2016 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել, որի ժամանակ քննարկվել էին բնակարանային գողությունների դեպքերի առթիվ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի քննության արդյունքները։ ՔԿ նախագահը խիստ բացասական էր գնահատել բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
«Որպես նախաքննական մարմին՝ պարտավոր ենք ապահովել հանցագործությունների բացահայտումը։ Տարածքներ կան, որտեղ բացահայտման ցուցանիշը զրո է։ Չենք կարող ստեղծված իրավիճակն անտեսել»,- ասել էր Աղվան Հովսեփյանը՝ անընդունելի համարելով քաղաքացիների սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման նկատմամբ ոչ բավարար միջոցների ձեռնարկումը։
«Ինքներս պետք է բացահայտենք մեր աշխատանքների բացթողումները, պատճառները եւ հետեւություններ անենք»,- ընդգծել էր ՔԿ նախագահը։
Մտահոգիչ էին գնահատվել նաեւ գողոնի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքները։
Արդյունքում, կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումներին մեկ ամիս ժամանակ էր տրվել՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու եւ միջոցառումների ծրագիր ներկայացնելու համար։
Իհարկե, մեկ տարի առաջ տեղի ունեցած ինքնաքննդատական գնահատականները որեւէ արդյունք չտվեցին: Բնակարանային գողության դեպքերը շարունակում են մտահոգիչ մնալ ՀՀ բոլոր իրավապահ կառույցների համար: ՀՀ ոստիկանությունը բողոքում է, որ ամենադժվար բացահայտվող հանցագործները բնակարանային գողերն են, քննիչները դժգոհում են, թե քիչ փաստեր կան՝ հետքի վրա դուրս գալու համար: Իսկ ահա դատախազությունը, որ վերահսկում է իրավիճակը, այս առիթով երբեք աչքի չի ընկել:
Բայց այս տարի հոկտեմբերի 27-ին ՀՀ դատախազությունը «թաքուն» կոլեգիայի նիստ էր հրավիրել՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, որի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, կրկնելով Սերժ Սարգսյանի քննադատությունները, հատուկ ուշադրություն է հրավիրել հանցագործության կանխարգելմանն ուղղված միջոցառումների անբավարարության, ինչպես նաեւ բնակարանային գողություններով պատճառված վնասի վերականգնման չափազանց ցածր մակարդակի վրա:
Նկատենք, որ ՀՀ գլխավոր դատախազը, ի տարբերություն ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, ՀՀ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի, որը խնդրի մեջ քննիչների թերություն էր տեսել, մեղավորներ չի էլ փնտրել: Դատախազի պաշտոնական հաղորդագրության մեջ մեկ տող անգամ չկա, թե ստեղծված իրավիճակը շտկելու կամ հնարավոր դեպքերը կանխելու համար ինչ է արել, իսկ ամենակարեւորը չի արել դատախազությունը՝ որպես իրավապահ համակարգի ամենաազդեցիկ եւ ամենաշատ լիազորություններով օժտված մարմին:
Փոխարենը նա դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնարարել է խստորեն հետեւել, որ բնակարանային գողությունների դեպքերով դեպքի վայրի զննությունը կատարվի լրիվ ծավալով, բացառել միայն ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա անձի կողմից գողություն կատարելը հիմնավորված համարելու դեպքերը: Իսկ բացահայտված դեպքերով ապահովել, որ կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությամբ դեպքի վայրի լրացուցիչ զննությունը կամ քննչական փորձարարությունը կատարվի ամենայն մանրամասնությամբ:
Ըստ էության ՀՀ գլխավոր դատախազը խուսափել է տիրող իրավիճակի մեջ նաեւ տեսնել դատախազների կողմից բնակարանային գողություններին մատների արանքով նայելու համատարած դրսեւորումները:
Արդյունքում, ստեղծվել է մի իրավիճակ, որ գրեթե ամեն տարի իրավապահ մարմինները տարբեր դեպքերի մասով քննարկումեր են անցկացնում, հանձնարարականներ տալիս, իրականում մեկը մյուսի վրա են գցում պատասխանատվությունը, ոստիկանությանը թիրախավորում՝ որպես «սեւագործ աշխատող», բայց վերջնարդյունքում միակ տուժողը, որի իրավունքները այդպես էլ մնում են ոտնահարված, ՀՀ քաղաքացին է: Նա այդպես էլ իր կաշվի վրա չի զգում իրականացված եւ իրականացվող քննարկումների, «խիստ» հանձնարարականների հետեւանքը: Էլի քնում է դուռը կողպած՝ վախը սրտում, որ չմտնեն տուն՝ թալանելու:
Հ. Գ. Ինչ վերաբերում է թվերին, ապա 2016 թվականի ընթացքում արձանագրված, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում բնակարանային գողությունների քանակը զգալի է: Արձանագրված 7741 դեպքից 1252-ը կամ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 16,1%-ը եղել են բնակարանային գողության դեպքեր:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
«Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները աշխատավարձի համար դատի են տվել ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի սեպտեմբերին «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն»-ի աշխատակից Ստելլա Եղիազարյանը դիմել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է՝ հոգեբուժարանը վճարի իրեն հասանելիք աշխատավարձը: Սեպտեմբերի 28-ին էրեբունի դատարանը այս գործը ընդունել է վարույթ եւ դատական նիստ նշանակել 2018 թվականի փետրվարի 26-ին: Ասել է, թե հոգեբուժարանի աշխատակիցը մյուս տարի նոր կմասնակցի իր գործով դատական նիստին, իսկ թե քանի տարի հետո դատարանը որոշում կկայացնի, դժվար է ասել:
«ԱՆԵԼԻՔ» ԲԱՆԿԸ
«Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանի սպանության գործի քննությունը արդեն երկու տարի է, ինչ շարունակվում է, եւ ինչպես ցույց է տալիս իրավիճակը, դատաքննությունը մտել է փակուղի:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 24-ին` ժամը 20:40-ի սահմաններում, Վարդանանց փողոցում որսորդական հրացանից արձակված կրակոցով սպանվեց «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանը: Ավելի ուշ պարզվեց, որ սպանությունը կատարել է տաքսու վարորդ Մկրտիչ Պողոսյանը: Նա 2012թ-ից բանկի հետ հարցեր է ունեցել եւ բազմիցս հանդիպել է բանկի իրավաբան, այնուհետեւ իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանին, բայց մերժում ստացել: Այս գործը 2015 թվականին ուղարկվել էր դատարան, եւ գործով դատավոր է նշանակվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Արմեն Բեկթաշյանը, սակայն 2 տարի է, ինչ դատաքննությունն ընթանում է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ իրավաբանական վարչության պետի սպանության գործով 2017 թվականին 16 դատական նիստ է նշանակված եղել, որից 8-ը չեն կայացել, քանի որ դատավոր Արմեն Բեկթաշյանը այլ քրեական գործերով խորհրդակցական սենյակում է գտնվել: Հոկտեմբերի 10-ի դատական նիստն էլ չի կայացել, քանի որ դատավոր Բեկթաշյանը գտնվել է արձակուրդում:
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԱՐԵԼ
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի էր ունենում լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու` Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը: ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Եղիշե Խաչատրյանի մայրը դատարանի դահլիճում իրեն վատ է զգացել, շտապ օգնություն են կանչել եւ նրան տարել են հիվանդանոց: Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակից Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:
ԿԱՍԿԱԾՅԱԼԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ պարզելու մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի բոլոր հանգամանքները: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատանդառուն վնասազերծվել է, իսկ երեխան՝ անվնաս ազատ արձակվել: Վնասազերծման ընթացքում տղամարդը դանակով վնասել է ինքն իրեն եւ անմիջապես տեղափոխվել բժշկական կենտրոն, ենթարկվել վիրահատության: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տղամարդը, մինչ երեխային պատանդ վերցնելը, մանկապարտեզում դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել իր նախկին կնոջը, ով աշխատում է նույն մանկապարտեզում որպես դաստիարակչուհի, եւ վերջինիս տատիկին, ով հանդիսանում է մանկապարտեզի տնօրենը: Երեք անձ ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատաքիմիական փորձաքննություններ: Կասկածյալը ձերբակալվել է:
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արտակ Գուրջանյանը նշանակվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետ: Թումանյանի բաժնի ոստիկանության պետ Վ. Մոսինյանի ազատման պատճառը Երեւանում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած կրակոցներով զուգորդված աղմկահարույց սպանությունն էր: