Ինչու ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի որդին չի ծառայել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե միանշանակ դիրքորոշում չունի՝ կո՞ղմ է տարկետման իրավունքի խստացմանը, թե՞ ոչ: Ինչպես հայտնի է՝ երեկ ԵՊՀ ուսանողները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ տարկետման իրավունքը շարունակի գործել: Նախ Ղազինյանը ընդգծեց, թե իրենց ֆակուլտետում արդեն 6 տարի է, ինչ անվճար տեղեր չեն հատկացվում, եւ հետեւաբար տարկետման իրավունքը չի գործում:

«Այդ իմաստով ֆակուլտետը չի կարող որեւէ ձեւով որոշել՝ ինչքանով է դա դրական կամ բացասական: Ամեն դեպքում տարկետման իրավունքը մենք չունենք, եւ դա չի ազդում մեր դիմորդների ո՛չ քանակի, ո՛չ որակի վրա: Ես չեմ կարող միանշանակ ասել՝ տարկետման իրավունքի վերացումն իչ վնասեր կարող է բերել, քանի որ բազմաթիվ հիմնավորումներ կան ե՛ւ դրական, ե՛ւ բացասական առումով: Կարեւոր է հասկանալ, թե ինչ խնդիր ենք մենք լուծում այդ օրենքով», – նշեց նա:

Ղազինյանը նշեց, թե օրենքը վերլուծելու եւ դրական կամ բացասական կողմերը նշելու համար ավելի երկար ժամանակ եւ խորն ուսումնասիրություն է անհրաժեշտ: «Իհարկե, նախկինում ունեցել ենք անվճար տեղեր, սակայն վերջին վեց տարում՝ ոչ: Դրա վերաբերյալ նաեւ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ անվճար տեղեր չհատկացնելու որոշումը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Իսկ դրանք փոխկապակցված են տարկետման իրավունքի հետ: Դատարանը որոշեց՝ այդ որոշումը սահմանադրական է: Մենք այս տարի ունեցել ենք անվճար երկու տեղ, բայց ընդունվել են երեք հոգի՝ 60 միավորով: Մինչ այս վեց տարի չենք ունեցել անվճար տեղ: Վեց տարի առաջ անվճար տեղեր չհատկացվեցին կառավարության որոշմամբ»:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու Ձեր որդիները՝ Դավիթ եւ Արթուր Ղազինյանները չեն ծառայել, նրանք, օգտվելով տարկետման իրավունքից, խուսափել են բանակում ծառայելուց, Գագիկ Ղազինյանը պարզաբանեց. «Իմ ավագ որդին ընդունվել է ասպիրանտուրա, պաշտպանել, անցել դասախոսական աշխատանքի եւ դրանով հանդերձ չի ծառայել: Օրենքի դրույթներին համապատասխան՝ նա ազատվել է ծառայությունից: Իսկ կրտսեր որդիս ավարտելուց հետո ընդունվել է ակադեմիայի ասպիրանտուրա, ինքը մեկ տարի հետո դիմում է գրել, ազատվել, ուղղակի չէր սիրում գիտությամբ զբաղվել, չնայած գերազանց էր ավարտել ֆակուլտետը եւ գնացել է բանակ: Նա հակում չուներ գիտության նկատմամբ: Բնականաբար ազատվելուց հետո տարկետման իրավունքը կորցրել է եւ ծառայել է բանակում», – նշեց նա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս