70-ից ավելի հայ հայտնիների YouTube-ի էջերի արգելափակումը կարող է խարդախության հետևանք լինել․ Սամվել Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս 70-ից ավելի հայ հայտնիների՝ YouTube-ի պաշտոնական էջերը արգելափակվել են: Նրանցից շատերը ոչ միայն չեն կարողանում վերականգնել իրենց էջերը, այլեւ, ոմանց բնորոշմամբ, չգիտեն` ինչն է արգելափակման պատճառը: «Շատերիս էջերն են արգելափակվել, բայց մեզնից մի քանիսինը վերականգնվել է:

Հուսանք՝ մյուսներինը եւս կվերականգնվի։ Այնտեղ իմ տարիների կատարած աշխատանքն է ներկայացված, եւ եթե հարցը չլուծվի, ամբողջ աշխատանքս հնարավոր է՝ կորչի։ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչը կարող էր լինել մեր պաշտոնական էջերը արգելափակելու պատճառը»,- ասել է երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով եւս հայտնվել է YouTube-ի թիրախում: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

-Սամվե՛լ, ի՞նչը կարող է լինել յոթ տասնյակ աստղերի յութուբյան էջերի արգելափակման հիմնական պատճառը: Դուք Ձեր տարբերակը ունե՞ք:

-Ամենահավանական պատճառն այն է, որ այդ անձանց յութուբյան էջերի գործարկման ժամանակ օգտագործվել են խարդախ մեթոդներ` դիտումներ եւ հավանություններ հավաքելու համար: YouTube-ն արգելում է դրանք: Հնարավոր է նաեւ, որ YouTube-ն ավելի է լրջացրել մոտեցումները: Բացի այդ` շատերը գումար վաստակելու համար օգտագործում են միջնորդ գովազդային հարթակներ: Նման խոշորագույն հարթակներից մեկը օրեր առաջ փակվեց: Միգուցե այնտե՞ղ էլ կար խնդիր: Բայց սա ընդամենը վարկած է: Կարող է համընկնում լինել:

-Շատերն ասում են, որ գլխի չեն ընկնում` ո՞րն է իրենց էջի արգելափակման պատճառը: Սա Ձեզ արժանահավատ թվո՞ւմ է:

-Դե, իրականում չեն կարող հստակ իմանալ, քանի որ YouTube-ը մանրամասն չի բացատրում, ընդհանրական բացատրություններ է տալիս` խարդախություն, սպամ եւ այլն:

-Միանգամից 70 հոգու յութուբյան էջերի արգելափակումը Հայաստանի համար փոքր թիվ չէ: Դուք այլ երկրների պարագայում ծանո՞թ եք նման նախադեպերի:

-Ուրիշ տեղերից զանգվածային արգելափակումների վերաբերյալ տեղեկություն չունեմ, բայց 70 էջի փակումը Հայաստանի համար է մեծ թիվ, աշխարհի մասշտաբով դա մեծ թիվ համարել չես կարող:

-Ի՞նչ կարող են անել երգիչ-երգչուհիները` նման իրավիճակից դուրս պրծնելու համար:

-Պետք է բողոքարկել, բայց շանսերը քիչ են:

-Իսկ ի՞նչ անեն մյուսները` նման դեպքերից խուսափելու համար:

-Թող չվստահեն իրենց յութուբյան ալիքները մարդկանց, որոնց գործողությունները չեն վերահսկում:

-Երգչուհիներից ոմանք ասել են, որ իրենք գրանցված են «Հայ ֆանատ» էջին, սակայն չեն կարող ասել` խնդիրը «Հայ ֆանատ»-ինն է, թե՞ YouTube»-ինը:

-Որեւէ էջին գրանցվելը նման խնդիր չի կարող առաջացնել:

-Այսինքն՝ պետք է ենթադրել, որ YouTube-ը նոր համակարգ է միացրել եւ փորձում է ավտոմատացված կերպով հետեւել խախտումների՞ն:

-Այո՛, վերահսկողության ծրագրերը, որոնք գտնում են խախտող ալիքներին, անընդհատ թարմացվում են:

-Եվ վերջում` բացի այն, որ ոչ վստահելի մարդկանց չի կարելի հանձնել յութուբյան ալիքները, էլի ի՞նչ խորհուրդներ կտաք հայտնիներին` արգելափակումները կանխելու համար:

-Ամենակարեւորը` թող չփորձեն դիտումներն ու հավանությունները ստանալ խարդախ ձեւերով: Դա ամենավտանգավորն է: «Լայքերի» ու դիտումների լցոնումը կարող է բոլորի վրա վատ անդրադառնալ. լավագույն դեպքում YouTube-ը նվազեցնում է դիտումները, վատագույն դեպքում` արգելափակում:

Հավելենք, որ երգչուհի Գաբի Գալոյանը եւս հայտնվել է YouTube-ի «սեւ ցուցակում»: Նա նշել է, որ իր պրոդյուսերն ԱՄՆ-ում վարձել է համապատասխան մարդկանց, որոնք զբաղվում են խնդրի պատճառները հասկանալով: Գաբին եւս նշել է, որ սպասում են «Հայ ֆանատի» բացատրությանը, որից հետո միայն կանցնեն հստակ գործողությունների:

Աննա Բաբաջանյան




Լրահոս