Երեկվա ցույցից հետո ԵՊՀ-ում գրավոր նկատողություն են հայտարարել բացականերին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էապես սահմանափակել ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը, մեծ դժգոհություն է առաջացրել ուսանողների մոտ: Եւ երեկ վաղ առավոտից «Հանուն գիտության» նախաձեռնության անդամների նախաձեռնությամբ ԵՊՀ-ում մեկնարկեց դասադուլների շարքը: Դասադուլի մասնակիցները երթով շարժվեցին Ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ճարտարապետության եւ շինարարության համալսարան` կոչ անելով մյուս ուսանողներին եւս միանալ իրենց: Դասադուլի մասնակիցները երեկ նաեւ նամակ ուղարկեցին ՊՆ եւ ԿԳ նախարարություն եւ պատրաստվում են այսօր եւս շարունակել իրենց ակցիան:

Բնականաբար, ԵՊՀ ղեկավարությունը երեկ փորձեց ամեն գնով խոչընդոտներ ստեղծել դասադուլի մասնակիցների համար. մասնավորապես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԵՊՀ-ում փակել են ֆակուլտետների դռները՝ զրկելով ուսանողներին դուրս գալու հնարավորությունից, եւ բացի այդ՝ գրավոր նկատողություն են հայտարարել բացականերին: Բայց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուսանողները պնդում էին, որ իշխանություններին չի հաջողվի նման քայլերով իրենց ետ պահել պայքարից:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2003-2004թթ. եւս փորձել էր օրենսդրական նման նախաձեռնությամբ հանդես գալ ու կրկին արժանացել էր դիմադրության՝ արդյունքում` առժամանակ հրաժարվելով այդ նախագծից»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս