Բենզինի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող «Մաքսհուր» ընկերությունը հայտնվել է անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը, մասնակցելով Արմավիրի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնումների մրցույթին, խաբվել է: Արդյունքում՝ ընկերությունը ընդդեմ Արմավիրի քաղաքապետարանի դիմել է ՀՀ գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ:
ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մաքսհուր» ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին: Ըստ որոշ տեղեկությունների՝ «Մաքսհուր»-ը 2011 թվականից 100 տոկոսով պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանին, որը 2002 թվականին իր կուսակից, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի ու Մհեր Բագրատյանի հետ հիմնադրել է «Մաքս Կոնցեռն»-ը: Նշենք, որ Փամբուկյանը այժմ թենիսի ֆեդերացիայի նախագահն է: Սակայն «Մաքսհուր» ընկերությունը ներքին շուկայում սկսեց ակտիվանալ բոլորովին վերջերս: Ավելին՝ ընկերությունը լայն թափով մասնակցեց պետական գնումներին, եւ գերատեսչությունների մեծ մասը հենց այս ընկերությունից են դիզվառելիք ձեռք բերում: Պայմանագրերը հիմնականում «Մաքսհուր»-ի հետ են կապում: Սակայն Արմավիրի քաղաքապետարանը «Մաքսհուր» ընկերությանը խաբել եւ մերժել է ներկայացրած հայտը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մաքսհուր» ընկերությունը մասնակցել է Արմավիրի քաղաքապետարանի կողմից բենզինի ձեռքբերման նպատակով հայտարարված ընթացակարգին եւ ճանաչվել 1-ին տեղ զբաղեցրած մասնակից: Ավելին՝ այս մասին քաղաքապետարանը ընկերությանը ուղարկել է էլեկտրոնային ծանուցում եւ առաջարկվել է ընկերությանը ներկայացնել վառելիքի ձեռքբերման նպատակով հրավերի 2-րդ եւ 3-րդ բաժնով պահանջվող փաստաթղթերը, առաջարկվող ապրանքի անվանումը եւ տեխնիկական բնութագրերը: Ինչն էլ ընկերությունն ուղարկել է: Բայց օրեր անց «Մաքսհուր» ընկերությունը պարզել է, որ Արմավիրի քաղաքապետարանը իրենց հայտը մերժել է եւ հաղթող ճանաչել գնման մրցույթի երկրորդ մասնակից համարվող «Սի Փի Էս օյլ քորփորեյշն» ընկերությանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ՝ «Մաքսհուր» ընկերությունը գտնում է, որ Արմավիրի քաղաքապետարանը այս կերպ խախտել է ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168 որոշման 48-րդ եւ 49-րդ կետերը եւ շահագրգռվածությունից ելնելով՝ հաղթող է ճանաչել 2-րդ տեղը զբաղեցրած «Սի Փի էս օյլ քորփորեյշն» ընկերությանը: Արդյունքում՝ «Մաքսհուր»-ը դիմել է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդին եւ խնդրել է կասեցնել Արմավիրի քաղաքապետարանի 2-րդ տեղը զբաղեցրած մասնակցի հետ պայմանագիր կնքելու գործընթացը եւ չեղյալ համարել «Մաքսհուր» ընկերության հայտը մերժելու եւ «Սի փի էս օյլ քորփորեյշն» ընկերությանը հաղթող ճանաչելու մասին որոշումները:
Իսկ ահա Արմավիրի քաղաքապետարանը պարզաբանել է, որ «Մաքսհուր»-ին էլեկտրոնային եղանակով ծանուցվել է հրավերի 2-րդ մասի 3-րդ բաժնով պահանջվող փաստաթղթերը քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին ներկայացնելու մասին: Բայց ըստ Արմավիրի քաղաքապետարանի՝ «Մաքսհուր»-ը սահմանված ժամկետին չի ուղարկել որակավորման չափանիշները հավաստող փաստաթղթեր: Ինչն էլ քաղաքապետարանի գնահատող հանձնաժողովի համար առիթ է դարձել «Մաքսհուր»-ի հայտը մերժելուն: Արդյունքում հաղթող է ճանաչել «Սի Փի Էս օյլ քորփորեյշն» ընկերությանը: Ապա Արմավիրի քաղաքապետարանը նշել է, որ գնահատող հանձնաժողովը նման որոշում կայացնելիս բացառապես ղեկավարվել է ՀՀ գնումների մասին գործող օրենսդրությամբ եւ գնման ընթացակարգի հրավերի պահանջներին համաձայն՝ իր հերթին խնդրել է «Մաքսհուր» ընկերության հայտը մերժելու մասին որոշումը թողնել անփոփոխ: Չնայած սրան՝ «Մաքսհուր»-ը չի հանձնվել եւ գնումների աջակցման կենտրոնին ներկայացրել է ընկերության էլեկտրոնային փոստի արտատպումը: Ըստ որի՝ «Մաքսհուր»-ի էլեկտրոնային փոստի հասցեից քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին սահմանված ժամկետից մի քանի օր շուտ ուղարկվել է պահանջված ընթացակարգի հրավերով նախատեսված որակավորման չափանիշը հավաստող փաստաթղթերը՝ pdf տիպի ֆայլով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ը ուսումնասիրել է էլեկտրոնային հասցեները եւ պարզել, որ իսկապես ընկերությունը քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին ուղարկել է պահանջված փաստաթղթերը: Ավելին՝ պարզվել է նաեւ, որ քաղաքապետարանի էլեկտրոնային փոստի մուտքային բաժնում առկա է «Մաքսհուր»-ից ուղարկած հաղորդագրությունը: Ստացվում է, որ քաղաքապետարանը խաբել է ընկերությանը՝ նշելով, որ չի ստացել հաղորդագրությունը: Եւ եթե «Մաքսհուր»-ը հետեւողական չլիներ, ապա քաղաքապետարանը բենզինի ձեռքբերման պայմանագիրը կկնքեր ոչ թե «Մաքսհուր»-ի, այլ «Սի Փի Էս օյլ քորփորեյշն» ընկերության հետ: Գնումների աջակցման կենտրոնը արձանագրել է, որ մերժելով ընկերության հայտը՝ քաղաքապետարանը խախտել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները: Արդյունքում գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է բավարարել «Մաքսհուր»-ի բողոքը, ապա դադարեցրել է Արմավիրի քաղաքապետարանի գնահատող հանձնաժողովի «Մաքսհուր»-ի հայտը մերժելու եւ «Սի Փի Էս օյլ քորփորեյշն» ընկերությանը հաղթող ճանաչելու մասին որոշումները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ Է ԿԱՏԱՐԵԼ
2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, 1-ին կարգի հաշմանդամ, Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի բնակիչ Էրիկ Բաբայանը մեկ ու կես տարի տեւած անշարժությունից հետո սկսել է ինքնուրույն առաջին քայլերն անել: Օրերս կատարած կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորման արդյունքում արդեն առաջին քայլերն է կատարել: «2016 թվականի ապրիլի 10-ին՝ առավոտյան ժամը 8-ի կողմերը, հակառակորդի կողմից արձակված արկից ծանր վիրավորում եմ ստացել: Երբ գիտակցությունս վերականգնվել է, արդեն գտնվում էի Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կատարած բուժումների արդյունքում որոշ չափով ապաքինվել եմ, բայց չէի կարողանում քայլել: Այնուհետեւ վերադարձել եմ Մարտակերտ, որտեղ ապրում է ընտանիքս: Շատ դժվարությունների եմ դիմակայել, բայց չեմ կորցրել հույսս, որ մի օր ամբողջովին կապաքինվեմ: Հիմա, փառք Աստծո, ես նորից ոտքի եմ կանգնում»,- ասել է Էրիկը:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հրավերով Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը Ստեփանակերտում իրականացրել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ, Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանի կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում: