ԵՍ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՉՈՒՆԵՄ, ԶԵՆՔՆ ԻՆՉԻՍ Է ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 27-ի ոճրագորությունից 18 տարի անց զրուցել է ԱԺ երջանկահիշատակ պատգամավոր Արմեն Արմենակյանի այրու՝ Արմենուհի Արմենակյանի հետ:

-Տիկի՛ն Արմենակյան, ամեն տարի հոկտեմբերի 27-ի օրերին ի՞նչ եք հիշում, ի՞նչ ապրումներ եք ունենում:
-Անցել է 18 տարի, եւ իզուր են ասում, որ տարիներ հետո վերքերը սպիանում են, ընդհակառակը, կարող եմ ասել, որ մինչ այսօր կատարվածը մեր ուղեղում է, թե ինչ կատարվեց այս ահաբեկչությունը, ու զոհ դարձան մեր ազգային գործիչները: Արմեն Արմենակյանի մահը մինչ օրս մեզ համար առեղծված է, եւ մենք չիմացաք, թե կոնկրետ ով եւ ինչի համար նրան կրակեց:
-Ինչպիսի՞ մարդ էր պարոն Արմենակյանը տանը որպես ամուսին, պապիկ, հայր:
-Մեր Արմենը, այսպես բոլորը նրան գիտեին ու կապ չուներ՝ կլիներ իր կինը, ընկերը, եղբայրը, միշտ օբյեկտիվ էր իրավիճակին մոտենում: Մորը սրբություն էր համարում: Ընտանիքում խիստ էր, երբ տուն էր մտնում, բոլորս զգաստանում էինք, առաջին բառը ու նախադասությունը, որ ասում էր, ուր են տղաներս: Ընկերասեր էր շատ ու միշտ տուն էր գալիս իր ընկերների հետ, պարտադիր պետք է իր մայրիկի պատրաստած ուտեստները հյուրասիրեր:
-Հրապարակվեցին տեղեկություններ, որ Կարեն Դեմիրճյանը կանխազգացել է, որ իրեն սպանելու են: Նա նույնիսկ եղբոր հետ է խոսել այդ մասին: Արմենակ Արմենակյանը նման կանխազգացում ունեցե՞լ է իր հետ կապված:
-Մայրը նրան ասում էր, թե Արմեն, դու զենք ունես, ինչու որպես պատգամավոր չես կրում, ասում էր՝ ես երբեք թշնամիներ չունեմ, զենքն ինչիս է պետք:
Հոկտեմբերի վերջին նա մշտապես ասում էր, որ խառը օրեր են, անցնեն, անպայման կպատրաստվի իր եղբոր որդու տղայի հարսանիքով: Երբ ասում էինք, թե ինչ խառը օրեր, ասում են, թե լուրեր են լսել է, որ Վազգեն Սարգսյանի դեմ մահափորձ են նախապատրաստում, ու չէր ուզում դրան հավատալ: Ինքը ասում էր՝ ինձ մահ չի սպառնում, եթե թուրքի գնդակը կպավ, բան չեղավ, ես մինչեւ կյանքիս վերջը կծառայեմ հայրենիքիս: Ինքը այդ օրը չպետք է գնար Ազգային ժողով, քանի որ այլ գործեր ուներ, բայց զանգահարում, կանչում են, եւ ստիպված գնում է: Այդ օրը կարեւոր հարց ու պատասխանի օր էր, ու վարչապետը պետք է գնար: Երբ իր ծանոթները, ընկերները երկրի վիճակից հարց էին տալիս, ասում էր՝ լավ է լինելու ամեն բան: Բոլորն էլ ասում են, որ նա պահի զոհ դարձավ, ինձ թվում, որ նրան ասել են՝ չոքի, նա չի չոքել, քանի որ մշտապես ասում էր՝ ես թուրքի դեմ չեմ չոքել, ուստի միգուցե դա էլ եղավ նրան կրակելու պատճառը:
-Տիկի՛ն Արմենակյան, 18 տարի է անցել, բայց կասկածներ դեռ կան, որ կային հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուներ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հնարավոր չեղավ մինչեւ վերջ բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը:
-Իրականում լիովին հոկտեմբերի 27-ը չբացահայտվեց, եթե բացահայտվեց, ինչո՞ւ մարդասպանները չստացան իրենց արժանի պատիժը: Չբացահայտվեց միգուցե, որ շատերին՝ կառավարությունից կամ իշխանությունից, ձեռ չէր տալիս:
-Իսկ ի՞նչ կոնկրետ խանգարող բան կա չբացահայտման համար:
-Գիտեք, մտածում եմ, որ շատերին ձեռ չէր տալիս բացահայտումը, ես Աստծու կամքին եմ թողել, որ մի օր կատարողները, պատվիրատուները կբացահայտվեն, բայց առայժմ մենք այդ «դեռը» չունենք: Ինձ նաեւ տանջում է մեկ հարց. մինչ օրս մենք չգիտենք՝ այդ մարդասպանները կա՞ն, թե՞ չկան, մենք մահապատիժ էինք ուզում այն կատարողների համար, բայց մեզ ասում էին՝ մահապատիժ չի կարող լինել, օրենքը արգելում է, բայց ով գիտի՝ կա՞ն նրանք, ի՞նչ կարգավիճակում են, թե՞ ազատ են արձակվել:
-Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, մշտապես հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի գործը կբացահայտվի միայն մի դեպքում, երբ Հայաստանում ամբողջական իշխանափոխություն լինի: Դուք ի՞նչ եք կարծում:
-Ես կարծում եմ, որ իշխանափոխությունը այդքան էլ էական նշանակություն չի ունենա, որ այն բացահայտվի: Միգուցե հայտնվի մի լիդեր, որ կունենա այն կամքը, եւ կբացահայտվի այս ոճրագործությունը: Իշխանափոխության ինչքան փորձեր եղան ու արդյունքը …: Հայրենիքի պետականությանը դեմ գնալ դրան էլ այդքան կողմ չեմ: Մենք միգուցե չտեսնենք, թե ինչպես բացահայտվեց բայց սերունդները միգուցե իմանան:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ԿԱՆՉԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցագիր է ուղարկել «Հրադզան» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանին, որպեսզի նա նոյեմբերի 13-ին էլի ներկայանա դատարան:
Պարզեցինք, որ ՔԿՀ պետի տեղակալին դատարան են հրավիրել հարցաքննության «Հրազդան» ՔԿՀ-ում որպես անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ Էդգար Ասատրյանի կաշառքի գործի համար:
Բանն այն է, որ ՔԿՀ դատապարտյալ Ալեն Մանուկյանը իրավապահներին հայտնել է, թե անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետը իրենից կաշառք է պահանջել, ինչի արդյունքում էլ այսօր Ասատրյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Սակայն այս քրեական գործի շրջանակներում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում, եւ դատարանում դատապարտալները մեկը մյուսի հետեւից հայտարում են, որ ՔԿՀ պետ գնդապետ Վահան Մարգարյանն է ուղղորդել, որ քրեակատարողական հիմնարկի մասնագետ Էդգար Ասատրյանի դեմ ցուցմունք տան: Այս հայտարարությունից հետո ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, եւ մինչ օրս քննությունը շարունակվում է, եւ հիմա էլ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանը դատարան է հրավիրել ՔԿՀ պետի տեղեկալ Սմբատ Բուլղադարյանին:

 

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԻ
Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի առեւտրի սպասարկման կանոնակարգման բաժնի պետ Մանվել Մովսիսյանի եւ իր ենթակաների գործով վճիռը հրապարակվեց: «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր այս պատմությանը՝ տեղեկացնելով, որ Մովսիսյանը բացօթյա առեւտրով զբաղվող անձանց համար արտոնյալ պայմաններ էր ստեղծել եւ պաշտոնեական լիազորություններ անցել: Այս արարքի համար Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանը Մանվել Մովսիսյանի նկատմամբ պատիժ նշանակեց ազատազրկում 5 ամիս 11 օր ժամկետով: Սակայն տեղեկացանք, որ Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի առեւտրի սպասարկման կանոնակարգման բաժնի պետը դիմել է դատարան եւ խնդրել, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճռով նշանակված պատիժը՝ 5 ամիս 11 օր ժամկետով ազատազրկումը, փոխարինեն 483 ժամ հանրային աշխատանքներով: Այսինքն՝ նա պատրաստ է ամեն ինչ անել՝ հող փորել, մաքրությամբ զբաղվել, շինարարության վրա բանվոր աշխատել, միայն թե կալանքի տակ չմնա:

 

 

ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Երեկ համապատասխան որոշում է ընդունվել, որի համաձայն՝ կառավարությունը կարագացնի մաքսատուրքերից ազատվելու դիմումների քննումը: Կառավարության նիստին տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ դիմումների ուսումնասիրման ժամկետը 35-ից կրճատվել է մինչեւ 25 օր: Հիշեցնենք, որ մաքսատուրքերից ազատվում են կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերով ներմուծվող սարքավորումներն ու հումքը:

 

 

ՉԵՆ ՊԱՏԺԵԼՈՒ
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում ու դրա ստորագրումից անդին» թեմայով քննարկմանը նախ հարց է բարձրացրել, թե ինչ կկորցնի Հայաստանը, եթե չստորագրի նշյալ համաձայնագիրը: «Հայաստանին չեն պատժելու»,- իր հարցին պատասխանել է նա: Իգիթյանի կարծիքով Եվրամիության հետ համաձայնագիրը չկնքելու դեպքում նույն խնդիրների առջեւ չենք կանգնի, ինչի մասին ժամանակին խոսում էին ՀՀ իշխանությունները, թե ԵԱՏՄ-ին չմիանալու դեպքում մեզ անվտանգության խնդիրներ են սպառնալու: Նրա խոսքով՝ պարզապես Հայաստանը, չստորագրելով ԵՄ-ի հետ համաձայնագիրը, կկորցնի այն հնարավորությունը, որը պարբերաբար ստանում է: «Ումի՞ց ենք մենք պաշտպանվում՝ Հայաստանի իշխանությունների՞ց, նրանց համոզում ենք, որ այն օգո՞ւտ է Հայաստանի համար»,-նկատել է նա:

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ
Հոկտեմբերի 25-ին որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները Կարմիր Գյուղ համայնքի մոտակա անտառում՝ ձորում, հայտնաբերել են Վ. Հ.-ին մահամերձ վիճակում եւ տեղափոխել Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածք: Որտեղից «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ ա/մ-ով տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ նա մահացել է: Հիշեցնենք, որ Ասկերանի շրջան Կարմիր Գյուղ համայնքի բնակիչ Վ. Հ.-ն տնից դուրս էր եկել ու անհետ կորել:

 

 

ՄԵՐԺԵԼ Է
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող անձանցից 11-ի գործով քննությունը, որը գտնվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում: 11 ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել ամբաստանյալներից յուրաքանչյուրի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու եւ մեղադրանքների ապացույցները ներկայացնելու մասին: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը մերժել է իր նկատմամբ ներկայացված ինքնաբացարկի հերթական միջնորդությունը:

 




Լրահոս