ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է ԻՐԵՆ ԴԱՐՁՐԵԼ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի առաջատարությանը հավակնող պետություններից Չինաստանում քաղաքական հետաքրքիր զարգացումներ են ընթանում: Նախագահ Սի Ծինպինը գործնական քայլերով լուծում է իր իշխանավարության խնդիրը կառավարման ժամկետի ավարտից հետո: Նա, կարելի է ասել, փորձում է Չինաստանում անել այն, ինչ Սերժ Սարգսյանը՝ Հայաստանում: Սակայն եթե Ծինպինի թիկունքում չինական տնտեսական հաջողություններն են, ապա Սարգսյանի դեպքում գործ ունենք օրեցօր դատարկվող ու տնտեսապես հոշոտվող Հայաստանի հետ:

Պետության նախագահ Սի Ծինպինը Մաո Ցզե Դունից հետո վերածվում է չինական հասարակության անփոխարինելի անհատներից մեկի: Պեկինում Կոմունիստական կուսակցության մեկ շաբաթ տեւած համաժողովի ժամանակ Ծինպինը հռչակվեց աշխարհի երկրորդ ամենահզոր տնտեսությունը միջազգային քաղաքականության ու ազդեցության «նոր դարաշրջան» առաջնորդող գործիչ: Կուսակցության հիմնարար կանոնադրության մեջ հավերժացել է Ծինպինի անունը՝ արձանագրելով, որ նրա մտածումը նոր դարաշրջանի համար չինական առանձնահատկություններով սոցիալիզմի մասին կուսակցության քաղաքական պատասխանատվության բաղադրիչն է: Ծինպինի մտածումին առանձին տեսության կարգավիճակ հաղորդելով եւ այն դիտելով իբրեւ հիմնադրույթային՝ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը փաստացիորեն պետակառավարման համակարգը առնչակցում է նրա անձին ու քաղաքական գործունեությանը: Չինաստանի նախագահի կառավարման շրջանը, ըստ սահմանադրության, ավարտվում է 2022թ. եւ այժմ այնպիսի տպավորություն է, որ նա մտադիր չէ հեռանալ քաղաքական թատերաբեմից:
Չինաստանում գոյություն ունի չգրված ավանդույթ, որով նախագահները իրենց երկրորդ կառավարման շրջանի մեկնարկից առաջ արդեն իսկ հրապարակավ անուղղակիորեն ներկայացնում են իրենց հաջորդին՝ նրան դարձնելով փոխնախագահ: Այդպես 2008թ. վարվեց նախագահ Հու Ջինթաուն, երբ Սին Ծինպինին նշանակեց իր փոխնախագահ ու նախապատրաստեց նրա նախագահությունը: Այսժամ Ծինպինի փոխնախագահը Լի Յուանչաոն է, որին, սակայն, չինական քաղաքականության վերլուծաբանները չեն դիտարկում իշխանության ժառանգորդների շարքում՝ նրան բավականին թույլ համարելով Չինաստանն առաջնորդելու համար: Թեպետ Չինաստանում քաղաքական իշխանությունն իրականացնում է Կոմկուսը, սակայն նախագահը համարվում է ինչպես պետության, այնպես էլ իշխանության կրող «պոլիտբյուրոյի» առաջնորդը, որի հրահանգներով է գործում ամբողջ իշխանությունը: Սին Ծինպինի ներկայացրած այդ «պոլիտբյուրոյի» կազմը հուշում է, որ նախագահին արժանի ժառանգորդ չկա: Սա էլ թույլ է տալիս վերլուծաբաններին պնդելու, որ Սին Ծինպինի ներկայությունը համաշխարհային հանրությունն ու չինական հասարակությունը դեռ կշարունակի վայելել մինչեւ 2027թ.: Իսկ այն հանգամանքը, որ կուսակցության հիմնարար կանոնադրության մեջ անունադիր նշվում է Ծինպինի գործոնն ու նրա մտածումին հաղորդվում է քաղաքական տեսության կարգավիճակ, արդեն իսկ խոսուն է:
Կոմկուսի կանոնադրության մեջ հիշատակվելու պատվին Չինաստանում շատ քչերն են արժանացել: Օրինակ՝ Դեն Սիաոպինի տեսությամբ առաջ շարժվելու հանձնառություն կուսակցությունը ստանձնել է միայն առաջնորդի մահից հետո: Եվ սա մի յուրօրինակ դրություն է ստեղծում, երբ Սինծինպը ոչ միայն ողջ է, այլեւ զբաղեցնում է նախագահի պաշտոնը: Նրա անվան հետ է կապվում, անշուշտ, Չինաստանի վերջին շրջանի աննախադեպ զարգացումը: Աղքատության նվազեցումը, տնտեսական տպավորիչ հաջողությունները, արտաքին քաղաքական գործնական նվաճումները, երբ մյուս տերությունները սկսում են ավելի լուրջ ընկալել Չինաստանը եւ հաշվի նստել նրա կարծիքի հետ, ուղղակիորեն Ծինպինի գործունեության շնորհիվ է: Ինչպես Հայաստանում հանրապետականները, այնպես էլ Չինաստանում կոմունիստները արդեն իսկ սկսել են միմյանց շարունակել, որ Ծինպինը իրենց վերջին հույսն է, եւ նրան առայժմ այլընտրանք չկա: Սակայն եթե Ծինպինի թիկունքում Չինաստանի տպավորիչ հաջողություններն են, պետության ակնառու նվաճումներն ու զարգացման վերընթաց իրական տեմպը, ապա Հայաստանում դրա ուղիղ հակառակն է, ինչի պատճառով էլ զարմացնում է հանրապետականների համատարած ոգեւորությունը այսպիսի թշվառության պայմաններում:
Ինչպես Սի Ծինպինը Չինաստանում, այնպես էլ Սերժ Սարգսյանը Հայաստանում իր համար հետեւորդ չպատրաստեց: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին շրջանում պարզ էր, որ իշխանության թեկնածուն պիտի լիներ Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան, հրաժարականի շրջանում՝ նաեւ Ռոբերտ Քոչարյան շրջանակից, իսկ Ռոբերտ Քոչարյանի ժամկետի ավարտին՝ Սերժ Սարգսյանը, ապա այժմ անորոշություն է: Յուրաքանչյուր նախագահ կամ իշխանության առաջնորդ պետք է գիտակցի, որ ինքը հավերժ չէ եւ իր կառավարման ամեն օր նախապատրաստի պետության խաղաղ ապագան: Դա իրենից ենթադրում է նաեւ պետությունը կառավարման կոնկրետ փուլի ավարտից հետո հուսալի ձեռքերում թողնելը: Եթե Տեր-Պետրոսյանի դեպքում իշխանավարությունը ընդհատվեց հանկարծակիորեն եւ այդպիսի նախապատրաստության մասին գուցե թե ավելի է խոսել, ապա Քոչարյանի շրջանում որոշակի քայլեր այդ ուղղությամբ արվեցին՝ հանձին Սերժ Սարգսյանի դիրքերի ամրապնդման: Հանուն արդարության հար է նկատել, որ Քոչարյանը մեծ հաճույքով նախագահի պաշտոնին կբազմեցներ ցանկացած այլ մեկին, բայց ոչ Սարգսյանին՝ վարչապետ դառնալու ու երկիրն այդկերպ կառավարելու համար: Սակայն Սարգսյանը գտավ իշխանությունն իր ձեռքում ամրապնդելու, կենտրոնացնելու ու մոնոպոլիզացնելու ուղին 2007թ. վարչապետի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ հետո: 2015թ. ջախջախելով իր ծրագրերի դեմ ըմբոստության վերջին փորձերը՝ նա հաջողեցրեց հեշտությամբ փոխել կառավարման համակարգը: Դիտավորյալ կերպով հետնորդ չնախապատրաստելով՝ Սերժ Սարգսյանը իրեն դարձրել է անայլընտրանք ինչպես արտաքին քաղաքական ուժային կենտրոնների, այնպես էլ Հայաստանի օլիգարխի համակարգի համար:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Նոյեմբերի 5-ին կկայանան խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի ընտրությունները: Բերդ քաղաքը եւ տարածաշրջանի 16 գյուղերն ընդգրկող համայնքի ղեկավարի 4 թեկնածուների թվում է սահմանամերձ Այգեձոր համայնքը 2002 թվականից ղեկավարող, անկուսակցական Սասուն Սաֆարյանը, ով 2014 թվականին դատապարտվել է համագյուղացի կնոջը ծեծելու համար: 1968թ. ծնված Սասուն Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 12-ին իր աշխատասենյակում մանկապարտեզի վճարի հետ կապված հարցի շուրջ քաշքշուկի մեջ է մտել նպաստի տեղեկանք վերցնելու նպատակով գյուղապետարան եկած Գեղեցիկ Գրիգորյանի հետ, որի ժամանակ Գ. Գրիգորյանի մազերից քաշելով՝ բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Բացի այդ՝ նույն օրը մանկապարտեզում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքները պարզելու նպատակով Ս. Սաֆարյանը գնացել է Գեղեցիկ Գրիգորյանի առանձնատուն, որտեղ նրա հետ խոսակցությունը վերածվել է վիճաբանության եւ քաշքշուկի, որի ընթացքում Ս. Սաֆարյանը ձեռքերով հարվածներ է հասցրել Գ. Գրիգորյանի մարմնի տարբեր հատվածներին եւ վերջինիս դստեր՝ 1990 թ. ծնված Անի Օրդյանի մարմնի մասերին՝ նրանց պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Այգեձոր գյուղի բնակչուհի, 1964թ. ծնված Գեղեցիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 12-ին Այգեձոր գյուղի մանկապարտեզում շուրջ 15 րոպե տեւողությամբ վիճաբանել եւ հայհոյանքներ է հասցրել մանկապարտեզի տնօրեն Նվարդ Գյուլումյանին, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս պարանոցի եւ թիկունքի շրջանում, մանկապարտեզի սենյակում դրված աթոռներից մեկը նետել է վիճաբանության ձայներից մանկապարտեզ եկած Ն. Գյուլումյանի ամուսնու՝ Սլավիկ Ղարսայանի ուղղությամբ: Սասուն Սաֆարյանի նկատմամբ 2 դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծ»), Գ. Գրիգորյանի հանդեպ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով («Խուլիգանությունը, որ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»):
2014թ. հունվարի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Գեղեցիկ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 2 ամիս ժամկետով կալանքի, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան նշանակելով 1 տարի ժամկետով: Դատարանը վճռել է Սասուն Սաֆարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի երկու դրվագներով եւ նրան դատապարտել է 90 հազար դրամի չափով տուգանքի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՕԹԵՎԱՆ 11 ԸՆՏԱՆԻՔԻՆ ԿԱՋԱԿՑԻ ՎԵՑ ԱՄՍՈՎ

Հոկտեմբերի 22-ին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան 9 շենքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով այսօր 11 ընտանիք մնացել է դրսում: Նշենք, որ հինգ օր առաջ բռնկված հրդեհի հետեւանքով երկհարկանի շենքից, որտեղ բնակվում էր ավելի քան 20 մարդ, ոչինչ չի մնացել՝ բացի պատերից: Բնակիչներն անգամ չեն կարողացել իրենց հետ դուրս բերել ունեցած իրերը, այդ թվում եւ հագուստները:

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության` հրդեհի ծագման հավանական պատճառ կարող էր լինել շենքի առաջին հարկում գտնվող դահլիճում կուտակված ցախի եւ ստվարաթղթի այրումից տարածած կրակը: Ի դեպ, այս եզրակացությունն արդեն ուղարկվել է քննչական կոմիտե: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է Արմավիր քաղաքի Սիլիկյան փողոցի հ 9 շենքի հրդեհից տուժած թվով 11 ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրել: Այս նպատակով տարածքային կառավարման նախարարությանը հատկացվել է 2 մլն 640 հազար դրամ, ինչն էլ իր հերթին նշված գերատեսչությունը կփոխանցի Արմավիրի մարզպետարանին: Ըստ Արմավիրի քաղաքապետարանի` կառավարությունը նախատեսում է փոխհատուցել բնակիչների միայն վեց ամսվա բնակարանի վարձակալության գումարը: Սա խիստ զայրացրել է բնակիչներին, քանի որ այդպես էլ պարզ չէ թե ինչպես է վեց ամիս անց լուծվելու իրենց բնակարաններով ապահովելու հարցը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հայկական կարմիր խաչի ընկերությունը նախօրեին տուժածներին տրամադրել է 1 ամսվա համար նախատեսված սննդի եւ հիգիենիկ պարագաների փաթեթներ, ծալովի մահճակալներ, տաք ծածկոցներ, ձմեռային կոշիկ, բաճկոններ եւ տաբատներ, սպորտային հագուստ եւ խալաթներ: Բացի այդ, ընտանիքները օրը մեկ անգամ տաք ճաշ կստանան ՀԿԽԸ բարեգործական ճաշարանում, որը գործում է Արմավիր քաղաքում` միայնակ տարեցների համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 




Լրահոս