ՈՍՏԻԿԱՆԻ ԵՐԿՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա հուլիսին՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին, Սարի թաղում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների գործով դատաքննությունը գնալով աբսուրդի է վերածվում: Ինչպես հիշում եք՝ երբ ոստիկանությունը փակել էր Սարի թաղից Խորենացի փողոց տանող հատվածը, բախումներ եղան քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: Քրեական գործն էլ հարուցվեց քաղաքացիների կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ, բնականաբար, միայն ոստիկանների ցուցմունքների եւ վկայությունների հիման վրա: Եւ ահա պարզվում է՝ կատարվածից ավելի քան մեկ տարի անց այս գործով որպես վկա անցնող ոստիկաններն այլեւս չեն գալիս դատարան՝ ցուցմունք տալու: Ու բանը հասել է այնտեղ, որ դատավոր Արթուր Օհանյանը բերման ենթարկելու որոշումներ կայացրել է նաեւ ոստիկան վկաների նկատմամբ. երեկ արդեն բերման ենթարկված ոստիկանները դատարանում էին, բայց քանի որ ամբաստանյալների պաշտպանները ներկա չէին, դատական նիստը հետաձգվեց:
Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ Հայաստանում կան պատանդներին ազատ արձակելու համար պայքարող ոստիկաններ, որոնք երեկ Արմավիրում փայլուն կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը՝ վնասազերծելով պատանդառուին՝ առանց զոհերի եւ լուրջ վնասվածքների, եւ կան ոստիկաններ, որոնք վկայություններ են տալիս՝ անմեղ մարդկանց վրա գործ սարքելու համար. ճիշտ այնպես, ինչպես 2008թ. մարտի 1-ի դեպքում էր, երբ մի ոստիկանը մի քանի գործով վկայություններ էր տալիս, բնականաբար՝ սուտ, որի արդյունքում ազատազրկվում էին քաղաքական գործիչները:

 

 

 

«Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»,- օրերս հայտարարել էր Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում խոսելով ԼՂ խնդրի մասին: Ս. Սարգսյանը չի կոնկրետացրել՝ ի՞նչ նկատի ունի «ցավոտ լուծումներ» ասելով, որո՞նք են լինելու փոխզիջումները: Բայց դժվար չէ կռահել՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ նախկին ու ներկա համանախագահների, նաեւ Հայաստանի տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի նախկինում հնչեցրած խոսքերը: Մինչ այդ, սակայն, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իշխանության մաս կազմող մեկ այլ կուսակցության՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել է. «Ի վերջո, այո՛, ցավոտ է լինելու, դա հանրապետության նախագահի նաեւ պարտականությունն է այդ մասին խոսել, ասել ժողովրդին: Բայց այսօր մենք, գոնե իբրեւ Դաշնակցություն, չենք խոսում որեւէ զիջման մասին, քանի դեռ ադրբեջանական կողմը որեւէ նախաձեռնություն, պատրաստակամություն չի հայտնել: Մենք այսօր պետք է պատրաստ լինենք ցանկացած լուծման»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ կրկին ուժեղացվել է Բաղրամյան 26-ի եւ հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը: Այդ ամենն առավել ակնհայտ երեւացել է վերջին օրերին Սերժ Սարգսյանի՝ մի քանի պետական գերատեսչություններ այցերի ժամանակ: Օրինակ՝ ՊՆ Սերժ Սարգսյանի վերջին այցի ժամանակ հրահանգվել է փակել նախարարության ապակիները, որպեսզի դրսից չերեւա, թե նախարարության որ սենյակում է անցնում հանդիպումը: ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, նշել է. «Ընդամենը նորմալ միջացառումներ են, որոնք իրականացվում են նման բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգությունը ապահովելու նպատակով: Տարածաշրջանում Դուք տեսնում եք՝ ինչպիսի աշխարհաքաղաքական պրոցեսներ են գնում, եւ մենք էլ, ըստ այդմ, մեր միջոցառումները կազմակերպում ենք: Մտահոգվելու խնդիր չկա, մենք մեր ընթացիկ աշխատանքն ենք կատարում»:

 

 

 

 

Ամանորին երկու ամիս է մնացել, սակայն հայաստանյան մի շարք հանգստյան տներում այդ օրերի համար տեղերի մեծ մասը զբաղեցված է: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ անցկացրած փոքրիկ հարցման արդյունքում: Միայն թե, նկատենք, որ տանից դուրս Ամանորը նշելը հատկապես ՀՀ տարածքում բավական թանկ հաճույք է. Ծաղկաձորի, Աղվերանի հանգստյան տներում ամանորյա փաթեթների արժեքը սկսում է հիմնականում 500 հազար դրամից, եւ եթե ընտանիքը երկու հոգուց ավելի է, ապա գինը գերազանցում է 1 մլն դրամը: Քիչ չեն նաեւ Ամանորը հարեւան Վրաստանում դիմավորող հայերը. այնտեղ անհամեմատ ավելի էժան է, եւ կարելի է մինչեւ 500 դոլարի սահմանում 5 օր անցկացնել:

 

 

 

 

ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ստորագրելու շուրջ ինտրիգը շարունակում է պահպանվել. չնայած ե՛ւ ԵՄ, ե՛ւ ՀՀ պաշտոնյաները հայտարարել են, թե որեւէ խոչընդոտ չկա նոյեմբերի 24-ին կայանալիք Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովում փաստաթուղթը ստորագրելու հարցում: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով մեկնել ՌԴ՝ մասնակցելու Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը: Այսինքն՝ մինչեւ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովը, նա լինելու է Մոսկվայում, ենթադրվում է՝ ճշտելու նաեւ որոշ հարցեր: Ու քանի որ նախկինի դառը փորձը կա, երբ հինգ տարի շարունակ եվրոասոցացման ուղին բռնած Սերժ Սարգսյանը 2013թ. սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հանկարծակի հայտարարեց ԵԱՏՄ իրավախորհրդին՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին, չի բացառվում նույնի կրկնությունը: Երեկ այդ առումով որոշակի անհանգստություն կար, հատկապես ԵՄ-ՀՀ համաձայնագրի կողմնակիցների մոտ:
Չնայած, նկատենք, օրերս ՀՀԿ քաղաքական դպրոցում ավելի վաղ՝ այս տարվա օգոստոսին, «Բազե» երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել էր, թե ՀՀ-ն 2013թ. այդ փաստաթուղթը չի ստորագրել ԵՄ-ի պատճառով. «Մենք բանակցում էինք ե՛ւ Եվրասիական տնտեսական միության հետ, ե՛ւ Եվրամիության հետ, որովհետեւ ի սկզբանե երկու կողմերն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»: Այսինքն՝ մինչեւ վերջերս տարածված էր տեսակետը, թե Հայաստանին Ռուսաստանն է արգելել նախաստորագրել Եվրոասոցացման համաձայնագիրը: Առավել եւս, երբ եվրոպացի պաշտոնյաներն էլ իրենց հայտարարություններում բացահայտ հայտարարում էին այդ մասին՝ ՌԴ-ին մեղադրելով ՀՀ-ին շանտաժի ենթարկելու մեջ. ժամանակին այդ մասին հայտարարել էին ԵՄ գրեթե բոլոր պաշտոնյաները: Միաժամանակ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ համոզում էին, թե Հայաստանը չի կարող միաժամանակ ՀԱՊԿ-ում լինել ռազմաքաղաքական մի դաշինքի անդամ, մյուս կողմից՝ անդամակցել տնտեսական այլ միավորման՝ տվյալ դեպքում նախաստորագրելով ԵՄ-ի հետ ազատ, համապարփակ առեւտրի համաձայնագիրը:
Ու հիմա պարզվում է բոլորովին հակառակը. ԵՄ-ն ինքն է Հայաստանի առաջ կամ-կամ պայմանը դրել: Գոնե այդպես է հայտարարել Սերժ Սարգսյանը եւ հայտարարել ոչ մեկ անգամ: Հետաքրքրականն այն է, որ ԵՄ-ից այդպես էլ որեւէ հերքում չի եղել եւ ոչ էլ արդարանալու փորձ: Տեսնես ինչո՞ւ:

 




Լրահոս