ԻՆՉՊԵՍ ՓՈՇԻԱՑՎԵՑԻՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկիի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հանդիպման ժամանակ, անդրադարձ է եղել ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխություններին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախարար Արտեմ Ասատրյանը ներակացրել է ներկայում շրջանառության մեջ դրված ԱՕ փոփոխությունների հիմնական ուղղությունները՝ նշելով, որ դրանց հիմնական նպատակը ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն է:
Հատկանշական է փաստը, որ տեւական ժամանակ այս նախարարությունը զբաղված էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախագիծ գրելով՝ դրա դիմաց ահռելի գումարներ ստանալով նույն Եվրամիությունից: Բայց որոշ ժամանակ անց պարզվեց՝ միջոցները գրպանվել են, իսկ ԱՕ նախագիծն այդպես էլ պատշաճ տեսքի չէր բերվել: Այս տարվա ապրիլի 27-ին վարչապետ Կարեն Կարապետյանը ստիպված էր հրապարակայնորեն անդրադառնալ այդ հարցին. նա դժգոհել էր ԱՕ-ից՝ ասելով, որ արմատական վերանայման կարիք ունի: Այս հարցին նա անդրադարձավ նաեւ հոկտեմբերի 13-ին խորհրդակցության ժամանակ: Ու, փաստորեն, ԵՄ-ն էլ իր հերթին է որոշել հետեւել այս գործընթացին՝ «տեր կանգնելով» ծախսած փողերին:
Բայց նկատենք՝ վարչապետի դժգոհություններից հետո իր պաշտոնին հրաժեշտ տվեց նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը, որին Արտեմ Ասատրյանը կարճ ժամանակ անց դարձրեց փոխնախարար:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանն ամեն կերպ փորձում է խուսափել զինծառայությունից. այսօր էլ նա դեռ զորակոչային տարիքի է՝ 26 տարեկան: Բայց չի զինակոչվել՝ առողջական խնդիրների վերաբերյալ զավեշտալի հիվանդությունների մասին փաստաթղթեր ներկայացնելով: Փոխարենը, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ժամանակին Առուշանյանը փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում՝ ձգտելով անգամ «օրենքով գող» դառնալ: Այդ նպատակով նա նույնիսկ դաջվածքներ է արել, քրեական տարրերի հետ Երեւանում փորձել հարաբերություններ հաստատել: Սակայն այդ ճանապարհին տարբեր սխալներ է թույլ տվել, ու բանը հասել է նրան, որ «գողականները» Առուշանյանին պարզապես արտաքսել են Երեւանից: Այս տեղեկությունները «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել անձամբ Առուշանյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

 

 

 

Հայաստանից հարեւան Իրան ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումը, գառան մսի գնաճի հետ զուգահեռ, լուրջ խնդիր է առաջացրել անասնաբուծության այս ճյուղում: Մարդիկ վաճառել են ոչխարները, բայց չեն կարողացել լրացնել խմբաքանակը: Ու հիմա Հայաստանը ստիպված է ոչխարի միս ներկրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, ոչխարի գլխաքանակը նվազել է 6.6 տոկոսով. այս տարվա հունվարի մեկի դրությամբ Հայաստանում եղել է 727 հազար 100 գլուխ ոչխար, մինչդեռ նախորդ տարի 778 հազար 100 էր: Ինչ վերաբերում է ներկրմանը, ապա «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց՝ այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից ներկրվել է 800 գլուխ ոչխար: Իսկ ոչխարի, այծի մսի ներկրումը ՌԴ-ից վերոնշյալ ժամանակահատվածում կազմել է 625.5 տոննա՝ անցած տարվա 70 տոննայի դիմաց: Ասել է, թե հայկականին ներքին շուկայում եկել է փոխարինելու ռուսական ոչխարի միսը:

 

 

 

 

ՀՔԾ-ում փորձում են ցույց տալ, թե իրենք էլ են աշխատում: Նույնիսկ մի քանի անգամ հաղորդագրություն տարածեցին, թե քաղաքացիներն իրենց դիմում են ներկայացրել այս կամ այն դատավորի կողմից խարդախություն կատարելու կամ կաշառք վերցնելու վերաբերյալ, նույնիսկ դրանից հետո քրեական գործեր էին հարուցվել: Սակայն այդպես էլ չմանրամասնեցին, թե կոնկրետ ո՞ր դատավորի դեմ է ներկայացված եղել դիմումը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանին հարցրեց՝ արդյո՞ք շոու չէ բուն խնդրի մասին հանգամանալից տեղեկություն չտրամադրելը: «Եթե իմ պատկերացրած քրեական գործի մասին է խոսքը, ապա դատավորը նախկին դատավոր է, արդեն չի պաշտոնավարում, քաղաքացու հաղորդումը իր ենթադրաբար հանցագործության վերաբերյալ չի հաստատվել, ու գործով վարույթը կարճվել է, այդ իսկ պատճառով չի հրապարակվել»: Փաստորեն, ստացվում է, որ, իրոք, ՀՔԾ-ում շոուներով են զբաղված, եւ հաղորդագրություններ են տարածում՝ առանց փաստերը ստուգելու, կատարվածի մասին հանգամանալից տեղեկություններ ստանալու, հետո կարճում են դրանք:

 

 

 

 

ՉԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ
Սերժ Սարգսյանը, որ հարցազրույցներ տալու հարցում առանձնապես ակտիվ չէ, արդեն մի քանի օր է՝ չի իջնում ռուսական կայքերի ու թերթերի էջերից: Գաղտնիք չէ, որ նա միշտ էլ խտրականություն է դրել հայաստանյան ու օտարերկրյա լրատվամիջոցների միջեւ՝ գերադասելով «արտասահմանյանը»: Բայց վերջին օրերի այս ակտիվությունը մի տեսակ շատ ցայտուն է: Ճիշտ է՝ այդ հարցազրույցներում նա առանձնապես նորություն չէր հայտնել. բազմիցս արտահայտած մտքերը ներկայացրել է մի փոքր այլ ձեւակերպմամբ: Բայց հետաքրքիրն այն է, որ Ս. Սարգսյանն ավելի շատ խոսել է հայ-ռուսական հարաբերություններից, ԵԱՏՄ-ում Հայաստանի հնարավորություններից, տնտեսական հեռանկարներից, անգամ՝ Իրանի հետ համագործակցությունից, բայց մի տեսակ ստվերում է մնացել Ղարաբաղյան հարցը: Ու սա այն դեպքում, երբ բանակցային գործընթացում վերջերս մի փոքր ակտիվություն էր նկատվել:
Նրա հարցազրույցներում միակ նորությունը, թերեւս, ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության այս տարիների վերաբերյալ գնահատականն էր: Սերժ Սարգսյանը նշել է, որ սպասելիքները մեծ էին, ու այն իրավիճակը, որ ձեւավորվեց համաշխարհային տնտեսության մեջ, ռուսաստանյան տնտեսությունում, նվազեցրեց ԵԱՏՄ-ի անդամակցության կանխատեսվող արդյունքը: Փաստորեն առաջին անգամն է, որ Հայաստանի իշխանությունները բարձր մակարդակով խոստովանում են՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո իրենց ակնկալիքները չեն բավարարվել: Ճիշտ է՝ Ս. Սարգսյանը սա պատճառաբանել է համաշխարհային շուկայում տեղի ունեցող երեւույթներով: Բայց այս իրավիճակը միանգամայն սպասելի էր: Ի վերջո, Հայաստանը ցամաքային ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ որեւէ երկրի հետ, ինչի հետեւանքով բարձրանում է ԵԱՏՄ արտահանվող ապրանքի ինքնարժեքը, ու այն դառնում է ոչ մրցունակ: Եվ հետո՝ տարվա մի մասը փակ է ռուս-վրացական Վերին Լարսի անցակետը, ինչի պատճառով հայկական մեքենաները չեն կարող ժամանակին բեռը հասցնել ՌԴ ու հակառակը: Դեռ ավելին՝ Հայաստանն այս տարիներին գնալով էլ ավելի մեծ կախվածության մեջ է ընկել ռուսական տնտեսությունից. Ս. Սարգսյանն ինքն է խոստովանել, թե ռուսական ռուբլու արժեզրկումը նվազեցրեց Հայաստանի եկամուտները, իսկ ռուբլու կայունությունն ամենակարեւոր գործոնն է. «Այն հանդիսանում է մեր գյուղատնտեսական արտադրանքի սպառման երաշխիքը, քանզի պայմանագրերը միշտ չէ, որ ռուբլով են կնքվում, այլ նաեւ դրամով: Ե՛ւ ռուբլին, ե՛ւ դրամը կապված են դոլարի հետ»:
Փաստորեն, այսպես Ս. Սարգսյանը հերթական անգամ սեր է խոստովանել առ ՌԴ՝ հասկացնելով, թե ինչպիսի անքակտելի կապերով ենք կապված այդ երկրի հետ, գոնե իր պաշտոնավարման ընթացքում:

 




Լրահոս