ԿՌՈՒ-ն համակարգային չարաշահումներ է հայտնաբերել. ի՞նչ ընթացք է տրվում հայտնաբերված դեպքերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայության ԿՌՈՒ-ն ՀՀ մի քանի գերատեսչությունում ստուգումներ է իրականացնում, որի վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ստուգումների արդյունքում հիմնականում հայտնաբերվել են համակարգային խնդիրներ, որոնք կարող են վերացվել իրավական ակտերի փոփոխման արդյունքում:

-Պարո՛ն Արամյան, ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել:

-Չարաշահումների մասով գնահատականը տալիս են պատկան մարմինները, որի հետ մենք միշտ համագործակցում ենք: Երբեմն մարդկանց մոտ այնպիսի կարծիք կա, որ ֆինանսների նախարարության ԿՌՈՒ-ն ունի գործառույթ, որ բացահայտի չարաշահումներ: Երկու բան կա, որ իրարից պետք է տարանջատել, դա հարկաբյուջետային քաղաքականության ընդհանուր ուրվագծված կանոնների պահպանումն է՝ բյուջետավորման, պլանավորման, հարկման կանոնների պահպանումը, որը մեր գործառույթն է: Երբ որ մենք գնում ենք յուրաքանչյուր ծախսող միավորի հաշվետվության հետեւից, փորձում ենք հասկանալ՝ պլանավորումն ու ծախսերն ինչպես են կատարվել, արդյո՞ք պահպանվել են բյուջետավորման բոլոր կանոնները, թե ոչ, եւ դրա արդյունքում շատ ժամանակ առաջարկվում են համակարգային լուծումներ: Ստուգումների արդյունքում հայտնաբերվում են խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Իհարկե, լինում են խնդիրներ, որոնց իրավական գնահատականը պետք է տան պատկան մարմինները:

-Օրինակ՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել:

-Մենք հայտնաբերել ենք համակարգային խնդիրներ, հարցը իրավական ակտերի փոփոխության մեջ է: Ֆեդերացիաների մոտ կանոններից որոշակի շեղումներ են եղել: Դրանք եղել են, որովհետեւ ակնհայտ է, որ 2004 թվականի կառավարության որոշումը որ օրապահիկի համար ծախսեր են նախատեսված, որ ուսումնամարզական հավաքների ժամանակ նախատեսվում է մարզիկների համար 4000 դրամ: Բնականաբար այդ գումարով դու չես կարող որեւէ գիշերակաց գտնել: Խնդիրը եղել է ոչ թե այն, որ «չարաշահումներ» են եղել, այլ տեղի է ունեցել մի խնդիր, որ այդ իրավական ակտերը պետք է վերանայել, որպեսզի բյուջետավորման պլանավորումը ճիշտ լինի: Դա է խնդիրը: Ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության հիմնական գործառույթի արդյունքում մենք լուծում ենք երկու տեսակի խնդիր: Առաջինը՝ միշտ, մշտապես ծախսող միավորներն ուշադրության կենտրոնում պահելն է: Արդյունքում հաճախ հայտնաբերվում են խնդիրներ, որոնք կրկնվում են համատարած, եւ դա արդեն վկայում է համակարգային խնդիրների մասին: Եթե այս դեպքում տվյալ խնդիրը հայտնաբերվել է գրեթե բոլոր ֆեդերացիաների մոտ, դա համակարգային խնդրի մասին է վկայում: Քանի որ տրամաբանական չէ, որ բոլոր ֆեդերացիաներն էլ հակված են չարաշահման: Սա նշանակում է, որ պրոմբլեմը քրոնիկ է, եւ այդտեղ համատարած խնդիր կա:

-Հայտնաբերված դեպքերին ի՞նչ ընթացք է տրվում:

-Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը բնականաբար պետք է միջոցներ գնի, որպեսզի կանոնակարգվի այդ դաշտը, որպեսզի հետագայում պլանավորումը ճիշտ կատարվի:

-Ստուգումերի արդյունքում ֆինանսական բնույթի խախտման դեպքեր չե՞ն բացահայտվել:

-Իհարկե, լինում են դեպքեր, որ ծախսերը կատարվում են ոչ նպատակային: Այսինքն՝ ծրագրով տրված է մեկ բան, սակայն կատարվում է այլ ուղղությամբ աշխատանք: Այդ դեպքում մենք գրում ենք, որ պետք է հաշվի առնվի եւ վերականգնվի ՀՀ բյուջեն: Սակայն խոսքը չարաշահումների մասին չէ, քանի որ ուշադիր պետք է դիտարկենք, թե ում է տրված այդ մանդատը: Մեր խնդիրն այն է, որ այդ ամբողջ պրոցեսի ընթացքում մենք ինդետիֆիկացնենք այն քրոնիկ պլոբլեմները, որ համակարգային բոլորի մոտ նույնն են:

-Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ոչ նպատակային ծախսեր հայտնաբերե՞լ եք:

-Քանի որ ստուգումները դեռ ընթացքի մեջ են, եւ արդյունքներն ամփոփելիս զեկույցով ենք հանդես գալիս, ես հիմա չէի ցանկանա մանրամասն խոսել այդ մասին: Մշտապես, երբ որ մեկ հայտարարություն կատարվում է, վերցնում եւ սկսում ենք շղթա, որը մեզ ձեռք չի տալիս: Ինչ եմ ես առաջարկում. յուրաքանչյուր տարվա արդյունքներով ես հանդես եմ գալիս հաշվետվությամբ, եւ դրա արդյունքում մենք կունենանք պատկերը, թե ինչպես է արձագանքը: Դեռ ամբողջական փաթեթը՝ ստուգումների, չենք ստացել, այդ ամենը մենք տարվա ընթացքում ամփոփում ենք եւ ներկայացնում համընդհանուր հաշվետվություն: Ոչ նպատակային ծախս կարող եմ մատնանշել, օրինակ, մշակույթի նախարարության կողմից, որտեղ եւս ստուգումներ են կատարվել: Եղել են դեպքեր, որ մարդկանց թվաքանակը շատ է գրվել, եւ արդյունքում ոչ նպատակային ծախս ենք ունեցել: Ես հիմա դժվարանում եմ ամբողջը հիշել, սակայն նաեւ դեպք է եղել, որ նախատեսված մեկ ծրագրի փոխարեն այլ ծրագիր է իրականացվել: Օրինակ՝ Պետական պատկերասրահում որոշակի դեպքեր հայտնաբերվել են, սակայն կրկնեմ, որ դրան չպետք է վերաբերել որպես չարաշահում: Դա կարող է լինել ֆինանսական կարգապահության բացթողումների արդյունքում, երբ պատկան անձը թերացել է իր պարտականությունների մեջ: Դա համակարգային խնդիր է, պետք է ճիշտ ախտորոշել, որպեսզի սխալված չլինենք:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս