Վարչապետ Կարեն Կարապետյանի դրայվը գնալով մարում է: Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նրա երեկվա ելույթում տնտեսական կանխատեսումներն այնքան էլ ոգեւորիչ չէին:
Ճիշտ է՝ վարչապետն ու իր թիմը խոսում էին տնտեսական աճի մասին, նույնիսկ կանխատեսումներ հնչեցրին, թե հաջորդ տարի սպասվում է ՀՆԱ-ի 4,5 տոկոս աճ, նաեւ աճ բոլոր ոլորտներում: Բայց մյուս կողմից կար նաեւ որոշակի թերահավատություն. «Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ՝ աստիճանաբար նվազեցնելով տնտեսական աճի ներուժը: Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիմքերը դեռեւս բավարար ամուր չեն՝ երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը: Բայց որպեսզի ամեն ինչ շատ վատ չերեւա, նա նաեւ հավելել է. «2017 թ. հաստատվեց բյուջետային մի շրջանակ, որը բնորոշում է տնտեսական իրավիճակի կայունացումը: Ինչ վերաբերում է 2018 թ. բյուջետային շրջանակին, ապա վերջինով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը…Նշված ցուցանիշին հասնելը բոլորիցս մեծ ջանքեր եւ ծավալուն աշխատանք կպահանջի»:
Հայաստանի տնտեսությունը «արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով» բնութագրվում է ոչ թե վերջին մի քանի տարիներին, այլ արդեն բավական երկար ժամանակ: Բայց իշխանություններն այս տարիներին այդպես էլ որեւէ քայլ չարեցին իրավիճակը փոխելու եւ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Չարեցին, որովհետեւ ստեղծված իրավիճակը միանգամայն ձեռնտու է իրենց, քանի որ տնտեսական բոլոր անհաջողություններն ու ձախողումները կարողանան պայմանավորել արտաքին միջավայրով՝ իրենց վրայից գցելով պատասխանատվությունը: Ու որեւէ կասկած չկա. եթե վաղը կառավարությունն իր առաջ դրված ցուցանիշները չապահովի, որպես պատճառ մատնանշելու է արտաքին աշխարհից ներթափանցած բացասական ցնցումները:
Բայց Կարեն Կարապետյանի՝ երեկվա հայտարարություններն ուշագրավ էին մեկ այլ առումով. իր պաշտոնավարման հենց սկզբից վարչապետը մի քանի անգամ հայտարարել էր, թե Հայաստանը կայուն տնտեսական աճ կարող է ունենալ 2018 թվականից, իսկ այս տարին, նրա խոսքերով, պետք է լիներ ախտորոշման, կառավարման համակարգի բարեփոխումների եւ կայունացման շրջան: Նույնիսկ «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել էր. «Հենց մենք կարողանանք կայունացնել տնտեսական իրավիճակը, մենք կկարողանանք կայուն աճ գրանցել 2018 թվականից»: Մինչդեռ հիմա, փաստորեն, նա կասկածի տակ է դնում հաջորդ տարվանից կայուն աճ ունենալու հեռանկարը՝ այդ ամենը պատճառաբանելով, թե աճի հիմքերը դեռ բավարար ամուր չեն: Հետաքրքիր է՝ իսկ ինչո՞վ էր զբաղված կառավարությունն այս մեկ տարվա ընթացքում՝ աճի հիմքերը բավարար չափով ամրացնելու փոխարեն: Թե՞ շոուների ընթացքում այդպես էլ ժամանակ չունեցան լուրջ գործով զբաղվելու համար:
Եւ հետո մի փաստ էլ. եթե հիշում եք՝ երկարաժամկետ բարձր տնտեսական աճի մասին խոսել էր Սերժ Սարգսյանը այս խորհրդարանի անդրանիկ նիստում՝ իր ուղերձի ժամանակ, ու հիմա վարչապետն անուղղակի կասկածի տակ է դնում նաեւ այդ խոստման իրականացումը:
Ի դեպ, սա Կարեն Կարապետյանի՝ երեկվա միակ ուշագրավ հայտարարությունը չէր. նա նաեւ խոսել է բյուջետային ծախսերի մասին՝ ասելով. «Միջնաժամկետ հորիզոնում, չնայած հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակվելու է սահմանափակված մնալ պարտքի կայունության ապահովման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսական աճի կայուն հիմքերի ապահովման հարցում»: Այլ կերպ ասած՝ նա այդպես անուղղակի ընդունել է, որ բյուջետային ծախսերում իրենք չեն կարող շատ ազատ լինել, պետական պարտքի կայունությունը պահպանելու անհրաժեշտություն կա: Իսկ անհրաժեշտություն կա, որովհետեւ ինը տարի շարունակ իշխանություններն ավելացրել են պետական պարտքը, եւ շուտով այն կմոտենա 7 մլրդ դոլարի սահմանագծին:
Ու մի փաստ էլ. վարչապետը երեկ նշել է, թե. «Համոզված եմ, որ քննարկումների արդյունքում կունենանք այս պահի դրությամբ մեր երկրի եւ քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող եւ մեր զարգացման ծրագրերի ընթացքն ապահովող բյուջե 2018 թ. համար»:
Հետաքրքիր է՝ եթե հաջորդ տարվա բյուջեում նախատեսված չէ ո՛չ թոշակների, ո՛չ նպաստների, ո՛չ աշխատավարձի աճ, փոխարենը միջինը 4 տոկոս գնաճ են կանխատեսել, ապա ինչպե՞ս է բյուջեն լավագույնս արտահայտելու քաղաքացիների շահերը: Թե՞ քաղաքացիներ ասելով՝ նա նկատի է ունեցել իշխանական էլիտան՝ իրենց մերձավոր-բարեկամներով, քավոր-սանիկներով հանդերձ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՉԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Արմավիրում երեկ տեղի ունեցած միջադեպը շոկ էր: Համենայն դեպս, նորանկախ Հայաստանում դժվար է հիշել՝ երբեւէ եղե՞լ է դեպք, որ զինված ներխուժեն ու պատանդ վերցնեն մանկապարտեզի երեխաներին: Ճիշտ է՝ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում կատարվածը «կենցաղային հողի վրա էր», քանի որ պատանդառուն այդպես փորձում էր հաշիվներ պարզել զոքանչի հետ, որն, ի դեպ, մանկապարտեզի տնօրենն է: Բարեբախտաբար, իրավիճակը մի քանի ժամ անց հանգուցալուծվեց. ոստիկանները վնասազերծեցին պատանդառուին: Եւ այսպես՝ երեկ՝ ժամը 16:25-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ Արգամ Հովիկյանը ներխուժել էր Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ եւ պահանջել կնոջը: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ կինը որոշ ժամանակ առաջ տանից հեռացել էր. ինչ-ինչ պատճառներով նրանց երեխան լույս աշխարհ չի եկել, եւ այդ ամենի համար Հովիկյանը որոշել է զոքանչից վրեժ լուծել, քանի որ նրան լուրեր են հասել, թե ամենի մեղավորը զոքանչն է եղել: Մյուս կողմից՝ Հովիկյանը փորձել է գտնել տանից հեռացած կնոջը, բայց նրա գտնվելու վայրը չեն հայտնել: Նա էլ ստիպված որոշել է հարցերն այդպես լուծել: Մանկապարտեզում պատանդ է վերցրել զոքանչին՝ Ռոզա Վարդանյանին, եւ մի երեխայի: Շուրջ 4 ժամ ոստիկանությունը բանակցություններ է վարել, որ տղամարդը թողնի երեխային եւ զոքանչին, սակայն ավելի ուշ, երբ պատուհաններից երեւացել է, թե ինչպես տղամարդը զոքանչին «այս ու այն կողմ է քաշում», վնասազերծել են՝ երեք անգամ կրակելով: Ոստիկանությունը 3 տարեկան երեխային դուրս է բերել մանկապարտեզից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վնասազերծման ժամանակ պատանդառուն ինքնավնասում է արել. սրտի եւ մատերի շրջանում։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվում։ Ավելի ուշ հիվանդանոց է գնացել նաեւ պատանդառուի «կորած» կինը:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ քր.օր.-ի 218 հոդվածի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ երեխային պատանդ պահելը:
ՔՑԵԼ ԵՆ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությանը «գցել են»: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ «Սլավ Գրուպ» ՓԲ ընկերություն դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ Արմեն Սիմոնյանից հօգուտ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի բռնագանձվի 1 միլիոն 730 հազար դրամ: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նրա հայցը: Նկատենք, երբ այլ մարմիներ են դատարան դիմում ընդդեմ «Սլավ Գրուպ»-ի, դատաքննության փուլում հրաժարվում են իրենց հայցից: Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը աղբահանության համար շուրջ 2 միլիոն դրամի չափով դատական հայց էր ներկայացրել պատգամավորին պատկանող ընկերությանը, իսկ ահա ավելի ուշ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հրաժարվել էր հայցից: Ստացվում է, որ պատգամավորը կարողանում է ուրիշներին դատի տալ եւ հաղթել, բայց երբ նրա դեմ է որեւէ մեկը քայլ իրականացնում, ճանապարհի կեսից հանձնվում է:
ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
Նոյեմբերի 15-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»: Նա մասնակցելու է Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը, որը կայանալու է նոյեմբերի 15-ին:
ԲԵՌԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է
2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասել է. «Հարկային օրենսգրքի անարդյունավետ կամ հանրային բացասական հնչողությունը բերելու է նրան, որ մենք՝ պատգամավորներս, առանձին օրենսդրական նախաձեռնություններով հանդես գանք ու շտկենք, բայց չէ՞ որ մենք Հարկային օրենսգիրքն ընդունել ենք նրա համար, որ երկար ժամանակ խաղի կանոնները չփոխվեն»: Նա նշել է, որ այսօր Հայաստանում միջին աշխատավարձը 190 հազար դրամ է, իսկ առաջիկայում պետք է որ աճի. «Եթե կանգնելու է, ասեք, իմանանք, եթե չէ, այն հարկային բեռը, որ 26-ը դարձնում ենք 28 տոկոս, միջին աշխատավարձ ստացող մարդկանց վրա էականորեն մեծանում է: Այս երկրում նվազագույն աշխատավարձը եւ թոշակը, ի վերջո, պետք է բարձրանան»: Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ երբ գործազրկությունը սկսում է նվազել, անխուսափելի է բարձրացումը: «Մենք ասացինք, որ կայունացնելու ենք իրավիճակը, 2018-ին ունենալու ենք զարգացման մեկնարկ ու դրանից հետ սկսելու ենք սոցիալական խնդիրները լուծել»,-նշել է նախարարը:
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ հաջորդ տարվա բյուջեով կենսաթոշակներն ու նպաստները չեն բարձրացվել, բայց այս 2 տարվա տվյալով ունենք ընդհանուր 6.7% գնաճ: «Եթե թոշակներն ու նպաստները չեն բարձրացնում, սա նշանակում է, որ կառավարությունը վարում է ոչ թե աղքատության նվազեցման, այլ աղքատության մեծացման քաղաքականություն»,-նշել է Ն. Փաշինյանը: Նա ուշադրություն է հրավիրել, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու մաքսային նոր դրույքաչափերը, որոնք բարձրացնելու են լայն սպառման ապրանքների գները, եւ բյուջեն այս առումով ոչ ադեկվատ է: «Համը բերաններն է մնացել վերջին ընտրություններից, որ որքան մարդիկ անպաշտպան են, այնքան հեշտ է նրանց տանել ընտրատեղամաս»,-ասել է պատգամավորը:
ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն
Նոյեմբերի կեսերին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է ադրբեջանական Trend գործակալությանը: Հանդիպման վայրը դեռ չի որոշվել, բայց հայտնի է, որ հանդիպումներ կանցկացվեն երկու նախարարների հետ առանձին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով ո՛չ հանդիպման մասին, ո՛չ արտգործնախարարների եւ Մինսկի խմբի համանախագահների, ո՛չ էլ երկու արտգործնախարարների միջեւ հանդիպման վերաբերյալ որեւէ վերջնական պայմանավորվածություն չկա: «Եթե հանդիպման, դրա ձեւերի, ժամկետների եւ վայրի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն լինի, մենք կտեղեկացնենք»,-նշել է Տ. Բալայանը: