
Առաջիկայում կխստացվեն թմրամիջոցների, հոգեմետ նյութեր պարունակող դեղերի, անվճար եւ արտոնյալ կարգով հատկացվող դեղերի գրման, բացթողնման եւ հաշվառման կարգերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մտադիր է մեկ միասնական փաստաթղթով կարգավորել ՀՀ տարածքում դեղերի դեղատոմսերի շրջանառությունը՝ հստակ սահմանելով ՀՀ-ում թմրամիջոցների, հոգեմետ նյութեր պարունակող դեղերի, անվճար եւ արտոնյալ կարգով հատկացվող դեղերի գրման, բացթողնման եւ հաշվառման կարգերը, դեղատոմսերի ձեւերը` համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը:
Պատճառն այն է, որ այդ գործառույթները գործող կարգերում կա՛մ նկարագրված են թերի, կա՛մ բացակայում են: Նշենք, որ այս նախագծով դեղատոմսը մնալու է դեղատանը հետագայում վերահսկողություն եւ մշտադիտարկում իրականացնելու նպատակով: Ըստ նախագծի` թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղեր կարող են գրել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընտանեկան բժիշկները, ինչպես նաեւ պացիենտին բուժող բժիշկները` անկախ մասնագիտությունից: