ՖՈՏՈ. Ըստ իս` նկարահանել եմ առաջին հայկական սարսափ ֆիլմը. Արմեն Դալլաքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, ռեժիսոր Արմեն Դալլաքյանը զբաղված է միանգամից երկու նոր ֆիլմի արտադրությամբ։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը՝ Արմենը։ Հետաքրքրական է, որ դրանցից մեկը սարսափ ժանրի ֆիլմ է, մի ժանր, որին հայկական ֆիլմարտադրողները կարծես թե դեռ չէին մոտեցել. «Ես նկարել եմ իրական սարսափ ֆիլմ։ Ըստ իս՝ այն առաջին հայկական սարսափ ժանրի ֆիլմն է»,-մեզ հետ զրույցում ասաց Արմենը։

Նա նշեց, որ բավական է, որքան մեր հանդիսատեսին հրամցվեց նույնանման պրոդուկտ, ժամանակն է դաշտը «ռեստարտ» անելու։ «Ֆիլմը «18+» է, իսկապես ռիսկային էր մոտենալ սարսափ թեմայի, նկարահանել սարսափ տեսարաններ։ Ասեմ, որ նկարահանումներն իրականացվել են հայկական գյուղերից մեկում»,-ասաց ռեժիսորը»։

Հարցին, թե արդյոք կիրառվել են համակարգչային հատուկ էֆեկտներ, Արմենը պատասխանեց, որ ոչ.«Ֆիլմում նման մոտեցումներ չկան։ Բոլորն իրական կադրեր են։ Գրիմի համար նախատեսված նյութերն էլ բերվել են Միացյալ Նահանգներից»։
Մենք հետաքրքրվեցինք՝ ֆիլմը երբ կհանձնվի հանդիսատեսի դատին. «2018 թվականի փետրվարից այն կհայտնվի էկրաններին»,-պատասխանեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է երկրորդ ֆիլմին, ապա այն արդեն կատակերգական ժանրի գործ է՝ ամանորյա թեմայով.«Այս ֆիլմն էլ հանդիսատեսին կներկայացվի ավելի վաղ՝ դեկտեմբերին։ Այստեղ ես հանդես եմ եկել ոչ միայն որպես ռեժիսոր, այլեւ դերասան։ Երկու ֆիլմերն էլ կրում են ուսուցողական բնույթ։ Այլ մանրամասներ դեռ չեմ հայտնի, թող անակնկալ մնա»,-հավելեց Արմենը։

«Ժողովուրդ»-ը դերասան-ռեժիսորի հետ մի փոքր էլ խոսեց նրա անձնական կյանքի մասին. «Նշանադրված չեմ, ամուսնացած կամ բաժանված չեմ, իմ հարսանեկան երեկոն կլինի գալիք տարում։ Բոլորն էլ կտեղեկանան այդ մասին»,-եզրափակեց Արմենը՝ վերջ դնելով մամուլում պարբերաբար շրջանառվող այն տեղեկություններին, թե դերասանը խզել է սիրելիի հետ հարաբերությունները, պսակադրվել, ապա ամուսնալուծվել է եւ այլն։

Աննա Բաբաջանյան




Լրահոս