Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության մասին նոր մանրամասներ են հրապարակվել։ Կասկածներ կան, որ կինը կապ ունի 80 միլիոն ռուբլու անհետացման հետ։ Պետությունն այդ գումարը հատկացրել էր թատրոնի զարգացման համար։
Իրավապահ մարմինները կասկածում են, որ երկու տարվա ընթացքում, երբ Արմեն Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, բյուջետային գումարներն օֆշորներ են տեղափոխվել։ Խոսքը 80 միլիոն ռուբլու կորստի մասին է, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։
«Վիտալինայի պաշտոնավարման օրոք թատրոնից արտասահմանյան օֆշոր է հանվել մոտ 80 միլիոն ռուբլի։ Արմեն Ջիգարխանյանի դրամատիկական թատրոնին պետական բյուջեից հատկացվող գումարները բանկ էին գնում, այնտեղից վճարվում էին տարբեր գնումները։ Գնումների մի մասն իսկապես արվել է, իսկ մի մասն էլ միայն թղթի վրա է մնացել։ Բոլոր պայմանագրերի ու գնումների վերաբերյալ փաստաթղթերն առգրավվել են ու փորձաքննության ուղարկվել», — «ԿՊ»-ին պատմել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Ինչպես հայտնում է արտիստի մոտ ընկեր Արթուր Սողոմոնյանը, դերասանը գիշերում է թատրոնի իր աշխատասենյակում և սպասում ապահարզանի գործով դատական նիստին, որը կկայանա նոյեմբերի 9-ին։
Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի` Վիտալինան ամսական ավելի քան 660 հազար ռուբլի աշխատավարձ է ստացել, այն դեպքում, որ Անդրեյ Մալախովի շոուի ժամանակ հայտնել է, որ թատրոնում իր աշխատավարձը 40 հազար ռուբլի է կազմել։