Երգչուհի Դալիթան, ով նկարահանվում է «Նվագախմբի երեխաները» հայկական առաջին բազմասերիանոց մանկապատանեկան մյուզիքլում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է իր մոդելային կարիերայի մասին, անդրադարձել է երգարվեստում հիմնավորվելու, պրոդյուսեր չունենալու դժվարություններին։ Նա պատմել է նաեւ, որ սովորում է Ամերիկյան համալսարանում, արդեն երկրորդ կուրսի ուսանողուհի է, ուսումնասիրում է ծրագրավորում։
-Դալիթա՛, սիթքոմը, որտեղ նկարահանվում եք, ինչո՞վ է առանձնանում։
-Սիթքոմը նախ տարբերվում է իր ֆորմատով, բնույթով եւ մասշտաբայնությամբ։ Մեծ հաճույքով եմ մասնակցում նկարահանումներին։ Աննայի կերպարն էլ արդեն հարազատ է դարձել։ Այժմ պատրաստվում ենք ամանորյա թողարկմանը։
-Այս տարին Ձեր մոդելային կարիերայի համար բավական արդյունավետ էր: Հաղթող ճանաչվեցիք Մալթայի «Miss European Beauty 2017», Pierre Cardin բրենդի «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության, նորաձեւության եւ տաղանդի հեղինակավոր մրցույթներում: Նոր հրավերներ կա՞ն:
-Հրավերներ իսկապես շատ ունեմ։ Ռուսաստանում նոյեմբերին մրցույթ-փառատոնի մասնակցելու հրավեր ունեի, մերժեցի ժամանակի սղության պատճառով։ Ունեի նաեւ երաժշտական մրցույթի մասնակցելու հրավեր Շվեյցարիայից, սակայն մերժեցի կրկին նույն պատճառով։ Դասերս, քննություններս թույլ չեն տալիս, որպեսզի ամբողջովին նվիրվեմ նման նախագծերի։
-Հետաքրքիր է՝ Ձեր մոդելային կարիերան ինչպե՞ս սկսվեց։ Թեպետ գիտեմ, որ փոքր հասակից մասնակցել եք գեղեցկության մրցույթների։
-Այո՛, հինգ տարեկանից արել եմ առաջին քայլերս, դարձել եմ «Փոքրիկ միսս Երեւան», «Փոքրիկ միսս Հայաստան», «Միսս տաղանդ» եւ այլն։ Իսկ արդեն ավելի ուշ այդ ոլորտում հայտնվելը ստացվեց պատահական։ Այս տարվա մայիսին որպես հատուկ հյուր մեկնել էի Մալթա՝ մասնակցելու փառատոնի։ Այնտեղ ներկա էին պրոդյուսերներ, որոնք առաջարկեցին մասնակցել «Miss European Beauty 2017»-ին։ Այդպես տվեցի իմ համաձայնությունը։ Անկեղծ ասած՝ սկզբում չէի ուզում, մայրիկս համոզեց, որ ընդունեմ հրավերը։ Երկար տարիների դադարից հետո դժվար էր նորից քայլեր անել այդ ոլորտում, սակայն ինձ հետ աշխատեցին համապատասխան մասնագետներ, եւ ամեն բան հաջողվեց։ Առաջին հաղթանակից հետո էլ ստացա երկրորդ մրցույթին մասնակցելու առաջարկը, որտեղ կրկին հաղթանակ տարա։
-Դալիթա՛, ի վերջո, երգարվեստի՞, դերասանությա՞ն, թե՞ մոդելային ոլորտն է Ձեզ ավելի հոգեհարազատ։
-Կարծում եմ՝ մեկ տարվա ընթացքում երկու հաղթանակը մեծ նվաճում է, այնպես որ մոդելային աշխարհում ավել քայլեր անելու մտադրություն առայժմ չունեմ, ինչի հասել եմ, բավական է։ Ինձ, անշուշտ, առավել հոգեհարազատ է երգարվեստը։ Թեպետ մանկությունից նկարահանվել եմ նաեւ «Կարգին սերիալում», «Ճամբարում» ֆիլմում, հանդես եմ եկել որպես դերասանուհի, այդ ոլորտում եւս ունեցել եմ հաջողություններ, ինձ ամենաշատը ձգում է երգը։ Ի դեպ, առաջիկայում մտադրություն ունեմ ուսանելու Կոնսերվատորիայում։ Պոդիումի վրա ինձ նույնքան կոմֆորտ չէ, որքան բեմում։ Այնուամենայնիվ, եթե ժամանակ առ ժամանակ հայ դիզայներների կողմից համագործակցության առաջարկ ստանամ, միանշանակ կընդունեմ։
-Դալիթա՛, իսկ Դուք պրոդյուսեր ունե՞ք։
-Կոնկրետ նախագծերի շրջանակում ունեցել եմ պրոդյուսերներ, բայց մշտական պրոդյուսեր՝ ոչ։ Ինձ համար ամեն բան արել են ծնողներս։ Հենց նրանք են մշտապես լուծել նաեւ ֆինանսավորման հարցը։
-Իսկ շոու-բիզնեսում հիմնավորվելու համար ամենամեծ դժվարությունը, որին հանդիպել եք, ո՞րն է։
-Հենց ֆինանսական խնդիրն է։ Արտերկրում, օրինակ, պրոդյուսերները ֆինանսական ներդրում են անում պոտենցիալ ունեցող արտիստի գործունեության համար, իսկ Հայաստանում՝ ոչ։ Ստիպված ենք ինքներս հոգալ բոլոր ծախսերը։
-Ամեն դեպքում, որքանով նկատել ենք՝ երգարվեստում խորը արմատներ գցելու մտադրություն ունեք։
-Այո՛։ Ի դեպ, ես ունեմ մի շարք նոր երգեր, որոնց մի մասը հեղինակել եմ ինքս, մյուս մասը նվեր եմ ստացել։ Պարզապես ժամանակ չեմ ունենում զբաղվել դրանց ձայնագրությամբ։ Այնպես որ, նոր ստեղծագործությունները սպասում են ինձ եւ իմ հանդիսատեսին։
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՉԽՈՍՏՈՎԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԻ ՓՈՇՄԱՆԵԼ
«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք նրանց անձնական կյանքի անհայտ կամ քչերին հայտնի դրվագների, մեր հրապարակումների միջոցով հայտնիները վերհիշում են իրենց կյանքի ջերմ պահերը, կատարում են խոստովանություններ, երբեմն նաեւ՝ կորցրածի համար հայտնում ափսոսանք։ Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Գուրգեն Դաբաղյանն է։
Նա համաձայն է տարածված այն կարծիքին, որ առաջին սերը երբեք չի մոռացվում։ Ավելին՝ երգիչն այն համոզման է, որ ցանկացած մարդ իր կյանքում ունենում է կիսատ մնացած սեր, իսկ թե ինչպես է դա անդրադառնում հետագա կյանքի վրա, անհատական մոտեցման հարց է։
Գուրգեն Դաբաղյանը պատմեց, որ առաջին անգամ սիրահարվել է դպրոցական տարիքում. «Այդ աղջիկը սովորում էր մեր դպրոցում, նրան այսօր էլ հիշում եմ, բայց այդպես էլ չխոստովանեցի զգացմունքներիս մասին։ Համենայնդեպս, չեմ փոշմանել դրա համար»։
Հարցին, թե արդյո՞ք այդ տարիներից ի վեր հանդիպել է իր առաջին սիրուն, երգիչը պատասխանեց, որ ոչ, նրա հետ ոչ մի շփում չունի։
Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Գուրգենը հաճախ սիրահարվող տեսակ է. «Միանշանակ ոչ։ Կարող եմ ասել, որ միասեր եմ։ Եթե մեկին էլ նվիրվում եմ, տրվում եմ անմնացորդ»։ Հարցին, թե արդյո՞ք տարիների ընթացքում Գուրգենը փոխել է իր մոտեցումները աղջիկների ընտրության հարցում, Գուրգենը տվեց դրական պատասխան. «Նախկինում ինձ դուր էին գալիս ուրիշ, հիմա՝ բոլորովին այլ աղջիկներ։ Բնական է, որ այդ առումով մարդկանց մոտեցումները փոխվում են։ Բոլորս էլ ընդլայնում ենք մեր աշխարհայացքը, փոխում ենք տեսակետները»,-պատասխանեց մեր զրուցակիցը։
Հետաքրքրվեցինք նաեւ՝ Գուրգենը մտածո՞ւմ է կարգավիճակի փոփոխության մասին, թե դեռ վաղ է այդ մասին խոսել: Երգիչը պատասխանեց. «Այո՛, իհարկե, վաղուց 16 տարեկան չեմ»։
Նա նաեւ հավելեց, որ կցանկանար երբեւէ երգ նվիրել իր սիրուն։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ