ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը Շիրակի պետական համալսարանում ընթացող գործընթացների թեմայով այսօր խորհրդարնում ասուլիս էր հրավիրել: Նա նախարարին կոչ արեց, որ մեկին անհիմն մեղադրելով մեկ այլ անձի կրկնակի չմեղադրի:
Նշենք, որ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, թե բուհում տարիներով կուտակված խնդիրներ կան, և ընդգծել, թե դեկանների և ամբիոնների վարիչների ընտրություն ընդհանրապես չի եղել բուհում:
«Հավաստիացնում եմ ձեզ՝ 14 տարի ղեկավարել եմ Գյումրու Մանկավարժական ինստիտուտը, և չի եղել նման դեպք, որ որևէ ամբիոնի վարիչ կամ ֆակուլտետի դեկան՝ ժամկետները լրանալու պարագայում հանկարծ ընտրված չլինի: Եթե հանկարծ պարոն Մկրտչյանը գոնե մի դեպք կարող է հայտնաբերել, ես պատրաստ եմ պատասխան տալու»,-ասաց նա:
Գրիգորյանը նշեց, թե նախարարը հայտարարել էր, որ դասախոսների հետ 6 ամսվա պայմանագիր է կնքվել: Ըստ նրա, առանձին առարկաների գծով նման պայմանագիր կարող էին կնքել, երբ մասնագետի խնդիր կար, որ այդ առարկան դասավանդվի, բայց հիմնական դասախոսների հետ որևէ մեկի հետ նման պայմանագիր չի կնքվել:
Հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է խնդրում, պատգամավորը բացասական պատասխան տվեց: