Հանրային խորհուրդը դեռեւս չի քննարկել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգաիճակի մասին» ՀՀ օրենքը, սակայն խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տարկետման խստացումն ամեն դեպքում կարող է վնաս հասցնել, քանի որ կան մասնագիտություններ, որոնց ուսուցումը պետք չէ ընդմիջել:
-Պարո՛ն Մանուկյան, խորհրդարանը ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ, որով փաստորեն խստացվում է տարկետման իրավունքը, ինչը ուսանողների շրջանում դժգոհություն է հարուցել: Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի շուրջ: Հանրային խորհրդում քննարկում անցկացրե՞լ եք:
-Այստեղ մի հարց կա, որ վերջին 20 տարվա ընթացքում քննարկվում է. ուսանողներին բանակ տանել կամ չտանելը ուսմանը խանգարո՞ւմ է, թե՞ չի խանգարում: Դա, իհարկե, կարեւոր հարց է: Ես չգիտեմ՝ փաստաթղթով վերջնական ինչ լուծում է տրվել, բայց այդ հարցը արժի քննարկել, եւ մենք հանրային խորհրդում կքննարկենք: Մնացած հարցերը, կարծում եմ, որ ստանդարտ հարցեր են, եւ առանձնապես քննարկելու հարցեր չկան: Իսկ դա վիճահարույց է եղել: Կան մասնագիտություններ, որոնք, եթե ընդմիջում տան, հետո չեն կարող վերականգնել: Օրինակ՝ դաշնակահարը, ջութակահարը եւ նման այլ մասնագիտություններ: Մնացած մեծամասամբ մասնագիտություններից բանակից վերադառնալուց հետո ավելի հասուն եւ ավելի լավ կարող են կրություն ստանալ: Բայց ես կրկնում եմ, որ դրանք քննարկելու հարցեր են, որոնք մենք դեռ չենք քննարկել:
-Պարո՛ն Մանուկյան, խորհրդարանում քննարկման ժամանակ տեսակետ հնչեց, թե շատերը հենց ակադեմիական կրթություն են ստանում՝ բանակից խուսափելու համար:
-Մեր երկիրը էս վիճակում է. մեր սերունդը, մեզնից շատ փոքրերը ապրիլյան պատերազմի ժամանակ ցույց տվեցին, թե ինչպես են ծառայում իրենց պետությանը, իսկ Դուք ասում եք՝ մարդիկ գնում են սովորելու միայն բանակ չգնալու համար: Դե, գիտեք, թող գնան բանակ, ինչ է եղել: Եթե էդպիսի մարդիկ կան, որ ակադեմիական կրթություն պետք է ստանան միայն բանակ չգնալու համար, ես միայն ամոթանք կարող եմ տալ նրանց: Մարդ կա, կարող է ստանալ ակադեմիական կրթություն, որովհետեւ իրեն պետք է այդ կրթությունը, եւ մարդ կա, որ պետք է գնա բանակ եւ ծառայի իր ժողովրդին:
-Բայց, ըստ Ձեզ, գիտությանը վնաս չի՞ հասցվի:
-Ես ասում եմ՝ կան ասպարեզներ, որոնց պետք է զգույշ վերաբերվել: Հատուկ պետք է ցուցակ նշել կամ այլ տարբերակ մտածել: Դա մասնագետների հետ կապ ունի:
-Պարո՛ն Մանուկյան, Սերժ Սարգսյանն օրեր առաջ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարեց մշակել բանակի արդիականացման նոր՝ 7-ամյա ծրագիր: Եվ խնդիր դրեց ՀՀ պաշտպանության նախարարության առջեւ, որ 7 տարի հետո պետք է ունենալ բացառիկ մակարդակի, նոր որակի բանակ: Ի՞նչ պետք է արվի Ձեր կարծիքով: Ինչի՞ պետք է հասնենք:
-Ես շատ դրական եմ վերաբերվում, որ, իսկապես, պետք է արդիականացնել: Դա ոչ թե մեկ կամ երկու տարվա համար պետք է արվի, այլ անընդհատ պետք է արդիականացնել: Եթե դու գործ ես անում, էդ գործերը չես կարող ասել՝ էս տարի մի բան կանեմ, տեսնեմ՝ հաջորդ տարի ինչ եմ անելու: Բնական է, որ պետք է պլանավորես 5, 7, 10, 20 տարով: Շատ դրական բան է: Դե, ուրեմն 2 ամիս հետո արդիականացման վերաբերյալ որ լինի, չեմ իմանում՝ հանրային խորհուրդը ինչպես, բայց ես՝ որպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար, իմ կարծիքը կարող եմ ասել, կարող եմ խորհուրդներ տալ: Բայց հիմա, քանի որ չգիտեմ՝ ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ոչինչ ասել չեմ կարող:
-Պարո՛ն Մանուկյան, Սերժ Սարգսյանն էլ իր խոսքում նշեց, որ ոչ կանոնադրային հարաբերությունները բանակում միշտ խնդիր են եղել, ինչը կա նաեւ հիմա: Վերջերս նորից զինվորի սպանության եւ ինքնասպանության դեպք գրանցվեց: Ինչո՞ւ այդ խնդիրները չեն վերանում: Ի՞նչն է պակասում:
-Իհակե, այստեղ կարգապահության, սպաների մակարդակի հարց կա, բայց մյուս կողմից էլ ընդհանրապես, մեր մեջ ասած, եթե 10 հազարավոր երիտասարդներ իրար հետ նույն տեղում են, միշտ էլ ինչ-որ հարաբերություններ են ստեղծվում, որոնք ոչ մի օրենքով չես կարող նախատեսել: Ես գտնում եմ, որ դրա դեմ պետք է պայքարել, բայց համարում եմ, որ դա շատ դժվար խնդիր է: Դրա դեմ պետք է պայքարել. տարբեր երկրներում կան միջոցառումներ, տարբեր ձեւերով են անում: Էնպես չէ, որ դա որեւէ մեկը դիտավորյալ է անում, կամ հեշտ ձեւ կա, որը չեն օգտագործում: Եվ շատ բաներ կախված են, իհարկե, ոչ միայն բանակից, այլ նաեւ ընդհանուր հասարակության հոգեբանությունից, հասարակական զարգացումից:
-Սերժ Սարգսյանը նաեւ խոսեց ռազմական ծախսերի կտրուկ աճի մասին:
-Հայաստանում տիրող իրավիճակը պահանջում է, որ իսկապես ծախսերը ավելանան, բայց ցանկալի կլինի, որ ոչ թե մյուս ասպարեզների աղքատացման հաշվին, այլ զարգացման հաշվին: Ես կարծում եմ՝ բոլորը ամեն ինչ հասկանում են, այդ թվում նաեւ՝ իշխանությունները:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՄԱՐԻԽՈՒԱՆԱ ՀՅՈՒՐԱՍԻՐԱԾ ԱՂՋԻԿՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Քաղաքացի Աննա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ հունիսի 19-ին Տավուշի մարզի սահմանամերձ Սեւքար գյուղի սկզբնամասից հավաքել, մանրացրել, չորացրել եւ ապօրինի պատրաստել, պահել է մարիխուանա տեսակի թմրամիջոց՝ իր օգտագործման նպատակով: Սակայն դրա մի մասը 2017թ հունիսի 23-ին Աչաջուր գյուղի Մակարավանքի վանական համալիրի տարածքում հյուրասիրելու միջոցով ապօրինի իրացրել է Աչաջրի բնակիչ Գեւորգ Մելիքբեկյանին: Ա. Հովսեփյանին 2 դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով (Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը): Սույն հոդվածը նախատեսում է 3-7 տարի ժամկետով ազատազրկում:
Տեղեկացնենք, որ Ա. Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատավարության ավարտին Աննա Հովսեփյանը ընդունել է իր մեղքը: 2017թ. հոկտեմբերի 26-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ա. Հովսեփյանին մեղավոր ճանաչել առաջադրված հոդվածներով եւ նրան դատապարտել 3 տարի, 1 ամիս ժամկետով ազատազրկման: Սույն դատավճիռը մեկ ամիս ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:
ՎԱՏ ՀՅՈՒՐԸ
Կարինե Չիբուխչյանը ժամանակավորապես բնակվելով Ենոքավան գյուղի բնակիչ Սերգեյ Փաշինյանի տանը՝ ուրիշի գույքը զգալի չափերով հափշտակելու դիտավորությամբ տան սենյակներից մեկում առկա պահարանի վրայից Ս. Փաշինյանից գաղտնի վերցրել է նրա անվամբ հաշվառված «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի բանկային քարտը եւ 2017թ. հունիսի 16-ին, գնալով Իջեւան քաղաք, բանկային քարտի միջոցով ապօրինի մուտք է գործել «Յունիբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղին կից պահեստարան հանդիսացող բանկոմատ եւ կանխիկացնելով՝ հափշտակել 100 հազար դրամ: Կ. Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Գողությունը, որ կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով): Սույն հոդվածը նախատեսում է 500 հազարից մինչեւ մեկ միլիոն դրամի չափով տուգանք կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում: Կ. Չիբուխչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը այդպես էլ չի վաճառվում` գնորդ չունենալու պատճառով: Տեղեկացնենք, որ երեկ եւս պետք է տեղի ունենար գերատեսչության շենքի աճուրդը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ աճուրդը կրկին չի կայացել գնորդ չլինելու պատճառով: ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից մեզ փոխանցեցին, որ շենքի հաջորդ հերթական աճուրդը կկայանա նոյեմբերի 15-ին: Ի դեպ, գույքի գնահատված արժեքը կազմում է 13 մլրդ 223 մլն 413 հազար դրամ: Ի տարբերություն սովորական աճուրդների՝ այս շենքի դեպքում գինը աճուրդից աճուրդ անփոփոխ է մնում:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը անցած տարվա նոյեմբերի 14-ից է փորձում վաճառել նախարարության շենքը, բայց այդպես էլ չի հաջողվում: Այդ պատճառով ՀՀ կառավարությունը այս տարվա օգոստոսի 3-ին որոշել էր նշված նախարարության շենքը դասական աճուրդով օտարել: ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ շենքը վաճառելու նպատակով 6 ամսվա ընթացքում պետք է կազմակերպվեն աճուրդները: Եւ 15 օրը այն ժամկետն է, որը պահանջվում է աճուրդից առաջ առնվազն հրապարակային ծանուցում անելու համար: Այս պատճառով է մինչեւ վաճառվելը հաջորդաբար իրականացվում նախարարության շենքի աճուրդը: Իսկ եթե վեց ամսվա ընթացքում շենքը չվաճառվի, ապա այս դեպքում արդեն շենքի ճակատագիրը պետական գույքի կառավարման վարչությունը չի որոշելու, այլ կառավարությունը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շենքի աճուրդը կկազմակերպվի մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 3-ը: Իսկ եթե մինչ այս ժամանակահատվածը չծախվի, ապա կառավարությունը լրացուցիչ կորոշի կրկին աճուրդի հանել այն, թե ոչ:
Ի դեպ, նշենք, որ աճուրդի հաղթող ընկերությունը պարտավոր է վճարել գույքի` 2520 քառակուսի մետր մակերես տարածքի կադաստրային արժեքը` 151 մլն 226 հազար դրամը: Իսկ եթե, ի վերջո, գտնվի շենքի երկար սպասված գնորդը, ապա աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարի 70 տոկոսը կվճարի պետական, իսկ 30 տոկոսը` քաղաքային բյուջե:
Հ.Գ. Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այդ շենքը ցանկանում էր գնել «Ռոստելեկոմ» ընկերությունը, որի հայաստանյան ներկայացուցչության գլխամասային գրասենյակը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հարեւանությամբ է` նույն շենքում: Իսկ ինչպես հայտնի է` «Ռոստելեկոմի» հիմնադիրն էր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Մարտիրոսյանը: Ըստ որոշ տեղեկությունների` նախարար Մարտիրոսյանը փոշմանել է շենքը գնելու հարցում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ