Պավլիկ Մանուկյանը վտանգի դեմ նա կանգնած է մերկ սրտով ու մերկ սրով: Այս մասին ասված է Ժիրայր Սէֆիլյանի եւ «Սասնա Ծռեր» խմբավորման շնորհավորական ուղերձում՝ ուղղված «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին: Այսօր վերջինիս ծննդյան տարեդարձն է:
Շնորհավորանքում ասվում է.
«Սասնա Ծուռ Պավել Մանուկյանի (Ապարանցի Պավլիկ) տարեդարձն է:
Պավլիկը սերնդե-սերունդ վերածնվող նվիրյալ մարտիկն է։ Նա՝ հավերժական ֆիդային, էպոսային Սասնա Ծուռ տեսակը, միշտ կա ու կլինի։
Պավլիկի հայրենապաշտ հոգին ապրում է Հայրենիքի ցավով ու երազանքով, իսկ արծվենի հայացքը մշտարթուն հսկում է վտանգին։
Վտանգը չի կարող թաքնվել նրանից, չի կարող խաբել կամ շրջանցել նրան։ Որովհետեւ վտանգի դեմ նա կանգնած է մերկ սրտով ու մերկ սրով։
Երբ վտանգը սպառնալիք է դառնում, նա առաջին շարքում է եւ Հայրենիքի զոհասեղանին է դնում ամեն ինչ։ Անմնացորդ։ Հանուն Արցախի եւ պետականության՝ 1988-94թթ.՝ իր երիտասարդ կյանքը, իսկ 2016թ. հուլիսին՝ նաեւ իր միակ որդուն։
Դժվար է ասել, թե ի՞նչն է նրա մեջ գերակշռում՝ մարտի դաշտում հաղթանակող առյու՞ծը, թե՞ քնարական վեհությունն ու մեծահոգությունը։ Այս անմեկնելի հաշվեկշռի մեջ ներդաշնակ՝ Պավլիկը զտարյուն Հայ է եւ իրավատեր Քաղաքացի։
Ուշադի՛ր նայեք Պավլիկի աչքերի մեջ եւ կտեսնե՛ք Երկիր Նաիրին․․․
Օրհնյալ լինի ծնունդդ, նվիրյալ Սասնա Ծուռ։ Կեցցե՛ այն Հայաստանը, որ գալու է քո սիրով ու սրով»: