ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան վերջին այցի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ոգեւորությամբ հայտարարել էր, թե ՀՀ-ՌԴ առեւտրաշրջանառությունն այս տարվա ութ ամիսներին աճել է 23.5 տոկոսով: Մեդվեդեւն էլ շտապել էր ուղղել նրան՝ ասելով, թե իր մոտ եղած թվերն «ավելի լավն են»՝ ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, եւ խորհուրդ էր տվել այդ ցուցանիշն օգտագործել: Բայց երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները, եւ պարզ դարձավ, որ հատկապես ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառության ոլորտում լուրջ անկում է արձանագրվել. 9 ամիսների ընթացքում աճը կազմել է ընդամենը 15.1 տոկոս. եթե նախորդ տարվա ինը ամիսներին ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունը կազմել էր 1 մլրդ 057,4 մլն դոլար, ապա այս տարի այն ավելացել է ընդամենը 158.7 մլրդ-ով ու կազմել 1 մլրդ 216.2 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ ԵՄ երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալների աճն ավելի շատ է՝ 25.1 տոկոս: Ընդ որում, եթե դեպի ՌԴ արտահանման աճը 25.2 տոկոս է եղել (արտահանվել է 337.4 մլն դոլարի ապրանք), ապա ԵՄ անդամ երկրներ արտահանումն աճել է 33.8 տոկոսով (արտահանվել է 462.9 մլն դոլարի արտադրանք):
Բայց ԱՎԾ երեկվա հրապարակումներում ամենամտահոգիչը մեկ այլ ցուցանիշ էր. Հայաստանի ժողովրդագրական վիճակն այլեւս դարձել է ազգային անվտանգության սպառնալիք. միայն վերջին հինգ տարվա ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է 302.4 հազարով: Իսկ ծնելիության, բնական հավելաճի ցուցանիշները 2017-ին վերջին հինգ տարվա ընթացքում ամենացածրն են, չնայած իշխանություններն այս առումով միանգամայն այլ խոստումներ էին տվել:
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի ղեկավարած բնապահպանության նախարարությունը մտադիր է առաջիկայում արգելել Հայաստանի 22 գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Պատճառը ՀԷԿ-երի կողմից գետերին հասցված էկոլոգիական վնասներն են: Բայց ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, ՀԷԿ-եր արգելվում է կառուցել նաեւ այն գետերի վրա, որտեղ արդեն իսկ գործող ՀԷԿ-եր ունեն ՀՅԴ բարձրաստիճան դեմքերը՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Այդ գետերի վրա ՀԷԿ ունի անգամ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ընտանիքը, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «Ջերմուկ»-ի Արսենյանը: Ու արդյունքում հետաքրքիր վիճակ է ստեղծվել. ՀՀ ԲՆ-ն այսպես փորձում է փրկել ՀԷԿ-երի առատության հետեւանքով սպասվող բնապահպանական հնարավոր աղետը, միաժամանակ նաեւ «կանաչ լույս է վառում» գործող ՀԷԿ-երի համար, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, եւ եղած ՀԷԿ-երը չեն փակվի:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի երկու աշխատակից հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Պատճառը 2016 թվականին այդ կենտրոնում մահացության երկու դեպքերն են եղել. նախորդ տարի երկու ծննդկան էր մահացել՝ 38-ամյա Նաիրա Մուսայելյանը եւ 28-ամյա Տաթեւիկ Գասպարյանը: Ի դեպ, այս դեպքերից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը ստուգումներ իրականացրեց պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունում, որից հետո առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հիշյալ բուժհաստատությունում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես «Սլավմեդ»-ի վերակենդանացման բաժանմունքը համապատասխան սարքավորումներ չի ունեցել, օդափոխության միջոցները նորմայի սահմաններում չեն եղել, եւ այլն:
Ժամանակին «Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանին համարում էին ընդդիմադիր հայացքների տեր. 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո նա քաղհալածյալներից մեկն էր, որը քրեական հետապնդման պատճառով անցել էր ընդհատակ: Բայց հիմա այս ամենն անցյալում է, դեռ ավելին` Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերությունները դարձել են Սերժ Սարգսյանի աշխատակազմին ծառայություններ մատակարարող հիմնական կազմակերպություններից մեկը: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախագահականն այս տարի 2 մլն 132 հազար դրամի պայմանագիր է կնքել Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրիանս» ընկերության հետ. այդ գումարի շրջանակներում «Սիլ ինշուրիանսն» իրականացրել է նախագահականի 73 ավտոմեքենաների ապահովագրությունը:
ԷԼԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌՈՒ
Սերժ Սարգսյանի հրամանագրով Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակվել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը: Այս անունը հասարակության լայն շերտերին իհարկե ոչինչ չի ասում: Սա ոչ միայն այն պատճառով, որ Սադոյանը մղոններով հեռու է դիվանագիտությունից. մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ է: Պարզվում է՝ պատգամավորական գործունեության տասը երկարուձիգ տարիների ընթացքում՝ 2007-2017թվականներին, Ռուբեն Սադոյանն ԱԺ-ում այդպես էլ չի արտաբերել որեւէ հնչյուն, չի մոտեցել խորհրդարանական ամբիոնին, ելույթ չի ունեցել, հարց չի տվել, էլ ուր մնաց՝ ինքնուրույն որեւէ նախագիծ հեղինակեր: Կարճ ասած, նա եղել է ընդամենը կոճակ սեղմող:
Ու հիմա Սերժ Սարգսյանը այդ մարդուն որպես դեսպան գործուղում է Վրաստան՝ մի երկիր, որը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Վրաստանը մեր անմիջական հարեւանն է, միակ քրիստոնյա հարեւանը: Այս երկրով են անցնում Հայաստանի բոլոր ցամաքային ճանապարհները դեպի ՌԴ, դեպի Եվրոպա ու Միջին Ասիա. ասել է, թե քանի դեռ ՀՀ-ն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ, միմիայն Վրաստանի տարածքով է իրականացվելու Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ: Բացի այդ՝ Վրաստանում հայկական մեծ համայնք կա՝ իր խնդիրներով, կա Ջավախք, ջավախահայություն: Եւ տրամաբանությունը հուշում է, որ այդ երկիր որպես ՀՀ դեսպան պետք է պրոֆեսիոնալ դիվանագետ գործուղվեր: Մինչդեռ Ս. Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Վրաստանում ՀՀ դեսպանները եղել են դիվանագիտությունից հեռու անձինք: Ավելին՝ Սերժ Սարգսյանն օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանի պաշտոնին վերաբերվում է որպես նվերի, որը տալիս է՝ սրան-նրան գոհացնելու, սիրտը շահելու, անգործ չթողնելու համար: Ու թերեւս հենց սրանով են պայմանավորված արտաքին ճակատում Հայաստանի շարունակական պարտությունները:
Ի դեպ, Վրաստանի դեսպանի պաշտոնում Սադոյանի նշանակման մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր մոտ մեկ ամիս առաջ, եւ երբ մեկնաբանությունների համար զանգահարել էինք Սադոյանին, փորձել էր հերքել՝ ասելով, որ իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ: Ու մնում է հուսալ, որ գոնե հիմա իրեն հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանն իր մասին նման հրամանագիր է ստորագրել: Ի դեպ, տեսակետ կա, որ Սադոյանի փոխարեն իրական աշխատանքը տանելու է ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որը մեծ կապեր ունի Վրաստանում եւ իրապես կարող է հարց լուծել: Ու, ընդհանրապես, Սադոյանը Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին հայտնվեց հենց Բեգլարյանի միջնորդությամբ, քանի որ վերջինիս եղբոր սանիկն է: