ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐԴՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԳՑԵԼ ՍԵՎ ՑՈՒՑԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանավանի՝ Վահան Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրինությունը դիմել է ֆինանսների նախարարություն` ընդդեմ «Ալբերտ Ղարաքեշիշյան» ՍՊԸ-ի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դպրոցի տնօրինությունը պահանջել է սեւ ցուցակում ներառել Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդի Ալբերտ Ղարաքեշիշյանին պատկանող ընկերությունը:

Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ կառավարության պետական ռեգիստրի` «Ալբերտ Ղարաքեշիշյան» ընկերության հիմնադիրներն են Ալբերտ Ղարաքեշիշյանը եւ Միքայել Ղարաքեշիշյանի կինը` Լարիսա Լավրենովան: Ինչպես հայտնի է` Միքայել Ղարաքեշիշյանի որդին` Ալբերտ Ղարաքեշիշյանը, Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետն է: Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր նրա հայրը՝ ներկայիս քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Սակայն այս պաշտոնը զբաղեցնելը եւ քաղաքապետի որդի լինելը Վահան Թեքեյանի անվան թիվ 6 դպրոցի տնօրինությանը չի խանգարել ընդդեմ ընկերության բողոք ներկայացնել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ Ստեփանավանի Վահան Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրինությունը մարտի 22-ի, ապրիլի 8-ի եւ 20-ի գրություններով դիմել են «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ին եւ խնդրել ուսումնասիրել «Ալբերտ Ղարաքեշիշյան» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքերը:
Այսպես՝ գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ը արձանագրել է, որ «Ալբերտ Ղարաքեշիշյան» ընկերությունը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «բ» ենթակետը: Այսինքն՝ գնման գործընթացի շրջանակում ընկերությունը ներկայացրել է կեղծ տվյալ: Ի դեպ, այս առիթով Ստեփանավանի Վահան Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրինությունը ներկայացրել է իր փաստարկները: Դպրոցի տնօրինությունը ՀՀ ֆինանսների նախարարությանը հարցում է արել եւ խնդրել է տրամադրել տեղեկություն ընկերության վերաբերյալ: Իսկ ի պատասխան այս հարցմանը՝ ՖՆ-ի կողմից դպրոցին տրամադրվել է եզրակացություն, ըստ որի՝ ընկերությունը դպրոցի կողմից հայտարարված գնումների մրցույթին մասնակցելու հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է ժամկետանց հարկային պարտավորութուն` 1226 դրամի չափով:
Մինչդեռ «Ալբերտ Ղարաքեշիշյան» ընկերությունը դպրոցի կողմից կազմակերպված գնման ընթացակարգին հայտնել էր, որ ՀՀ հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով ժամկետանց պարտքեր չունի:
Գնումների աջակցման կենտրոնը իր հերթին եւս դիմել է պետական եկամուտների կոմիտե եւ խնդրել հայտնել տեղեկություն, թե, ի վերջո, որքան պարտք է ունեցել ընկերությունը մրցույթին մասնակցելու հայտը ներկայացնելու օրը: Ինչից հետո ՊԵԿ-ը կենտրոնին հայտնել է, որ Վանաձորի հարկային տեսչության կողմից դպրոցին տրվել է եզրակացություն այն մասին, որ ընկերությունը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 1226 դրամի չափով ժամկետանց հարկային պարտավորություն:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գնումների բողոքարկման խորհուրդը պարզել է, որ «Ալբերտ Ղարաքեշիշյան» ընկերությունը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «բ» ենթակետը, այսինքն՝ նախատեսված գնման գործընթացի շրջանակում կեղծ տվյալ է ներկայացրել: Ստացվում է, որ քաղաքապետի որդուն պատկանող ընկերությունը դպրոցի տնօրինությանը խաբել է` ներկայացնելով, թե ժամկետանց պարտքեր չունի, բայց հակառակն է պարզվել: Այսինքն՝ ընկերությունն ունեցել է 1226 դրամի հարկային պարտավորություն, ինչը թաքցնելը եւս համարվում է կեղծ տվյալ ներկայացնել: Եւ չնայած սրան` գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է «Ալբերտ Ղարաքեշիշյան» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում ներառելու նախաձեռնած բողոքը մերժել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խորհուրդը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունը գնման գործընթացի շրջանակում կեղծ տվյալ ներկայացնելուց հետո հաշված մեկ տարվա ընթացքում գնման որեւէ գործընթացի չի մասնակցել: Արդյունքում խորհուրդը համարել է, որ միայն կեղծ տվյալ ներկայացնելը չի կարող ընկերությանը սեւ ցուցակում ներառելու հիմք լինել:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վահան Թեքեյանի անվան դպրոցի Նունե ներկայացած հաշվապահի հետ, ով ներկայացրեց, որ քաղաքապետի որդու ընկերությունը տեւական ժամանակ է, ինչ դպրոցին մատակարարում է բնական սեղմված գազ: «Մենք այդ ընկերությունից ձեռք ենք բերում բնական սեղմված գազ, որով եւ դպրոցի աշակերտներին թաղամասերից տեղափոխում ենք դպրոց, ապա` տուն: Բայց նշված ընկերությունը 1200 դրամի չափով պարտք է ունեցել, դրա համար էինք դիմել ֆինանսների նախարարություն»,- պատմեց դպրոցի հաշվապահը:
Իսկ ահա «Ալբերտ Ղարաքեշիշյան» ՍՊԸ-ի հիմնադիր Ալբերտ Ղարաքեշիշյանը, անդրադառնալով այս հարցին, ժպտալով արձագանքեց. «Մենք 1200 դրամի պարտք ունեինք ու այդ պատճառով ընկել էինք սեւ ցուցակ: Հաշվապահի կողմից թույլ տված խախտման արդյունքում եղավ դա: Հիմա ամեն բան կարգին է, եւ ընկերությունը շարունակում է գազ մատակարարել դպրոցին»:
Նկատենք, որ այս պատմության մեջ եթե լիներ մեկ այլ ընկերություն, որը պատկաներ հասարակ քաղաքացու, այլ ոչ թե քաղաքապետի որդու, ապա որոշումը միանգամայն այլ կլիներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

«ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՎ ԿԵՂՏՈՏ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐՆԵՐ
Վարչապետ Կարեն Կարապետյանը հռչակել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի բնակավայրերը կենցաղային աղբից մաքրելու աշխատանքներ են կատարվել:


Նկատենք, որ այս տարի արդեն 3 անգամ համապետական շաբաթօրյակներ են անցկացվել, որին մասնակցել են պետական կառույցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գործող hիմնարկությունների աշխատողները: Տավուշի մարզի անտառներում բազմաթիվ են հուշաղբյուրները, որոնք մարդկանց քեֆերի սիրված վայրեր են: Այդ աղբյուրները կառուցվել են կյանքից վաղաժամ հեռացած մարդկանց հիշատակին, եւ կարելի է ասել` յուրատեսակ սրբավայրեր են: Սակայն այդ հուշաղբյուր-սրբավայրերի շրջակայքում աղտեղություն է տիրում: Մարդիկ քեֆ անելուց հետո շրջակայքում թափել են պլաստմասսե շշեր, ցելոֆոնե տոպրակներ, ծխախոտի տուփեր եւ այլն: Շատ հուշաղբյուրների շրջակայքում չկան աղբամաններ, քեֆ արած մարդիկ աղբը թափել են հուշաղբյուրի կողքին:
Տավուշի մարզում հուշաղբյուրներ կան, որոնք գտնվում են միջպետական ավտոճանապարհի եզրին, դրանք նույնպես կեղտոտ վիճակում են: Արտասահմանցի զբոսաշրջիկները, տեսնելով միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող հուշաղբյուրների կեղտոտ շրջակայքը, վատ կարծիք են կազմում Հայաստանի եւ նրա բնակիչների մասին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս