Օրերս հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ՀՀ տարբեր անտառտնտեսություններում մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի հանցագործությունների թողտվության, հովանավորչության, կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքեր է բացահայտել:
Այս առիթով նոյեմբերի 1-ին ձերբակալվել են բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը, տեսչության ավագ տեսուչը, «Հայանտառի» անտառտնտեսության անտառապետը եւ վերջինիս օժանդակած անձը:
Հիշեցնենք, որ 2017թ. ապօրինի ծառահատման շուրջ 10 քրեական գործ է ուղարկվել դատարան, եւ ամբաստանյալի աթոռին են հայտնվել շուրջ 13 անձ:
Դավիթ Մարկոսյանը 2017թ սեպտեմբերի 6-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի հատել է 2 հատ հաճարենի տեսակի թաց, կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 720 հազ դրամի վնաս:
Վահե Գուլանյանը 2017թ. սեպտեմբերի 6-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Դիլիջան տեղամասի 10-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է 8 հատ սոճի եւ 2 հատ թեղի տեսակի թաց, կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 1 միլիոն 142 հազ 500 դրամի:
Արման Բեգլարյանը 2017թ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի 12-րդ պահաբաժնի տարածքից վնասել է 2 հատ հաճարենի տեսակի՝ 90 000 դրամ ընդհանուր սակագնային արժեքով թաց, կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 450 հազ դրամի վնաս:
Գագիկ Սանթրոսյանը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր հատվածներից շարունակաբար ապօրինի հատել է 5 հատ տարբեր տեսակի թաց, կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 219 հազ դրամի վնաս:
Հայկ Խաչատրյանը 2017թ հունիսին Իջեւանի անտառտնտեսության մասնաճյուղի Խաչարձանի անտառպետության Ածուխի հանք կոչվող հատվածում ապօրինի հատել է 2 հացենի, 2 թեղի տեսակի կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 354 հազ դրամի վնաս:
Արամայիս Զարգարյանը հունիսին Իջեւանի անտառտնտեսություն մասնաճյուղի Խաչարձանի Ածուխի հանք կոչվող հատվածում ապօրինի հատել է 4 հատ բոխի եւ 1 հատ հաճար տեսակի կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 568 հազ 500 դրամի վնաս:
Հարություն Իգիթխանյանը 2017թ. հուլիսի 13-ից մինչեւ հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում Հրազդանի անտառատնտեսության Արզական անտառամասից, բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է տարբեր տրամագծերի 10 հատ սոճի՝ պատճառելով խոշոր՝ 517.500 ՀՀ դրամի վնաս:
Սեւակ Խանումյանը՝ Իջեւանի անտառտնտեսություն մասնաճյուղի Խաչարձանի անտառապետության անտառապահը, 2017թ հուլիսի սկզբներին հորեղբոր որդուն՝ Վրույր Խանումյանին թույլատրել է պահաբաժնից ապօրինի դուրս բերել ընդհանուր 109 հազ 800 դրամ արժողությամբ բոխի եւ հաճարենի ծառատեսակների՝ 12.2մ թափուկ վառելափայտ՝ պետությանը պատճառելով 219 հազ 600 ՀՀ դրամի վնաս:
Գարուն Ավթանդիլյանը Սյունիքի մարզի բնակիչներ Արամ Դավթյանի եւ Արմեն Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ Ճակատեն անտառպետությունից 479 հազ դրամ ընդհանուր արժողությամբ կաղնի եւ բոխի տեսակի ծառեր են գողացել:
Նորիկ Դոխոլյանը 2010թ. մայիսի 25-ից մինչ օրս աշխատելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղի անտառապահի պաշտոնում՝ 2015թ. ընթացքում 2 անգամ հայտնաբերելով ապօրինի հատված ծառերի փայտանյութը անտառից դուրս բերելու փաստը՝ չի արձանագրել:
Նկատենք, որ միայն դատարան ուղարկված գործերով պետությանը հասցված վնասի ընդհանուր չափը կազմում է մոտ 5 մլն դրամ:
Քնար Մանուկյան