ՀՀ իշխանությունները կարծես թե կասկած չունեն, որ նոյեմբերի 24-ին Բրյուսերում ԵՄ-ի հետ համաձայնագիրը կստորագրվի: Հենց դա է պատճառը, որ արդեն դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ «Հայաստան-Եվրամիություն. համապարփակ եւ խորացված գործընկերություն» թեմայով:
Ավելի նպատակահարմար են գտել քննարկումն անցկացնել համաձայնագրի ստորագրումից հետո: Նշենք, որ խորհրդարանական լսումներն անցկացվելու են ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Լսումներին նախատեսվում է ՀՀ ԱԺ պատգամավորների, այլ երկրների դեսպանների, ՀՀ կառավարության անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը:
Երեկ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է՝ «Ենթադրվող ստորագրումից մեկ շաբաթ անց շատ թարմ եւ ակտուալ մտքերով անդրադառնալու ենք այդ կարեւորագույն քաղաքական փաստաթղթին», ու հավելել, թե խորհրդարանական լսումներն ունենալու են «քաղաքական նշանակություն, բովանդակային կարեւորություն»:
Միայն թե ոչ վաղ անցյալում նույն Աշոտյանը պնդում էր, թե պետք չի շատ ոգեւորվել ԵՄ համաձայնագրից ու այն դարձնել «տոնածառ»: