ԵՊՀ-ն տարկետումը սահմանափակող օրենքի երկրորդ ընթերցմանն առաջարկներ կներկայացնի ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հավատացած է, որ տարկետման սահմանափակման մասին օրենքի նախագիծը կտա իր օգուտը, սակայն Մայր բուհը երկրորդ ընթերցման համար առաջարկներ կներկայացնի ԱԺ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵՊՀ ռեկտորը լրագրողներին հայտնեց համալսարանի ռեկտորատում մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի գիտխորհրդի պահանջով տեղի ունեցած խորհրդակցությունից հետո:

«Խորհրդակցության ժամանակ երկու հարց ենք քննարկել: Առաջինը՝ զինապարտության մասին օրենքի նախագիծը, որի մասին իմ կարծիքն արտահայտել եմ ԱԺ քննարկումներին: Երկրորդն ուսանողների գործողություններն են եղել: Խորհրդակցության մասնակիցների մեծ մասն օրինագծին կողմ է քվեարկել, եղել է երկու դեմ և մեկ ձեռնպահ: Մենք ունենք առաջարկներ երկրորդ ընթերցման համար, որոնք կներկայացնենք ԱԺ: Կարծում եմ, որ օրինագիծը իր օգուտը կտա, եթե մեխանիզմները կիրառվեն այնպես, ինչպես գրված է օրենքում»,-ասաց ԵՊՀ ռեկտորը:

Նա հավելեց նաև, որ առաջարկները վերաբերելու են տաղանդավոր և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Ռեկտորի խոսքով` տվյալ ուսանողների համար ծառայության ընթացքում պետք է ստեղծվեն որոշակի պայմաններ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան գիտությամբ զբաղվելու:

«Ուսանողների գործողությունները դատապարտող որևէ հայտարարություն չենք կարող անել: Մեր խնդիրն է հորդորել ուսանողությանը, որ նրանք վերադառնան լսարաններ: ԵՊՀ ռեկտորատը հորդորում է նրանց վերադառնալ լսարաններ: Մենք համարում ենք, որ այս տարբերակով խնդիրները բարձրաձայնելը արդյունավետ չէ»,-ասաց ռեկտորը: Սիմոնյանն ընդգծեց, որ դասախոսների նկատմամբ, ովքեր միացել են ուսանողներին, ճնշումներ և պատժամիջոցներ չեն կիրառվել:

ԵՊՀ ռեկտորատի կողմից ուսանողներին առաջարկվել է իրենց խնդիրները բարձրաձայնել տարբեր քննարկումների ժամանակ:




Լրահոս