ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երեկ խոսելով հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, սկանդալային հայտարարություն է արել: «Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որեւիցե խնդիր չկա»,- ոճրագործության մասին ասել է նա: Այսինքն՝ ըստ Բաբլոյանի՝ քաղաքական որեւէ խնդիր չկա նրանում, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկիչները, մտնելով խորհրդարան, պարզապես գնդակահարեցին Հայաստանի իշխանական էլիտան՝ փորձելով զինված հեղաշրջում անել: Ըստ ԱԺ նախագահի՝ ոճրագործները անձնական խնդիր են ունեցել պետական այրերի հետ: Եվ այս ամենն ասում է մի մարդ, որը Սահմանադրությամբ համարվում է պետության երկրորդ դեմքը, որը միջազգային ասպարեզում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:
Իհարկե, այն, որ Արա Բաբլոյանը մղոններով հեռու է քաղաքականությունից, եւ որ խորհրդարանի ղեկավարի պաշտոնը պարզապես նրա «հագով չէ», նա այդպես էլ քաղաքական, առավել եւս պետական գործիչ չի դառնա, միշտ է ասվել: Պարզապես երեկ հերթական անգամ նա հիմնավորեց այս տեսակետը:
Բայց, դե, գործող իշխանություններից այլ բան չի էլ կարելի սպասել: Առավել եւս, երբ երեկ պետության բարձրաստիճան պաշտոնյաներն այդպես էլ հարկ չհամարեցին այցելել հոկտեմբերի 27-ի զոհերի շիրիմներին՝ արհամարհելով նրանց հիշատակը. Սերժ Սարգսյանը, գտնվելով Երեւանում, այդպես էլ չայցելեց ո՛չ Եռաբլուր, ո՛չ Պանթեոն: Նույն կերպ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելու չգնաց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Պահվածք, որը, թերեւս, դժվար է որակել:
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ բացասական է գնահատել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի գործունեությունը: Պատճառը աղբահանության ոլորտում աշխատանքների ոչ պատշաճ իրականացումն է: Եւ Կարեն Կարապետյանն այդ աշխատանքները համարելով ոչ բավարար՝ ասել է, թե կարճ ժամանակ անց կրկին կանդրադառնա հարցին: Հետաքրքիրն այն է, որ վարչապետն Արարատի մարզին անդրադարձել էր նաեւ օրեր առաջ՝ կառավարության նիստի ժամանակ, եւ կրկին դժգոհ մնացել: Մասնավորապես նա նշել էր, թե Արարատի մարզի մի շարք համայնքներում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել: Բայց չնայած այս ամենին, որեւէ մեկը չի պատրաստվում Գրիգորյանին պաշտոնանկ անել. պատճառն էլ ընտրություններում իշխող ՀՀԿ-ին նրա եւ եղբոր մատուցած անձնվեր ծառայություններն էին: Ընդ որում, Գրիգորյանները ՀՀԿ-ին ծառայում են Դաշնակցությանը «դավաճանելու» գնով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրինությունը դիմել է ֆինանսների նախարարություն` պահանջելով սեւ ցուցակում ներառել Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդուն՝ Ալբերտ Ղարաքեշիշյանին պատկանող ընկերությանը՝ «Ալբերտ Ղարաքեշիշյան» ՍՊԸ-ին: Պատճառը գնման գործընթացի շրջանակում ընկերության կողմից ներկայացված կեղծ տվյալներն են, մասնավորապես այն, որ ՍՊԸ-ն գնումների մրցույթին մասնակցելու հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է ժամկետանց հարկային պարտավորութուն` 1226 դրամի չափով: «Մենք 1200 դրամի պարտք ունեինք ու այդ պատճառով ընկել էինք սեւ ցուցակ: Հաշվապահի կողմից թույլ տված խախտման արդյունքում եղավ դա: Հիմա ամեն բան կարգին է, եւ ընկերությունը շարունակում է գազ մատակարարել դպրոցին»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանել է ՍՊԸ հիմնադիր Ա.Ղարաքեշիշյանը:
Նոյեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Շատին խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում մարզպետ Հարություն Սարգսյանը եւ ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը սատարում են գործող գյուղապետ Տիգրան Խուդոյանին: Ուսումնասիրելով նրա կենսագրությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ նա բավական հարուստ քրեական անցյալ ունի. 3 անգամ հայտնվել է մեղադրյալի աթոռին. 2002թ.նա դատապարտվել է՝ ոստիկանին թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու համար: Հետո՝ 2008թ. հարուցված քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն ծեծելու համար, բայց հաշտության հիմքով գործը կարճվել է: Եւ կրկին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար նրա դեմ քրեական գործ է հարուցվել 2011թ: Սակայն սա էլ անհայտ հանգամանքներում կարճվել է: Ի դեպ, Խուդոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե ինքն իրեն կրիմինալ մարդ չի համարում, եւ հավելել. «Երբեմն երբ մարդ արդարությունը բարձր է զգում, հայտնվում է ինչ-որ ֆոկուսային իրավիճակում: Անցանք առաջ»: Փաստորեն, ոստիկան ծեծելը արդարության բարձր զգացում է: Չգիտեինք:
ԱՏՈՄԱԿԱՅԱՆ Ի ՉԻՔ
Սերժ Սարգսյանն ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նորանշանակ ղեկավար Միրոսլավ Լիպարի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետներին: Ընդգծելով, որ բազիսային էլեկտրաէներգիայի ստեղծման կառուցվածքում ԱԷԿ-ի առկայությունը թույլ կտա Հայաստանին պահպանել էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը, Ս. Սարգսյանը հայտարարել է. «Նախատեսվում է գործող բլոկի շահագործումը երկարաձգել մինչեւ 2027թ., իսկ հետագայում իրականացնել նոր միջուկային բլոկների փուլային ներդրում: ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար ՀՀ եւ ՌԴ միջեւ ստորագրվել են Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին եւ այդ ծրագրի ֆինանսավորման նպատակով դրամաշնորհի տրամադրման համաձայնագրերը»:
Փաստորեն, իր այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը վերջնականապես փակեց իր նախագահության օրոք խոստացած նոր ատոմակայանի կառուցելու թեման: Հիշում եք` սա Սերժ Սարգսյանի առանցքային ծրագրերից մեկն էր. իր պաշտոնավարման ամենասկզբում` 2008թ. հոկտեմբերին, նա ԱԺ ուղերձում, ի լուր համայն հայության, հայտարարել էր, թե «…ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկրյա եւ հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ եւս տեղեկացված լինեն, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել, առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»:
Միայն թե այս խոստումներն այդպես էլ մնացին օդում կախված. այդ ելույթին հաջորդած «առաջիկա ամիսների» ընթացքում փորձ անգամ չարվեց նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ: Ավելին՝ այս տարվա հունիսին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էր ակնարկել, թե Հայաստանի նոր ատոմակայանի կառուցումը կարող է սկսվել 2022-2023թթ: Բայց, փաստորեն, Սերժ Սարգսյանը խոսում է ՀԱԷԿ-ը մինչեւ 2027թ. շահագործելու մասին եւ հասկացնում, որ իր պաշտոնավարման ընթացքում այս ծրագրի իրագործման մասին պետք է մոռանալ:
Միայն թե լավ կլիներ, եթե նույն Սերժ Սարգսյանը գեթ մեկ անգամ պարզաբաներ, թե ինչու 2008թ. հոկտեմբերի 2-ին հաջորդած 108 առաջիկա ամիսների ընթացքում չսկսվեց ատոմակայանի կառուցումը, ինչը խանգարեց ծրագրի իրականացմանը: Իսկ միգուցե այդ ծրագիրն ի սկզբանե էր անիրագործելի, եւ այդ մասին խոսելը պոպուլիզմ էր: Ո՞վ գիտի: