ԻՆՉ ԵՂԱՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՀԵՐՈԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստան մեծ քանակությամբ հերոին ներկրելու հերթական փորձն է արվել, որը, սակայն, բացահայտվել է: Մեղրիի սահմանային անցակետում ՊԵԿ աշխատակիցները Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող սառնարանային բեռնատար ավտոմեքենայի մանրակրկիտ զննության արդյունքում բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 105 կգ հերոին տեսակի թմրանյութ: Առայժմ պարզ չէ՝ հերոինը նախատեսված էր այստեղ վաճառել, թե Հայաստանը, այնուամենայնիվ, օգտագործվում է որպես տարանցիկ երկիր՝ թմրաբիզնեսով զբաղվող անձանց համար. նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԱԱԾ: Երեկ տեղի ունեցածը, սակայն, հիշեցրեց չորս տարվա վաղեմության հայտնի դեպքը, երբ 2013թ դեկտեմբերին կրկին Մեղրիի անցակետով փորձ էր արվել ներկրել 1 տոննա հերոին: Հարուցված քրեական գործով 2015թ. արձակվեց դատավճիռը, եւ 2015թ. հունիսի 6-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության, Արարատի ցեմենտի գործարանի վառարանում 1 տոննա հերոինը ոչնչացվել էր: Սակայն իրավապահների կողմից այդպես էլ հիմնավոր ապացույցներ չբերվեցին հերոինի ոչնչացման մասին: Ու չիմացվեց՝ իսկապես ոչնչացվե՞ց այն, թե՞ փոխարենը ալյուր լցվեց վառարանների մեջ: Համենայն դեպս, այդ ուղղությամբ կասկածներ կան, առավել եւս, երբ հերոինը թանկարժեք թմրանյութ է:
Նկատենք, որ միջազգային շուկայում 1 կգ հերոինի գինը սկսվում է 15 հազար դոլարից: Եւ դժվար է հավատալ, որ իրապես ոչնչացվել է մեկ տոննա հերոինը: Հետաքրքիր է՝ այս անգամ հայտնաբերված թմրանյութն ի՞նչ ճակատագրի կարժանանա:

 

 

 

Այսօր նախատեսված է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը: Բայց վարչապետի աշխատակազմը որոշել է այս անգամ դիմել լրագրողների համար ոչ հաճելի նորամուծության. միայն հեռուստատեսություններին է իրավունք տրված ասուլիսին օպերատոր ունենալ, իսկ ահա լրատվական կայքերին պարտադրվել է գործուղել միայն լրագրողի, որպեսզի հնարավոր չլինի ուղիղ եթերով օնլայն հեռարձակում ապահովել. իրենք մոնտաժված տարբերակը կտան պաշտոնական կայքում: Վարչապետի ասուլիսն ուղիղ եթերով լուսաբանելու հնարավորությունը սահմանափակելու պատճառը դժվար չէ ենթադրել: Չի բացառվում, որ ասուլիսն ընթանա վարչապետի համար անցանկալի հունով՝ լի բազմաթիվ «կիքսերով», տհաճ հարցուպատասխանով: Ուստի վարչապետի թիմը որոշել է այսպես ապահովագրել անցանկալի դեպքերից: Իսկ հետո էլ իշխանությունները խոսում են ժողովրդավարությունից, մամուլի ազատությունից. իրականում նրանք բոլոր հնարավոր մեթոդներով փորձում են սահմանափակել մամուլի ազատությունը, ազատ գործելու հնարավորությունը:

 

 

 

ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի վերջին նիստի ժամանակ հաստատվել է ՎՊ 2018թ. գործունեության ծրագրի նախագիծը եւ ուղարկվել ԱԺ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ի թիվս այլ պետական մարմինների՝ ՎՊ-ն հաջորդ տարի նախատեսել է ստուգումներ անցկացնել նաեւ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում: Հետաքրքիրն այն է, որ 2016-2017թթ ընթացքում ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է ՎՊ ներկայիս նախագահ Լեւոն Յոլյանը: Այս կապակցությամբ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՎՊ փոխնախագահ Արա Նռանյանին: Հարցին՝ պարոն Յոլյանը իր նախկին գործունեության հետ կապված եթե խախտումներ գտնի, կարձանագրի՞, Նռանյանն ասել է. «Ցանկացած մարդ էլ տարբեր պետական մարմիններում աշխատանքներ իրականացնում է, Դուք, իհարկե, կարող եք այդ հարցը ուղղել պարոն Յոլյանին, բայց կարծում եմ՝ որեւէ կաշկանդում այստեղ չպետք է լինի»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 31-ին իրավապահ մարմինները դիմակավորված ներխուժել են Գորիսի ՔԿՀ եւ սկսել են բոլոր խցերում ստուգումներ իրականացնել՝ ընդ որում, տակնուվրա անելով ամեն ինչ: Այս ստուգումները դուր չեն եկել կալանավորներին ու դատապարտյալներին, որոնք սկսել են դժգոհություն արտահայտել եւ մեծ աղմուկ բարձրացնել: Շատ արագ իրավապահներին հաջողվել է կարգավորել իրավիճակը: Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, թե այդ ստուգումներից հետո անհետացել է Գորիսի քրեակատարողական հիմնարկի «զոն նայող» Կարոն: Նկատենք, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, անդրադառնալով ՔԿՀ-ում կալանավորների բունտին, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ նման բան չկա՝ փոխարենը հայտնելով, որ նյութեր են նախապատրաստվում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների եւ կալանավորված անձանց կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու կապակցությամբ: Ասել է, թե ՔԿ վարչությունը չի հերքում, որ Գորիսի ՔԿՀ-ում առնվազն անկառավարելի իրավիճակ է եղել:

 

 

 

 

ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Մինչ Հայաստանում փորձում են կրիայի արագությամբ կառուցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղին (ձեռքի հետ չմոռանալով ֆինանսական միջոցներից մեծ կտորներ գրպանել), հարեւան Ադրբեջանը որոշել է իր հերթին կապող օղակ հանդիսանալ հյուսիսի ու հարավի միջեւ ու հիմա այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է տանում:
Երեկ Թեհրանում տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի ու Հասան Ռոհանիի եռակողմ ձեւաչափով հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք քննարկել են քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում երեք երկրների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես Կասպից ծովում համատեղ ծրագրերի եւ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի թեման: Սա ենթադրում է Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի երկաթծգերի միացում, եւ արդյունքում հնարավոր կլինի Իրանի տարածքով Բալթյան երկրների եւ Հնդկաստանի միջեւ ուղիղ տրանսպորտային կապ ապահովել: Նախատեսված է, որ ծրագրի առաջին փուլում միջանցքով տարեկան կփոխադրվի 5 միլիոն տոննա բեռ, իսկ հետագայում այդ թիվը կարող է հասնել մինչեւ 10 միլիոնի: Բացի այդ՝ կողմերն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել այդ միջանցքի իրանա-ադրբեջանական «Ռեշտ-Աստարա» հատվածի կառուցման շուրջ, որը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն հաջորդ տարի: Այդ հատվածի գործարկումը թույլ կտա Պարսից ծոցը կապել Ռուսաստանի, ինչպես նաեւ Եվրոպայի արեւելյան եւ հյուսիսային երկրների հետ։
Փաստորեն, երկաթուղային այս ծրագիրը լուրջ այլընտրանք կարող է դառնալ Հայաստանում կառուցվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու համար: Ի վերջո, ավտոճանապարհը նախատեսում է կապող օղակ հանդիսանալ Իրանի եւ Վրաստանի միջեւ: Բայց հիմա չի բացառվում, որ որոշ ժամանակ անց այն այլեւս կորցնի արդիականությունը՝ տեղը զիջելով ավելի հարմար ծրագրի: Հայտնի փաստ է, որ երկաթուղու միջոցով բեռնափոխադրումների իրականացումն անհամեմատ ավելի էժան ու ձեռնտու է, քան ցամաքային որեւէ այլ տրանսպորտի դեպքում: Մյուս կողմից՝ օրերս շահագործման հանձնվեց Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղին, որն էլ իր հերթին կարող է ներգրավվել հաղորդակցությունների այս ցանցում: Ու արդյունքում՝ էլ ավելի կխորանա Հայաստանի տնտեսական մեկուսացումը՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ:
Իսկ արժի՞ արդյոք հիշեցնել, որ մայրուղու կառուցումը վաղուց արդեն պետք է ավարտված լիներ, հետո վերջնաժամկետ նշվեց 2019թ., բայց անգամ այդ ժամկետների մեջ ՀՀ իշխանությունները չեն տեղավորվի:

 




Լրահոս