ԱՄՆ կառավարող շրջանակներին նախորդ շաբաթ ցնցեց նախագահ Թրամփի քարոզարշավի ղեկավար Փոլ Մանաֆորթի ու նրա օգնականի ձերբակալությունը: Առաջին անգամ գործնական քայլեր կատարվեցին Թրամփի ու ռուսական շրջանակների միջեւ կապեր որոնելու առումով: Թեպետ առաջադրված մեղադրանքներում հատուկ չի նշված ռուսական հետքի մասին, սակայն քաղաքականապես այդ իրադարձությունը մեծագույն հարված էր նախագահ Թրամփի համար: Այժմ վերլուծաբանները միաբերան պնդում են, որ Թրամփի շուրջ օղակը իրապես սեղմվում է:
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ներկայացրած մեղադրանքը չի շեշտում ռուսական հետքի հանգամանքը: Դա թույլ էր տվել Թրամփին հայտարարելու, որ առաջադրված մեղադրանքները կապ չունեն իր ու իր քարոզարշավի հետ: Թրամփը իրավաբանորեն ճիշտ է, սակայն քաղաքականապես, երբ նրա նախընտրական շտաբի նախկին ղեկավարին մեղադրում են ԱՄՆ-ի դեմ դավադրության համար, իրավիճակը չափազանց լուրջ ընթացք է ստանում: Մանաֆորթն ու նրա օգնական Գեյթսը չեն ընդունել առաջադրված մեղադրանքները, մինչդեռ ձերբակալված Ջորջ Պապադոպուլոսը ընդունել է եւ անգամ համագործակցում է իրավապահների հետ՝ նրանց մատակարարելով խորհրդապահական տեղեկատվություն: Ըստ էության երեք գործիչներն էլ դերակատարություն են ունեցել Թրամփի քարոզարշավում: Այդ ընթացքում, ըստ Պապադոպուլոսի, ռուսական շրջանակները պաշտոնապես դիմել են Թրամփի քարոզչական թիմին համագործակցության առաջարկներով: Այդ մասին հայտնի է դարձել նաեւ մեծ հավաքի ժամանակ, որին մասնակցած են եղել դեռեւս թեկնածու Թրամփը, ներկայիս գլխավոր դատախազ Սեշընսը եւ այլք:
Պապադոպուլոսի ցուցմունքները ակնհայտ հակասության մեջ են գլխավոր դատախազի՝ սենատական հանձնաժողովի առաջ արված խոստովանության հետ, որով վերջինս պնդում էր, որ որեւէ տեղեկություն չի ունեցել ռուսական կապերի մասին: Սենատի դեմոկրատ գործիչներն արդեն իսկ պահանջել են, որ դատախազը կրկնակի հարցաքննության հրավիրվի նոր հանգամանքների բացահայտման պատճառով: Թեպետ վերոնշյալ հանդիպման ժամանակ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաները բացեիբաց հրաժարվել են գործ ունենալ ռուսական շրջանակների հետ, սակայն հրապարակավ ստել էին՝ պնդելով, որ անգամ տեղյակ չեն եղել կապեր հաստատելու փորձերից: Թրամփի քարոզչական շտաբի համակարգողներից Սեմ Քլովիսը, որի թեկնածությունը գյուղատնտեսության նախարարության ղեկավար պաշտոնի համար պիտի քննարկվեր Սենատում, հրաժարվել է լսումներից: Նա, այդպիսով, հրաժարվել է պաշտոնից՝ խուսափելու համար Սենատում ռուսական հետքի շուրջ անխուսափելի բացահայտումներից:
Թրամփը թեպետ ռուսական հետքի ամբողջ հետաքննությունն անվանում է վհուկների որս, սակայն աստիճանաբար կուտակվող փաստերի դեմ հազիվ թե երկար կարողանա նույնպիսի կեցվածքով դիմադրել: Թրամփի ու նրա թիմի հաջողության գրավականը լինելու է հասարակական-քաղաքական կարծիքի շեղումը այլ ուղղությամբ: Այդ առումով ԱՄՆ-ում պարարտ հող են դարձել տեռորիստական գործողությունները, որի ալիքի վրա Թրամփը դեռեւս պահպանում է իր քաղաքական կենսունակությունը, ինչը երկար շարունակվել չի կարող: Եվ եթե Մյուլլերի հանձնախումբը շարունակի նույնպիսի ճնշումը, նախագահի համար իրավիճակը նույնիսկ կարող է դուրս գալ վերահսկողությունից:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Մյուլերն արդեն իսկ թիրախավորել է Թրամփի՝ ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին եւ ակնկալվում է, որ առաջիկա մեղադրանքները արդեն կներկայացվեն պաշտոնաթող գեներալի նկատմամբ: Այս համատեքստում քաղաքական սկանդալ է հասունանում, իսկ Միացյալ Նահանգները Հայաստան չէ, որտեղ մարդուն բռնացնեն հրապարակային սուտ խոսելու վրա ու խրախուսեն: Այդ երկրում քաղաքական սխալներն ու վրիպումները գուցե շատ ավելի կարեւոր են ու ճակատագրական, քան իրավական հանցանքները: Այս առումով ամպեր են կուտակվում հատկապես դատախազ Սեշընսի շուրջը: Վերջինս հայտարարել էր, որ Թրամփի շրջապատում անգամ չի էլ ճանաչել այնպիսի մի մարդու, որը կապեր կարող էր ունենալ ռուսական շրջանակների հետ: Մինչդեռ այսօր Պապադոպուլոսը պնդում է, որ իր կապերի մասին ինքը հայտնել է բոլորին, այդ թվում Սեշընսին ու նախագահ Թրամփին: Սեշընսին, արդ, բարդ շրջափուլ է սպասում, քանզի նա դեռ պետք է բացատրի, թե ինչու է ստել սենատական հանձնաժողովի առաջ: Հաշվի առնելով հանգամանքը, որ դատախազի գործունեությունից դժգոհ էր նաեւ Թրամփը, կարծելի է, որ Սեշընսը գուցե վերածվի քավության նոխազի, թեպետ դեռեւս պահպանում է իր հավասարակշիռ ու սառնասիրտ կեցվածքը:
Հայաստանում գլխավոր դատախազի նկատմամբ համընդհանուր անվստահությունը, ի տարբերություն ԱՄՆ-ի, եզակի դեպք չէ: Հայաստանում դատախազությունը, ինչպես իրավապահ ողջ համակարգը, ընդունված է ընկալել որպես իշխանության իրական հենարան, առանց որի առաջին դեմքը այդ կարգավիճակում մնալ չի կարող: Այդ առումով զարմանալի չէ, որ դատախազությունը չի ընկալվում որպես օրենքի ու իրավունքի պահապան կառույց: Այդ թերահավատությունը հատկապես մեզանում խորացավ Աղվան Հովսեփյանի գործունեության արդյունքում: Նա դատախազ դարձավ Հենրիկ Խաչատրյանի կասկածելի սպանությունից հետո, սակայն բանակի պահանջով պաշտոնանկ արվեց Քոչարյանի կողմից հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո: Երբ Քոչարյանը վերջնականապես լուծեց իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու հարցը, Հովսեփյանը վերանշանակվեց այդ պաշտոնում:
Նրա պաշտոնավարման շրջանում դատախազությունը դարձավ իշխանության բութ գործիքը քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու ու հալածելու համար: Սերժ Սարգսյանը, բնականաբար, պիտի շարունակեր իր ընկեր Քոչարյանի տխրադալուկ ավանդույթները: Դատախազությունը Սարգսյանի իշխանության պայմաններում ապահովեց Մարտի 1-ի խայտառակ դատավարական ընթացքը՝ նպաստելով արդարադատության բռնաբարմանը Հայաստանում: Այս իրավիճակում հայաստանցու համար էական էլ չէ, թե ով է գլխավոր դատախազը, քանզի վերջինս հլու-հնազանդ պիտի անի այն, ինչ հրամայի Սերժ Սարգսյանը: Իսկ երիտթեւը հրահանգները կատարում է առանձնահատուկ նվիրվածությամբ:
Ն. Հովսեփյան