«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվելիք ԵՄ-ի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Միգրացիայի, ապաստանի տրամադրման եւ սահմանների կառավարման հարցերի շուրջ համագործակցությունը
1. Կողմերը վերահաստատում են իրենց տարածքների միջեւ միգրացիոն հոսքերի համատեղ կառավարման կարեւորությունը եւ պետք է հաստատեն համապարփակ երկխոսություն միգրացիայի վերաբերյալ բոլոր հարցերի, այդ թվում՝ օրինական միգրացիայի, անօրինական միգրացիայից միջազգային պաշտպանության եւ դրա դեմ պայքարի, մարդկանց ապօրինի տեղափոխման եւ թրաֆիքինգի շուրջ:
2. Համագործակցությունը պետք է հիմնված լինի Կողմերի միջեւ փոխադարձ խորհրդակցության միջոցով անցկացված հատուկ կարիքների գնահատման վրա եւ պետք է իրականացվի իրենց վերաբերելի գործող օրենսդրություններին համապատասխան: Մասնավորապես այն պետք է ուղղված լինի՝
ա) միգրացիայի հիմքում ընկած պատճառների պարզաբանմանը,
բ) միջազգային պաշտպանության մասով ներպետական օրենսդրության եւ գործելակերպի մշակմանը եւ կիրարկմանը՝ նպատակ ունենալով կատարել 1951 թվականի «Փախստականների կարգավիճակի մասին» Ժնեւի կոնվենցիայի եւ փախստականների կարգավիճակի վերաբերյալ 1967 թվականի արձանագրության եւ այլ այնպիսի վերաբերելի միջազգային փաստաթղթերի դրույթները, ինչպիսին է, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, եւ ապահովել «չվերադարձելիության» սկզբունքի պահպանումը,
գ) ընդունման կանոնների եւ ընդունված անձանց իրավունքների ու կարգավիճակի, օրինական բնակվող, քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ արդարացի վերաբերմունքի եւ նրանց ինտեգրման, կրթության եւ վերապատրաստման, ինչպես նաեւ ռասիզմի ու օտարատյացության դեմ ուղղված միջոցառումներին,
դ) անօրինական միգրացիայի, միգրանտների ապօրինի տեղափոխման եւ մարդկանց թրաֆիքինգի դեմ ուղղված արդյունավետ եւ կանխարգելիչ քաղաքականության ստեղծմանը, այդ թվում՝ այն խնդրի լուծմանը, թե ինչպես պետք է պայքարել անօրինական ճանապարհով միգրանտներ ներս բերող եւ թրաֆիքինգ իրականացնող անձանց ցանցի դեմ, եւ թե ինչպես պետք է համապատասխան միջազգային փաստաթղթերի շրջանակներում պաշտպանել այդպիսի թրաֆիքինգի զոհերին,
ե) այնպիսի հարցերին, ինչպիսիք են միգրացիայի կառավարման, փաստաթղթերի անվտանգության, մուտքի արտոնագրի քաղաքականության եւ սահմանների կառավարման, ինչպես նաեւ միգրացիայի տեղեկատվական համակարգերի ոլորտներում կազմակերպումը, վերապատրաստումը, լավագույն փորձը եւ մյուս գործառնական միջոցները:
3.Համագործակցությամբ կարող է նաեւ դյուրացվել զարգացման նպատակով շրջանառու միգրացիան:
Անձանց տեղաշարժը եւ հետընդունումը
1. Հետեւյալ համաձայնագրերով պարտավորություններ ստանձնած Կողմերն ապահովում են հետեւյալի լիարժեք կատարումը՝
ա). Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիր (Հետընդունման համաձայնագիր), որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ին, եւ
բ) Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ «Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիր (Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիր), որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ին:
2. Կողմերը պետք է շարունակեն խթանել մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի միջոցով քաղաքացիների շարժունակությունը եւ համապատասխան ժամանակահատվածում քննարկեն մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հարցը՝ պայմանով, որ արդյունավետ կառավարվող եւ անվտանգ շարժունակության վերաբերյալ պայմանները գործեն: Նրանք պետք է համագործակցեն անկանոն միգրացիայի դեմ պայքարի շուրջ, այդ թվում՝ հետընդունման համաձայնագիրը կիրառելու, ինչպես նաեւ սահմանների կառավարման քաղաքականությունը եւ իրավական ու գործառնական շրջանակները խթանելու միջոցով:
Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարը
1. Կողմերը պետք է համագործակցեն քրեական եւ ապօրինի գործողությունների դեմ պայքարի եւ դրանց կանխարգելման շուրջ՝ ներառյալ անդրազգային կազմակերպված գործողությունները կամ այլ հանցագործություններ, ինչպես օրինակ՝
ա) միգրանտների ապօրինի ներմուծում եւ մարդկանց թրաֆիքինգ,
բ) հրազենի, այդ թվում՝ ՓՏԶԹԶ-ների ապօրինի տեղափոխում եւ առեւտուր,
գ) արգելված թմրանյութերի ապօրինի տեղափոխում եւ առեւտուր,
դ) ապրանքների ապօրինի տեղափոխում եւ առեւտուր,
ե) տնտեսական եւ ֆինանսական ապօրինի գործողություններ, ինչպես, օրինակ, կեղծում, հարկային խարդախություն եւ պետական գնումների հետ կապված խարդախություն,
զ) միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի միջոցների յուրացում,
է) ակտիվ եւ պասիվ կոռուպցիա՝ եւ՛ մասնավոր, եւ՛ պետական ոլորտներում,
ը) փաստաթղթերի կեղծում եւ կեղծ հայտարարությունների տարածում, եւ
թ) կիբեռհանցագործություն:
2. Կողմերը պետք է ամրապնդեն իրավապահ մարմինների շրջանում երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային համագործակցությունը՝ ներառյալ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրոպոլի) եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների միջեւ համագործակցության հնարավոր զարգացումը: Կողմերը պարտավորություն են ստանձնել արդյունավետորեն ներդնելու համապատասխան միջազգային ստանդարտները, մասնավորապես այն ստանդարտները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի 2000 թվականի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիայում եւ դրա երեք արձանագրություններում: Կողմերը պետք է համագործակցեն ՄԱԿ-ի 2003 թվականի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիային, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի եւ ՏՀԶԿ-ի առաջարկություններին համապատասխան՝ կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի, գույքի հայտարարագրման ոլորտում թափանցիկության ապահովման, խախտումների մասին տեղեկացնող անձանց պաշտպանության եւ իրավաբանական անձանց վերջնական շահառուների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման շուրջ:
Շարունակելի…