ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ՝ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական կոնյակի գլխին «սեւ-մութ ամպեր» են կուտակվել: Գնալով դժվարանում է հայկական կոնյակի արտահանումը դեպի Ռուսաստան: Պատճառը ՌԴ սահմանած նոր չափանիշներն են, որոնց հայկական արտադրանքի մեծ մասը չի համապատասխանում:

Մասնագետների պնդմամբ՝ Հայաստանում արտադրողները տեխնիկապես չեն կարող անցնել համապատասխան փորձաքննություններ՝ նախօրոք պարզելու համար՝ արդյո՞ք համապատասխանում են ռուսական չափանիշներին: Բացի այդ՝ շուկայում գնալով գերակշռում է կեղծ կոնյակը, ավելի ճիշտ՝ կոնյակի անվան տակ հրամցվող սպիրտային խմիչքը: Արդյունքում, այս տարվա ընթացքում ՌԴ իշխանությունները մի քանի անգամ հենց սահմանին չեն թույլատրել կոնյակով բեռնված հայկական մեքենաների մուտքն իրենց երկիր:
«ՌԴ-ն կտրուկ փոխել է խաղի կանոնները: Առաջ իմիտացիա էին անում, թե պայքարում են կեղծարարության դեմ: Նոր ցուցանիշ են մտցրել, որը Հայաստանում չի չափվում: Մենք այդ գործիքները չունենք: Կեղծարարները չեն կարող նախապես իմանալ, որ իրենք կեղծում են: Հայաստանից արտահանվող կոնյակի մի մասը կեղծ է, սա ասում են բոլորը եւ ընդունում են բոլորը: Այդ կեղծարարության մակարդակը կարողանում էին անցյալում վերահսկել թե՛ այստեղ՝ արտադրողները, թե այնտեղ՝ ստուգողները: Կային սարքավորումներ, որոնք թույլ էին տալիս այստեղ ստուգել, հետո հասկանալ կեղծիքի սահմանները: Նոր չափորոշիչներ են մտցրել: Թթվածնի 17 իզոտոպի քանակությունն այստեղ չենք կարող ստուգել սարքերի բացակայության պատճառով»,- օրերս հայտարարեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Չափանիշներին չհամապատասխանող կոնյակների խնդիրն, ի դեպ, նոր չի ծագել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեռ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ խորհրդակցության էր հրավիրել կոնյակագործներին եւ բավական կոշտ խոսակցություն ունեցել դեպի ՌԴ արտահանվող կոնյակի որակի վերաբերյալ: Նա ասել էր, թե չի կարելի կոնյակի անվան տակ հրամցնել ցանկացած խմիչք, քանի որ այդ ամենի արդյունքում տուժում է հայկական կոնյակի հեղինակությունն ընդհանրապես, եւ անհարմար վիճակում են հայտնվում իսկական կոնյակ արտադրող երկու հայտնի գործարանները: Չնայած այս ամենին՝ արտադրողները պահպանել են նույն գործելաոճը, եւ արդյունքում՝ հակառակ խաղողի բերքի ծավալների նվազմանը՝ վերջին տարիներին կտրուկ աճել են կոնյակի արտադրության ու արտահանման ծավալները: Իշխանություններին էլ այս ամենը կարծես ձեռք է տալիս, քանի որ կարող են հերթական ոլորտում աճ ցույց տալ եւ իրենց գլուխը գովել:
Եւ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ հրապարակած տվյալներից պարզեց՝ 2013թ. Հայաստանում արտադրվել է 20.3 մլն լիտր կոնյակ: Հաջորդ տարի, սակայն, կոնյակի արտադրության ծավալները նվազել են, եւ 2014թ. կազմել 18.7 մլն լիտր, իսկ 2015թ՝ 16.9 մլն լիտր: Բայց արդեն 2016 թվականին կոնյակի արտադրության ծավալները սկսել են աճել. նախորդ տարի արտադրվել է 21.5 մլն լիտր կոնյակ: Իսկ միայն այս տարվա առաջին ութ ամիսներին արտադրված կոնյակի ծավալները հասել են 2014թ. ցուցանիշների. հունվար-օգոստոս ամիսներին արտադրվել է 18.4 մլն լիտր կոնյակ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրված 11.4 մլնի փոխարեն:
Ինչ վերաբերում է կոնյակի արտահանման ծավալներին, ապա, ըստ պաշտոնական վիճակագրության, դրանք կտրուկ ավելացել են 2016թ. ընթացքում՝ մոտ 60 տոկոսով գերազանցելով 2015թ. ցուցանիշը: Եւ այսպես՝ 2013թ. արտահանվել է 33,8 հազար տոննա կոնյակ, 2014-ին՝ 31,8 հազար տոննա, 2015թ.՝ 26,9 հազար տոննա, իսկ արդեն 2016 թվականին Հայաստանից արտահանվել է 44.8 հազ. տոննա կոնյակ՝ գերազանցելով նախորդ հինգ տարիների ցուցանիշը:
Իսկ ահա խաղողի բերքի ծավալներն այս տարիներին հետաքրքիր վայրիվերումներ են արձանագրել. ըստ ԱՎԾ-ի՝ 2013թ. խաղողի համախառն բերքը կազմել է 240,8 հազար տոննա, 2014-ին՝ 261,3 հազար տոննա, 2015-ին կտրուկ աճ է եղել՝ 309,2 հազար տոննա, բայց արդեն 2016թ. այս թիվը նույնքան կտրուկ նվազել է՝ հասնելով 178,8 հազար տոննայի:
Հ.Գ. Ի դեպ, մեկ ուշագրավ փաստ եւս. չնայած նախորդ տարի կտրուկ նվազել են խաղողի բերքի ծավալները, սակայն արտահանման ոլորտում նույնքան կտրուկ աճ է արձանագրվել. 2013թ. Հայաստանից արտահանվել է 7 հազար 563.4 տոննա, 2014թ.՝ 7 հազար 840,1 տոննա, 2015թ.՝ 6 հազար 520,4 տոննա խաղող, իսկ արդեն 2016թ. արտահանման ծավալները հասել են 32 հազար 700,1 տոննայի: Չի բացառվում, որ արտահանված խաղողն ամենեւին էլ հայկական չի եղել, այլ լոլիկի նման. փորձ է արվել ՌԴ ուղարկել թուրքական խաղող: Այլկերպ, թերեւս, դժվար է բացատրել, թե ինչպե՞ս ստացվեց, որ 2016թ. նվազել են խաղողի բերքի ծավալները, մյուս կողմից աճել խաղողի արտահանումը, զուգահեռ աճել ե՛ւ գինու, ե՛ւ կոնյակի արտադրությունը: Թվերի նման տատանումը հարցականների տեղիք է տալիս, կամ ընդհանրապես կասկածի տակ դնում վիճակագրության ճշմարտացիությունը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒԽՏ
Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարանում չհայտնված «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, լռության ուխտ են կնքել եւ որոշ ժամանակ որոշել են ընդհանրապես հարցազրույցներ չտալ: Չնայած ՀԱԿ-ի մի քանի անդամներ երեկ այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն, այնուհետեւ Եռաբլուր զինվորական պանթեոն, սակայն լրագրողների հարցերին նրանք այդպես էլ չպատասխանեցին: Կուսակցության ներկայացուցիչները քաղաքական դադար են վերցրել՝ համարելով, թե այժմ խոսելու ժամանակը չէ: Երեկ լրագրողների հարցերին պատասխանելուց խուսափեց նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ում հայրը զոհվեց 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ ԱԺ-ում:

 

 

 

ԱՆՏՈՒՆ ՓԵՍԱՆ
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը, պարզվում է՝ բնակարան չունի: Փոխարենը, ինչպես պարզեց «Ժողովուրդ» օրաթերթը, նա պաշտոնական հայտարարագրում նշել է, որ ունի երկու հողամաս, երեք հատ «Lexus LS 600 HL», «Mecedes-Benz S 600 L», «Range Rover 4.6 HSE» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչ վերաբերում է նրա դրամական միջոցներին, ապա դրանք բավական պատկառելի թիվ են կազմում. երիտասարդ Մանուկյանը հայտարարագրել է 2.3 մլն դոլար, 25 մլն դրամ, 300 հազար եվրո: Հիշեցնենք, որ նա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է եւ ԱԺ այս ընտրություններում որպես նվեր ստացավ պատգամավորական մանդատը՝ ահռելի գումարներ ծախսելով:

 

 

 

ՀԱՑԱԴՈՒԼ
Արդեն շուրջ 20 օր է, ինչ «Հայբիզնեսբանկի» չարաշահումների գործով կալանքի տակ գտնվող տարածքային զարգացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանը հացադուլի մեջ է: Ինչպես հայտնի է՝ 2014 թվականից կալանքի տակ են գտնվում «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը եւ տարածքային զարգացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանը: Ավելի ուշ բանկի պաշտոնատար անձանց քրեական գործերը առանձնացվեցին, քանի որ Մելիք Եսայանին առողջական խնդիրների պատճառով դատարան չեն կարողանում բերել: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մելիք Եսայանը հոկտեմբերի 3-ից հացադուլ է հայտարարել եւ իր արարքի համար դիմում է ներկայացրել ՔԿՀ ղեկավարությանը: Վերջինիս հարազատները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել են, որ ընդամենը խնդրում է բուժել Եսայանին, որպեսզի ՔԿՀ-ում չմահանա: Նշենք, որ Արա կիրակոսյանի մասով վճիռը այս տարվա հուլիսի 25-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր մնացական Մարտիրոսյանը հրապարակել էր՝ վարչության պետին ազատազրկման դատապարտելով 13 տարի, իսկ ահա Մելիք Եսայանի մասով վճիռը չի հրապարակվել: Ու ստացվում է՝ Մ. Եսայանը 4 տարի է՝ պատանդ է իրավապահների ձեռքում:

 

 

ԿԱՍԿԱԾ ՉԿԱ
Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը Տալլինում հայտարարել է, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: Պատասխանելով Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվող Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին մասնակցող քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցին, որն առնչվում էր փաստաթղթի ստորագրման հարցով Հայաստանում առկա որոշակի մտավախություններին, Հանը հայտարարել է. «Ուզում եմ սկզբից եւեթ հստակ ասել, որ Հայաստանի հետ պայմանագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա, եւ գրեթե հաստատ է, որ դա տեղի է ունենալու գագաթնաժողովի շրջանակներում կամ հենց գագաթնաժողովի ժամանակ»:

 

 

 

ԻՆՉ ԿԱ ԴՐԱ ՄԵՋ
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը հերքել է այն լուրերը, որ իր հոր՝ Հովիկ Աբրահամյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվել են: «Իհարկե ոչ, սխալ տեղեկություններ են»,- ասել է Ա. Աբրահամյանը: Հարցին, թե արդյո՞ք Աբրահամյանների բիզնեսներն այլեւս վտանգի տակ չեն, պատգամավորը նշել է. «Վտանգ չի էլ եղել, որ անցնի»: Նա հերքել է, որ իրենց ընտանեկան բիզնեսը երկրից դուրս են տեղափոխում: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին լուրերը Արգամ Աբրահամյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է. «Ես տեղյակ չեմ, բայց հնարավոր է, ի՞նչ կա դրա մեջ»: Ըստ նրա` որեւէ խանգարող բան չկա, որպեզի Հ. Աբրահամյանին նորից պաշտոն տան:

 

 

 

ՄՐՑԱՆԱԿ ՇԱՆՍՈՆՅԵԻՆ
Իսրայելի նախագահի նստավայրում տեղի է ունեցել ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի պարգեւատրման արարողությունը՝ Ազնավուրի ընտանիքի կողմից Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների եւ մյուս ժողովուրդների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար: Իսրայելի նախագահը Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի մրցանակներ է հանձնել Շառլ Ազնավուրին եւ նրա քրոջը՝ Աիդային, ում պարգեւը ստացել է Ազնավուրի որդին՝ Նիկոլասը: Աշխարհահռչակ շանսոնյեն հետաքրքրվել է, թե ե՞րբ է, ի վերջո, Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ ընդգծելով, որ հրեաներն ու հայերն ունեն շատ ընդհանրություններ: Ի պատասխան՝ նախագահն ասել է, որ դա քաղաքական հարց է, եւ յուրաքանչյուր տարի հարցն Իսրայելի խորհրդարանում բարձրացրել են, հիշատակել են Հայոց ցեղասպանության օրը:

 

 

ՄԵԿՆԵԼ Է ԱԹԵՆՔ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը մեկնել է Աթենք՝ Հունաստանի արտաքին գործերի նախարարության հրավերով մասնակցելու պետության կողմից կազմակերպված միջազգային համագումարի: Համագումարը նվիրված է մասնավորապես Միջին Արեւելքում կրոնների ու մշակույթների համակեցությանն ու երկխոսությանը: Հոկտեմբերի 29-ին Վեհափառ Հայրապետը հանդիպելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 




Լրահոս