ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ` ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկմանը Վերահսկիչ պալատի փոխնախագահ Արա Նռանյանը, ներկայացնելով նախատեսված ծախսերը, ասաց, որ ՎՊ-ին բյուջեի նախագծով կհատկացվի 1մլրդ 79 մլն դրամ, եւս 2 տոկոս էլ՝ պահուստային ֆոնդից:

Արա Նռանյանի խոսքով` ՎՊ-ն շենքային պայմանների խնդիր ունի, եւ ըստ այդմ տարածքի ավելացման համար հատկացվել է գումար. «Ամեն անգամ առիթը օգտագործում ենք եւ ասում, որ եզակի պետական մարմինն է, որ առանձին շինություն չունի, աշխատակազմի մի մասը ԱԺ-ում հատկացված շենքում է, մյուսների համար վարձակալում են տարածք: Աշխատանքային պայմանների բարելավման համար ունենք ավելացում վարձակալության մասով` 6 մլն դրամի, որը բերելու է կոմունալ վարձերի ավելացմանը»: Ըստ նրա` 15,6 մլն-ի չափով գումար էլ գույքի ձեռքբերմանն է ուղղվելու:
Քննարկման ավարտից հետո «Ժողովուրդ» օրաթերթը Վերահսկիչ պալատի գործունեության մասին զրուցեց Վերահսկիչ պալատի փոխնախագահ Արա Նռանյանի հետ:
-Պարո՛ն Նռանյան, նախընտրական եւ հետընտրական շրջանում Վերահսկիչ պալատը պասիվ է, ինչո՞ւ:
-Վերահսկիչ պալատի գործունեությունը որեւէ ձեւով պայմանավորված չէ ընտրություններով, դա ոչ թե պասիվություն է, այլ պարզապես մեր գործունեության առանձնահատկությունն է, որովհետեւ երբ Ազգային ժողովը հաստատում է Վերահսկիչ պալատի ծրագիրը, մենք պետք է ունենանք ժամանակ՝ այդ աշխատանքը իրականացնելու համար: Հիմա կարող է՝ թվացյալ, թյուր կարծիք ձեւավորվի, որ Վերահսկիչ պալատը ակտիվ չէ, պարզապես մենք հիմա վերահսկողություններն ենք իրականացնում եւ այդ նյութերը հրապարակում ենք հաշվետվությունները պատրաստ լինելու ժամանակ: Հետեւաբար, եթե մենք չենք ավարտել այդ վերահսկողությունը, հետեւաբար նյութերը չենք հրապարակում: Ինչ վերաբերում է այդ ժամկետներին այդ ամեն ինչը ներկայացնելուն, ապա այդ ամենը կարգավորված է օրենքներով, եւ մինչեւ տարվա վերջ մենք կսկսենք արդեն այդ ավարտական գործընթացը, կսկսենք հրապարակել հաշվետվությունները եւ գարնանը նոր կներկայացնենք մեր ամփոփ ամբողջական հաշվետվությունը: Այսինքն՝ ժամկետները միշտ գործում են, իսկ քանի որ դրանք ենթադրում են ե՛ւ հրապարակային փուլ, ե՛ւ ոչ հրապարակային փուլ, կարծիք է ձեւավորվում, որ Վերահսկիչ պալատի՝ ինչ-որ առանձին ամիսներին աշխատանքային գործունեությունը ակտիվ չէ: Հենց հիմա կարող է որեւէ մեկը չի տեսնում, բայց բոլոր վարչությունները ծանրաբեռնված աշխատում են:
-Տեղեկություններ կան, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարարությունում, առողջապահության նախարարությունում, եւ աղմկալի չարաշահումներ եք հայտնաբերել, կա՞ նման բան, եւ հատկապես ինչ չարաշահումների մասին է խոսքը:
-Վերահսկողությունը բացված է, աշխատանքը իրականացվում է, եւ օրենքը արգելում է մեզ, որ հայտարարություն անենք մինչեւ հաշվետվության պատրաստ լինելը: Մենք կկազմենք արձանագրությունները, կներկայացնենք վերահսկողության ենթակա օբյեկտների ղեկավարներին, իրենց հետ համատեղ կքննարկենք, կտեսնենք իրենց առարկությունները, այնուհետեւ խորհրդի կողմից կհաստատենք ընթացիկ հաշվետվությունը եւ դրանից հետո նոր կարող ենք մեկնաբանել: Մինչեւ աշխատանքները չավարտվեն, մենք որեւէ բան մեկնաբանելու իրավունք չունենք:
-Այսինքն՝ այնտեղ ստուգումներ եղե՞լ են, ու կա՞ն որոշակի արձանագրություններ՝ խախտումների մասով:
-Կարող եմ ասել միայն, որ ստուգումներ ոչ թե եղել են, այլ նաեւ շարունակվում են:
-Վերահսկիչ պալատը առաջիկայում ստիպված է լինելու նաեւ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում ստուգումներ իրականացնել: Այսինքն՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը իր նախկին գործունեությո՞ւնն է ուսումնասիրելու:
-Գիտեք, պետական ծառայության մեջ նման խնդիրներ, կածում եմ, չպետք է լինեն, եթե մենք պետական գործիչներ ենք եւ կոչված ենք իրականացնել որոշակի պետական պաշտոնյայի գործունեությունից բխող համապատասխան գործառույթ, ապա որեւէ կերպ չպետք է կաշկանդված լինենք մեր նախասիրություններով, ընկերային հարաբերություններով, առավել եւս՝ նախկին աշխատանքով: Քանի որ փոքր երկիր է, բոլորս էլ բոլորիս ճանաչում ենք, ունենք բազմաթիվ ընկերներ, համակիրներ, ծանոթներ, բայց դա երբեք չպետք է կաշկանդի քաղաքացիներին իրենց պարտքը պետության առջեւ կատարելու հարցում: Համենայնդեպս, այս կարճ ժամանակահատվածում ինչ աշխատել եմ Վերահսկիչ պալատում, երբեք նման խնդրի հետ չեմ առնչվել, որովհետեւ մենք հասկանում ենք, որ մենք կոչված ենք իրականացնելու մեր գործառույթը:
-Այսինքն՝ պարոն Յոլյանը իր նախկին գործունեության հետ կապված եթե խախտումներ գտնի, կարձանագրի՞, վստա՞հ եք:
-Ցանկացած մարդ էլ տարբեր պետական մարմիններում աշխատանքներ իրականացնում է, Դուք, իհարկե, կարող եք այդ հարցը ուղղել պարոն Յոլյանին, բայց կարծում եմ՝ որեւէ կաշկանդում այստեղ չպետք է լինի:
-Իսկ հնարավո՞ր է, որ կասկածները փարատելու համար ՀՀ նախագահը վերահսկողական ծառայությունում ստուգումներ իրականացնի, որ օբյեկտիվ լինի:
-Վերահսկիչ պալատը այստեղ աշխատում է որպես մեծ պետական մարմին՝ համալրված փորձառու մասնագետներով, եւ մենք աշխատանքը իրականացնելու եք այնպես, ինչպես պետք է: Հասկանում եմ ինտրիգը, որը Դուք մտցնում եք Ձեր հարցում, բայց այսօր նման խնդիր չպետք է տեսնենք: Ուրիշ բան, եթե Դուք ունենաք փաստեր, որ այս կամ այն պաշտոնյան, խորհրդի անդամը նման բան արել է, մենք կարող ենք հարցը քննարկել, բայց հիմա տեսական քննարկել, որ դա խոչընդոտ է, դրան հակված չեմ, քանի որ բոլորս էլ տարբեր տեղեր աշխատել ենք եւ կշարունակենք աշխատել, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է կատարենք այն գործը, որի համար այսօր կոչված ենք:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ՈՒՐ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ ԳՈՐԻՍԻ «ԶՈՆ ՆԱՅՈՂԸ»
2016 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորները բունտ էին արել: Կալանավորները տարբեր իրեր էին նետել, աղմկել` հարվածելով դռներին, կոտրել փականները, եւ մի քանի տասնյակ կալանավոր հայտնվել էր խցերից դուրս` գործադրելով տարաբնույթ բռնություններ իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ: Այս ամենի պատճառն այն էր եղել, որ իրավապահները քրեական հեղինակություն համարվող Արմեն Ալեքսանյանի խցում խուզարկություն էին փորձել իրականացնել: Սակայն «զոն նայող» Ալեքսանդր Քոլոզյանին դուր չէր եկել իրավապահների նախաձեռնությունը, եւ նա կալանավորներին հրահրել էր բունտ իրականացնել:
Ավելի ուշ քրեակատարողական հիմնարկում զանգվածային անկարգությունների փաստով հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերի հատկանիշներով, եւ գործը արդեն ուղարկվել էլ դատարան: Եւ հիմա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպը իր կրկնությունն ունեցավ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին՝ հոկտեմբերի 31-ին, իրավապահ մարմինները դիմակավորված ներխուժել են այս անգամ էլ Գորիսի քրեակատարողական հիմնարկ եւ սկսել բոլոր խցերում ստուգումներ իրականացնել: ՔԿՀ-ի կալանավորների հարազատները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ իրենց տեղեկություն է հասել, թե իրավապահները բոլոր խցերը տակնուվրա են արել՝ հավանաբար ինչ-բան փնտրելով:
Այս ստուգումները դուր չեն եկել կալանավորներին եւ դատապարտյալներին, որոնք սկսել են դժգոհություն արտահայտել եւ մեծ աղմուկ բարձրացնել: Իհարկե, իրավապահներին հաջողվել է կարգավորել իրավիճակը: Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Գորիսի ՔԿՀ-ի կալանավորները մեզ հետ զրույցում ասեցին, որ հոկտեմբերի 31-ին ստուգումներից հետո կալանավայրից անհետացել է Գորիսի քրեակատարողական հիմնարկի «զոն նայող» Կարոն:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից պարզել, թե ինչ է տեղի ունեցել ՔԿՀ-ում, եւ ուր է անհետացել «զոն նայող» կոչվածը: Վարչությունից հայտնեցին, թե կալանվորների բունտ չի եղել՝ փոխարենը նշելով, որ նյութեր են նախապատրաստվում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների եւ կալանավորված անձանց կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու կապակցությամբ: Ասել է, թե ՔԿ վարչությունը չհերքեց, որ Գորիսի ՔԿՀ-ում արտառոց իրավիճակ է եղել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՊԱՀՈՒՄՆԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանի խոսքով՝ Ազգային ժողովի պատգամավորների բացակայությունների դեպքում պահումներ են կատարվում նրանց աշխատավարձերից: Թե որքա՞ն պահումներ են մինչ օրս կատարվել, նա դժվարացել է նշել: «Կարող եմ ասել, որ այդ գործընթացն իրականացվում է շատ խիստ»,- հավաստիացրել է վերջինս:

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՆՏԱՌԱՊԵՏԸ
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել ձերբակալել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության անտառապետին: Լոռու մարզի դատախազությունում հոկտեմբերի 24-ին Սպիտակի անտառպետության տարածքում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: Ըստ նախապատրաստված նյութերի՝ ինքնությունը չպարզված անձանց կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության տարածքում ապօրինի հատվել են 408 հատ տարբեր տեսակի ծառեր, որի հետեւանքով պետությանը եւ շրջակա միջավայրին պատճառվել է առանձնապես խոշոր` 25.444.500 ՀՀ դրամի վնաս: Արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն պահաբաժնում 408 հատ ծառերի ապօրինի հատումը կատարվել է անտառապետի անմիջական թողտվության արդյունքում:

 

 

 

ԱՐՏԱԳԱՂԹ` ԲՌՆԱԳԱՂԹ
Երեկ՝ «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստին, Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, որ դատավարությունն իրեն մի անեկդոտ է հիշեցնում, որը վատ վերջաբան ունի: «Դատավարությունն ինձ շատ է հիշեցնում մի անեկդոտ. երկու ապարանցի խմած շախմատ են խաղում, եւ խաղն ավարտվում է նրանով, որ շախմատի խաղատախտակի վրա չեբուրաշկան ինֆարկտից մեռնում ա»,-ասել է նա: Պ. Մանուկյանը նշել է, որ վերջին 20 տարում չկա մի բան, որ դժգոհություն չառաջացնի մարդկանց մոտ. «Դուք արտագաղթ եք համարում, ես՝ բռնագաղթ, դուք մեզ պետք է դատեիք ցեղասպանությունը կանխարգելելու փորձի համար, մեզ՝ որպես արդարության մարտիկներ, պետք է այստեղ կանչեիք: Շախմատի վերջաբանը հույս չի ներշնչում, ձեր անձի դեմ ոչինչ չունեմ, բայց որ օրենքը չի գործում ի սկզբանե պարզ է: Ես կուզեի, որ ունենայինք մի դատավոր, որից իշխանությունները կվախենային, իսկ ժողովուրդը կհարգեր»,-ասել է նա: Նշենք, որ այս գործը քննում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանը:

 




Լրահոս