից ծախսվել է 3 մլն դրամ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Զոյա Բարսեղյանը: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ ՀՀ կառավարության շենքում վերանորոգման ինտենսիվ աշխատանքներ են ընթանում` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցին ընդառաջ: Կառավարությունը նախաձեռնել էր շենքի նախասրահի եւ մամուլի կենտրոնի վերանորոգում, որտեղ էլ Մեդվեդեւն ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես էին եկել մամուլի ասուլիսով:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՍԱՆԻԿԻ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե նախկին աշխատակիցները դատի են տվել կոմիտեին՝ պահանջելով իրենց վերականգնել աշխատանքի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017թ. կոմիտեի աշխատակից Վարդան Հարությունյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչի, պաշտոնում վերականգնի, հարկադիր պարապուրդի գումարը եւ դրա նկատմամբ հաշվեգրվող տուժանքը բռնագանձի: ՀՀ վարչական դատարանի դատավորը քննել է Կոմիտեի աշխատակցի հայցը եւ այն մերժել է, սակայն նկատենք, որ Վ. Հարությունյանը չի հանձնվել եւ դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան: Ասել է, թե Վ. Հարությունյանը պայքարում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկի՝ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Արսեն Հարությունյանի կայացրած որոշումների դեմ, իսկ թե ինչով կավարտվի այս կռիվը, ցույց կտան զարգացումները:

 

 

 

ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՐԱՄԵՐԺ ԵՆ
ԱԺ ՀՀԿ խբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պատկերացումներն անձնական վիրավորանքի մասին տարբեր են այն բանից հետո, երբ Խոսրով Հարությունյանը ամբիոնից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորին մեղադրեց իրեն վիրավորելու մեջ: Բանն այն է, որ նախորդ նիստի ժամանակ Խ. Հարությունյանը նստած տեղից դիտողություն էր արել Միքայել Մելքումյանին, Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել էր, թե «Ծառուկյան» խմբակցությանը որեւէ մեկը չի կարող սպառնալ, եւ կոչ արել խոսրով Հարությունյանին տեղից չխոսել: «Ես չէի կարծում, որ այս նախագծի քննարկումը պարոն Հարությունյանը պետք է վերածի անձնական հաշիվներ մաքրելու: Եթե ես դահլիճում հնչած դիտողություններին արձագանքել եմ, եւ դա որպես անձնական վիրավորանք է արձանագրվել, ապա անձնական վիրավորանքի իմ եւ Ձեր մոտեցումները խիստ իրարամերժ են»,-ասել է Ն. Զոհրաբյանը:

 

 

 

ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿԸ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասել է. «Հայտարարվել էր այն մասին, որ լարվածությունը պետք է նվազի, սակայն կատարվում է ճիշտ հակառակը, եւ դա արդեն օրինաչափություն է դարձել: Ցավալի է, բայց խնդիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանն իր անհեռատես քայլերով ինքն իրեն մղել է դեպի փակուղի, եւ այն անկանոն քայլերը, գործողությունները, որոնք հիմա անում է, ըստ էության, նույնիսկ փակում են իր ելքն այդ փակուղուց: Հիմքում մի բան է. ի՞նչն է վրդովեցրել Ադրբեջանին` այն, որ հայտարարվել է շատ պարզ բան, որ հարցի ցանկացած կարգավորում ենթադրում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ «կա՛մ բանակցում ենք, կա՛մ կրակում», Շ. Քոչարյանն ասել է, որ բանակցություններին խանգարողն Ադրբեջանն է, այնպես չէ, որ հայկական կողմերը խուսափել են բանակցություններից: «Երկու հայկական կողմն էլ միշտ հակված են բանակցությունների, բայց եթե քո հակառակորդը քեզ պարտադրում է, ասում՝ կա՛մ ամեն ինչ, ինչպես ես եմ ուզում, կա՛մ պատերազմ, ապա բնական է՝ տեղի տալ չի կարելի»,-նշել է արտգործնախարարը:

 

 

ՄՏԱՀՈԳՎՈՒՄ Է
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնել է. «Ինձ մտահոգում է մսի գնի կտրուկ թանկացումը: 65 խոշոր եղջերավոր անասուններ կան: Ինչքան գիտեմ՝ 40 հազարը մորթի են ենթարկվել: Դա նշանակում է՝ արտահանումը մեծանում է: Մի կողմից՝ արտահանումը մեծանում է, մյուս կողմից՝ կարող է դա բերել մսի գնի եւ կաթի գնի թանկացման: Կարողանո՞ւմ ենք այնպիսի զսպիչներ դնել այդ շղթան կարգավորելու համար: Եթե սենց շարունակվի՝ մսի գինը կդառնա Եվրոպայի գներին համարժեք այն դեպքում, երբ աշխատավարձերը համարժեք չեն»,-ասել է Մ. Մելքումյանը:

 




Լրահոս