«ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՆՔ ՏԱՆՈՒԼ ՏՎԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնությունը, որի շուրջ համախմբված են մի շարք արվեստագետներ եւ մտավորականներ, հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ աշխարհաքաղաքական ահագնացող մարտահրավերների պայմաններում երկրի ներսում շարունակվող քաղաքական, տնտեսական, հոգեւոր-բարոյական աննախադեպ անկումը մեծապես վտանգում է պետականության հիմքերն ու հայոց ապագան։ «Ժողովուրդ»-ը նախաձեռնության անդամ, երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ զրուցել է «Հոգեւոր Հայաստանի» գործառույթների մասին։ Նա պատասխանել է հարցին, թե կոնկրետ ինչ օգուտ են տալիս նախաձեռնության հայտարարությունները, որքանով են դրանք արդյունավետ։

-Պարո՛ն Պետրոսյան, նախաձեռնությունը իր ձեւավորումից ի վեր ի՞նչ շոշափելի ձեռքբերումներ է գրանցել։
-Արդեն մեկ տարի երկու ամիս է, ինչ ազդարարել ենք նախաձեռնության ծնունդը։ Մեր նվաճումներից մեկն այն է, որ թիմի ներսում տարաձայնություններ չկան, ձեւավորված է խմբային մտածողությունը, եւ մի կարեւոր բան եւս՝ այս ընթացքում մենք մեզ շատ պարկեշտ ենք պահել, չենք վարկաբեկվել, ոչ մի սադրանքի կուլ չենք գնացել։ Հետզհետե ժողովրդի շրջանում զգացվում է հետաքրքրություն «Հոգեւոր Հայաստանի» հանդեպ։ Մեզնից հաստատ լույս ճառագում է։
-Ձեր խոսքից ենթադրենք, որ նախկինում ներքին տարաձայնություններ եք ունեցե՞լ։
-Նախաձեռնության շուրջ հավաքված են շատ տարբեր մարդիկ։ Բնականաբար, թիմը ձեւավորվում է խմորումների արդյունքում։ Մեզնից մեկը մի քիչ ռոմանտիկ է, մյուսը՝ պրագմատիկ։ Բայց մենք շատ կուռ թիմ ենք, մեր շփումների դաշտն էլ բավական ընդլայնվել է։
-Իսկ, օրինակ, օրեր առաջ ներկայացրած Ձեր հայտարարությունը որքանո՞վ է արդյունավետ, եթե լուծում չեք առաջարկում։ Արդյո՞ք այդ պարագայում մենք գործ չունենք անատամ մեղադրանքների հետ։
-Այնպես չէ, որ դրանք անատամ հայտարարություններ են։ Մարդկանց պետք է անընդհատ արթնացնել նիրհից, հիշեցնել, որ մեր վիճակը շատ վատ է, ահազանգել, որ մարդիկ արթնանան, իրենց գլխի ճարը տեսնեն, քանի որ վտանգված է հայրենիքը։ Ամեն մեկը չէ, որ խորությամբ պատկերացնում է, թե իրականում ինչ է կատարվում։ Ուստի դու քաղաքական խորը գնահատական ես տալիս՝ խոսքդ ուղղելով հանրության այն հատվածին, որն ունի վերլուծելու ունակություն, ամբողջ խորությամբ հասկանում է արծարծվող խնդիրները։ Մարդիկ պետք է գիտակցեն, որ ամեն բան կորած չէ, որ կան մարդիկ, որոնք փորձում են ինչ-որ բան անել։ Ի վերջո, մենք ունենք գերխնդիր. մեզ մոտ իսպառ բացակայում է մտավորական վերնախավը, որին ժողովուրդն ականջալուր կլիներ, որը կհանդիսանար ժողովրդի խիղճը։ Ուստի պետք է ամեն մեկին անձամբ դիմելով՝ պահանջենք, որ նրանք ստանձնեն այդ պատասխանատվությունը։
-Օրերս բարձրաձայնվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի ստեղծագործելու իրավունքի սահմանափակման մասին։ Ո՞րն է այս առնչությամբ Ձեր տեսակետը։
-Մի բանի մասին չէ մեր մտահոգությունը։ Ամեն ինչն է ծուռ։ Բոլոր ուղղություններում ենք մենք տանուլ տվել. նկարչին վրձին չեն տա, երգահանին՝ դաշնամուր, բիզնեսմենին՝ ծաղկելու հնարավորություն, ոստիկանին կսարքեն հանցագործ։ Չի կարելի միայն մասնավոր դեպքերի մասին խոսել։ Մեր կոչը հենց դա է։
-Իսկ «Հոգեւոր Հայաստանի» շուրջ այլ մտավորականներ կհամախմբվե՞ն։
-Մեր կազմն անընդհատ համալրվում է։ Վերջերս մեր կոչին միացան, օրինակ, երգահան Արմեն Մովսիսյանը, նկարիչ Արթուր Օշականցին։ Շատ նոր մարդիկ եկան։
-Դուք ունե՞ք լիդերներ։
-Ո’չ, ընդգծված լիդերներ չունենք, բոլորս էլ շահագրգիռ ենք, որ արդյունքի հասնենք, չթողնենք, որ մեր ազգը հանկարծ քնի։ Մենք մեր բարոյական նկարագիրը վերագտնելու հարց ենք բարձրացնում՝ թեկուզ մեր կլոր սեղանների, հանդիպումների շրջանակում։ Դա հեշտ աշխատանք չէ. ամեն մեկի պատասխանատվության հարցն է, իսկ մենք ստանձնել ենք քաջալերողի դերը։ Կրկնում եմ՝ ամեն բան կորած չէ, իսկ լույս անպայման ճառագելու է։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ

Հոկտեմբերի 27-ը Վազգեն Սարգսյանի հիշատակի օրն է։ Այս առթիվ «Ժողովուրդ»-ը ներկայացնում է սպարապետ-արձակագրի կյանքից մի դրվագ, որը քչերին է հայտնի։

1998-99-ին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ, սպարապետի վաղեմի ընկեր, գրող Հովիկ Չարխչյանը մեզ պատմեց, որ հակառակ այն տեսակետի, թե Վազգեն Սարգսյանը պաշտպանության նախարար դառնալուց հետո այլեւս գրական գործունեությամբ չի զբաղվել, վերջինս, այնուամենայնիվ, շարունակել է գրել. «Այդ տեսակետը հիմնավորվում էր այն փաստով, որ նրա որեւէ ստեղծագործություն նախարար դառնալուց հետո չի հրապարակվել, բայց ես ակամայից առիթ եմ ունեցել համոզվելու, որ նա, ամեն դեպքում, ստեղծագործում էր»։
Ինչպես հայտնի է՝ նախարար եղած տարիներին Վազգեն Սարգսյանը պարբերաբար ելույթ էր ունենում հեռուստատեսությամբ՝ դիմելով զինծառայողներին եւ նրանց ծնողներին. «Այդ ելույթները նախապատրաստվում էին, այսինքն՝ Վազգենը գրում էր ձեռագիր տեքստը, որից հետո այն մուտքագրվում էր սուֆլյորի միջոցով, եւ հենց նախարարությունում գտնվող ստուդիայում էլ նկարահանումները կատարվում էին։ Հերթական անգամ, երբ գնացի նրանից վերցնելու պատրաստի տեքստը, որպեսզի տեխնիկական աշխատանքները նախապես կատարվեին, զգացի, որ հապաղում էր թղթերն ինձ հանձնել։ Բանն այն էր, որ նա այդ գրառումները կատարել էր իր անձնական ծոցատետրում։ Ասաց, որ չի կարող տրամադրել, քանի որ այնտեղ կային նաեւ անձնական գրառումներ։ Բայց հետո՝ հասկանալով, որ տեքստը այլ տեղ գրառելը երկար ժամանակ կխլեր, իսկ թերթերն էլ պոկել չէր ուզում, ծոցատետրը տրամադրեց ինձ։ Արդեն աշխատանքի պահին նկատեցինք, որ այն լի էր գեղարվեստական պատումներով, պատմվածքներով»,-հիշեց գրողը։
Փաստորեն, Վազգեն Սարգսյանը նախարար եղած տարիներին բազմիցս գրառումներ էր արել։ Հետո մեր զրուցակիցը նրա վարորդից եւ թիկնապահներից տեղեկացել էր, որ այդ գրառումները Վազգեն Սարգսյանը կատարում էր մեքենայի, ուղղաթիռի, օդանավի մեջ, նաեւ աշխատասենյակում, այն օրերին, երբ մինչեւ ուշ գիշեր աշխատում էր։
«Փաստ է, որ գոյություն ունեն Վազգենի ձեռագրեր, անտիպ ստեղծագործություններ, որոնք առ այսօր հանրությանը հայտնի չեն։ Հուսամ, որ այդ ծոցատետրն ինչ-որ տեղ դեռ պահպանվում է, եւ այդ գործերը երբեւէ կդառնան հրապարակման նյութ»,-եզրափակեց Հովիկ Չարխչյանը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնի շենքում իրականացված խուզարկությունը: Նշվում է, որ խուզարկությունն անցկացվել է դերասանի անձնագրի գողության փաստի առնչությամբ: Հայտնի է, որ Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել մասնավորապես թատրոնի հաշվապահությունում՝ վերցնելով բաժնի փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ նախօրեին 82-ամյա դերասանը հայտնել էր անձնագրի գողության մասին: Ջիգարխանյանն անձնագրի գողության փաստով դիմել էր իրավապահներին: Արտիստի խոսքով՝ անձնագիրը կարող են գողացած լինել իր իսկ հիմնած թատրոնում, հոկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում: Մինչդեռ թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նատալյա Կորնեեւան հայտարարել է, որ դերասանի վաղեմի ծանոթները, որոնց Ջիգարխանյանը ճանաչում է 1990-ական թվականներից, առնչություն ունեն դերասանի ու նրա թատրոնի շուրջ ստեղծված խառնաշփոթին: Նա մանրամասնել է, որ պատրաստվում է վկայություն տալ քննչական կոմիտեում:
Հայտնի է, որ հոկտեմբերի 24-ին դերասանը դուրս է գրվել Մոսկվայի հիվանդանոցից եւ անմիջապես գնացել դատարան ու ամուսնալուծվելու հայց ներկայացրել: Ջիգարխանյանի խոսքով՝ իրենից 44 տարով փոքր կինն իրեն ոչ միայն թալանել է, այլեւ փորձել է սպանել:

 

 

ՎԱՆՔԸ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ Է
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգի Արճեշ շրջանի հայկական վանքերից Արծվաբերը ոչնչացման եզրին է հայտնվել: Վանքն այժմ հայտնվել է տեղի գանձագողերի թիրախում, որոնք պարբերաբար փոսեր են փորում այստեղ, իսկ բնակիչները իրենց հերթին աղբ են լցնում փոսերի մեջ:
Հայտնի է, որ Արծվաբերը կառուցվել է 7-8-րդ դարերում: Վանքի գմբեթի մի հատվածը փլվել է 19-րդ դարի առաջին կեսին, սակայն ավելի ուշ նորոգվել է: Ժամանակին սրբավայր հանդիսացած այս վանքի գմբեթն ու մուտքն ամբողջությամբ ոչնչացվում է եւ ամեն անցնող օրվա հետ էլ ավելի է վերածվում ավերակի:

 




Լրահոս