ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստը: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիների խնդրին, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին, իսկ նիստի ավարտին Արտաշես Գեղամյանը եւ Նիկոլայ Ռիժկովն արձանագրություն են ստորագրել:

Նիստի ավարտից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ՌԴ Դաշնային ժողովի անդամ Իգոր Չերնիշենկոյին:
-Պարո՛ն Չերնիշենկո, հաշվի առնելով ներկայիս իրողությունները՝ մոտ ժամանակներս Ղարաբաղյան հիմնախնդրի լուծում ակնկալո՞ւմ եք: Ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:
-Իհարկե, հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի շրջանակներում եղած պայմանավորվածությունների հիման վրա: Հենց նրանք են պատասխանատու հարցի կարգավորման համար: Անկասկած չպետք է լինի ուժի որեւէ կիրառման դեպք՝ հաշվի առնելով նաեւ այն մարդկանց տեսակետը, ովքեր ապրում են այժմ Լեռնային Ղարաբաղում: Սակայն մոտ ժամանակներս ես հարցի կարգավորման հնարավորություն չեմ տեսնում: Ընդհանուր առմամբ, այլ տարբերակ չկա կարգավորման, սակայն մոտ ժամանակներս այդ հարցը լուծելը բարդ կլինի:
-Ո՞րն է խանգարող հանգամանքը՝ ըստ Ձեզ:
-Բարդ իրավիճակ է, եւ կան բազմաթիվ հետաքրքրություններ եւ տեսակետներ, որոնք չեն մոտենում: Իհարկե, խոսքը գնում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետաքրքրությունների մասին: Ես գիտեմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը տարբեր հանդիպումների գլխավոր թեման է մշտապես: Ես վստահ եմ, որ այս հակամարտությունը որպես թեմա մոռացված չէ, ոչ ոք դրանից չի թաքնվում, պարզապես դեռ լուծման առումով զարգացում ես չեմ կարող կանխատեսել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ այս իրավիճակը վաղուց է տիրում, եւ ինչպես նշեցի, պատճառն այն է, որ տեսակետները տարբեր են: Սակայն այսպիսի խոսք կա՝ «Ժամանակը բուժում է վերքերը»: Հույս ունենանք, որ այս հարցում եւս կհաղթի արդարությունը, եւ ընդհանուր կարծիքները կիրագործվեն:
-Սերժ Սարգսյանն օրեր առաջ իր ելույթում նշեց՝ կա՛մ բանակցում ենք, կա՛մ կրակում:
-Ո՛չ, կրակել բոլոր դեպքերում պետք չէ: Պետք է բանակցել: Դա ելք չէ, դա սխալ տարբերակ է: Եթե մենք խոսում ենք ելքի մասին, ապա դա կայանում է միայն բանակցելու մեջ: ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծումը կարող է տեւել եւս 20, 30 կամ 40 տարի, մինչեւ որ հակամարտող պետությունները գտնեն դրա լուծման բանալին: Այս պահին վերջնական հանգուցալուծում չեմ տեսնում ո՛չ ժամկետի, ո՛չ ձեւաչափի առումով:
-Օրինակ՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանն այդպես էլ չի կատարում: Դրա փոխարեն ավելի է լարում իրավիճակը սահմանին հատկապես Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո: Մինսկի խումբն արդյո՞ք չունի լծակներ՝ ազդելու Ադրբեջանի վրա:
-Դուք գիտեք, որ Մինսկի խումբը չունի ինչ-որ մեկին ինչ-որ բան պարտադրելու լծակներ: Այն դիվանագիտական պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ միասնական որոշումներ ընդունելու հարթակ է: Այո՛, ցավոք այդ կարգի շատ միջազգային կազմակերպություններ չունեն այդպիսի լծակներ: Ինչ-որ մի տեղ դա նաեւ լավ է, որ անհրաժեշություն չկա ինչ-ինչ միջոցներով ազդել կողմերի վրա: Մինսկի խմբում եւս այս առումով ազդեցության լծակներ չկան:

 

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻՑ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԵՍԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը բացասական է գնահատել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի գործունեությունը: Պատճառը աղբահանության ոլորտում աշխատանքների ոչ պատշաճ իրականացումն է: Եւ Կարեն Կարապետյանն այդ աշխատանքները համարելով ոչ բավարար՝ ասել էր, թե կարճ ժամանակ անց կրկին կանդրադառնա հարցին:

Վարչապետն Արարատի մարզին անդրադարձել էր նաեւ օրեր առաջ՝ կառավարության նիստի ժամանակ եւ կրկին դժգոհել: Մասնավորապես նա նշել էր, թե Արարատի մարզի մի շարք համայնքներում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել: Բայց չնայած այս ամենին՝ մարզպետ Արամայիս Գրիգորյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհամաձայնեց, թե վարչապետն իր աշխատանքից դժգոհ է մնացել, հակառակը՝ վստահեցրեց, թե բոլոր հանձնարարականները կատարվել են:
-Պարո՛ն Գրիգորյան, նոր հայեցակարգ է մշակվել, թե ինչպիսին պետք է լինի տարածքային կառավարումը մարզերում: Ըստ այդմ, մարզպետները նոր լիազորություններ կունենան: Ծանոթացե՞լ եք հայեցակարգին:
-Հայեցակարգը դեռ քննարկման մեջ է: Ամբողջությամբ հայեցակարգն ավարտված չէ, մենք ունենք մեր առաջարկությունները: Առաջիկայում մեր առաջարկները կներկայացնենք համապատասխան մարմիններին: Դա նախագիծ է դեռեւս, հետո լուրջ քննարկումներ կլինեն, այդ ժամանակ պատկերավոր կներկայացնենք՝ ինչ լիազորություններ են վերցվում մարզպետներից, ինչ լիազորություններ են ավելացվելու:
-Ամեն դեպքում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծել էր, թե ավելի խստացվելու է աշխատանքը: Դա Ձեզ չի՞ մտահոգում:
-Իհարկե, շատ ավելի լավ կլինի, որ ավելի խիստ դառնա: Մենք այսօր իրավունք չունենք մեզ շռայլություններ թույլ տալու, որովհետեւ մեր երկիրն այն երկրներից մեկն է, որ այսօր մենք պատերազմական իրավիճակի մեջ ենք եւ հնարավորություն պիտի ստեղծենք, որ տնտեսությունը հզորանա, զարգանա, եւ դա պետք է լինի մեր երկրի, մեր ժողովրդի հաջողությունը: Սակայն այդ առումով դեռ վաղ է խոսելը, քանի որ նախագիծը սաղմնային փուլում է:
-Պարո՛ն Գրիգորյան, օրեր առաջ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նկատեց, որ խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել Արարատի մարզում, իսկ դրանից հետո էլ, երբ վարչապետին ներկայացրել եք կատարված աշխատանքները, վերջինս դժգոհել է աղբահանության ոլորտում կատարված աշխատանքներից՝ ասելով, թե բավարար չէ: Ստացվում է՝ Կարեն Կարապետյանը դժգոհ է Ձեր աշխատանքից:
-Կառավարության նիստում պարոն վարչապետը ներկայացրել է իրականությունը, որոշ լրատվամիջոցներ ում ոնց ձեռք է տվել, խեղաթյուրել են: Վարչապետը ներկայացրեց մեր բոլոր առաջարկությունները կառավարության նիստին, որ մենք ներկայացրել ենք, որ Մասիսի տարածաշրջանում ունենք որոշակի խնդիրներ, բնակիչների դժգոհությունը: Ես գրավոր ներկայացրել էի վարչապետին, դա մեր լիազորություններից դուրս է, դրանով պետք է զբաղվեն այլ մարմիններ: Նա նշեց, թե անմխիթար իրավիճակ է համապատասխան նախարարությունների կողմից:
-Նա բավարար չի գնահատել Ձեր աշխատանքը:
-Մենք 260 աղբավայրից այսօր ունենք գործող 19 աղբավայր: Դուք ո՞նց եք գնահատում մեր աշխատանքը: Ես ինքս եմ եղել վարչապետի մոտ, եւ նա որեւէ դժգոհություն չի ներկայացրել: Իհարկե, մենք անելիքներ ունենք, իհարկե, մենք ավելի լավ պետք է աշխատենք, դեռեւս շատ բաներ կան, որին պետք է հասնենք: Բայց որպես այդպիսին դժգոհություն, դա Ձեր կարծիքն է:
-Այսինքն՝ բոլոր հանձնարարականները կատարվե՞լ են:
-Այո՛, բոլոր հանձնարարականները կատարվել են, եւ բնականաբար ընթացքում լինում են էլի հանձնարարականներ, որոնք ժամանակի ընթացքում պետք է կատարվեն:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

 

ԳԱՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ
2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները շարունակում են անցնել գաղջ մթնոլորտում: Երեկ քննարկումներն ընթանում էին Եվրոպական ինտեգրման հարցերի եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովներում: Եվ երկու դեպքում էլ նիստին ներկա պատգամավորներին կարելի էր մատների վրա հաշվել: Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ՀՀԿ-ից ներկա էր միայն Միհրան Հակոբյանը, «Ելք»-ից՝ Գեւորգ Գորգիսյանը:
Արդեն հաջորդ նիստին, չնայած պատգամավորներ կային, սակայն մարզպետներին այդպես էլ հարց ուղղող չեղավ: Դա զավեշտի թեմա էր հենց մարզպետների շրջանում: Ելույթներից հետո մյուս մարզպետներն էին կատակով ասում, թե հարցեր ունեն: Բնապահպանության, գյուղատնտեսության եւ տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին էլ հարցեր տվողներ եղան. ամենաակտիվը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վարդան Ղուկասյանն ու Վարդեւան Գրիգորյանն էին: Սակայն բոլորին գերազանցեց նույն խմբակցության պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը: Նախ նա հարց էր «պատրաստել» գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի համար, սակայն նրա տված հարցից բան չհասկացան ոչ միայն ներկաները, այլեւ հենց նախարարը: Իսկ երբ վերջինս ցանկացավ ավելի պարզաբանում ստանալ, պատգամավորը պարզապես չկարողացավ այլ կերպ իր հարցը ձեւակերպել:
Բայց սա էլ դեռ ամենը չէ. նա ներդրումների մասին հարց ուղղեց Դավիթ Լոքյանին, սակայն վերջինս ընդգծեց, թե ինքը չէ հարցի հասցեատերը: Հավելենք, որ երբ երեկ Միքայել Մելքումյանն ուշացումով եկավ նիստերի դահլիճ, տեղ չկար նստելու, մոտեցավ իր խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանին եւ առաջարկեց տեղն իրեն զիջել: «Միեւնույն է՝ դու հարց չես տալու»,- ասաց Մելքումյանը:

 

 

 

ՄԻՊ-Ի ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում պարզվում է՝ պաշտպան Արման Թաթոյանից ավելի հարուստ աշխատողներ կան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանցից մեկն էլ ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանն է: Նա ունի մեկ բնակարան, Mercedes-Benz C 180 մակնիշի մեկ ավտոմեքենա: Մաշինյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 40 մլն 622 հազար դրամի չափով փոխառություն: Իսկ նրա դրամական միջոցները կազմել են 1 մլն 150 հազար դրամ, 210 եվրո, 2 մլն 120 հազար ռուսական ռուբլի եւ 2000 դոլար: Որպես եկամուտ, սակայն, նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ 1.5 մլն դրամ:
Իսկ ահա ՄԻՊ աշխատակազմի մյուս ներկայացուցիչ Հրաչյա Պալյանը ունի 2 բնակարան, Volkswagen Golf 2.0 I մակնիշի մեկ ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները կազմում են 4 մլն 820 հազար դրամ, 6000 դոլար եւ 3800 եվրո: Նրա աշխատավարձը նույնպես կազմել է մոտ 1.5 մլն դրամ: Սրան զուգահեռ՝ համեմատության համար տեղեկացնենք, որ պաշտպան Արման Թաթոյանը ունի 1 մլն 250 հազար դրամ եւ 3790 եվրո: Նրա՝ երեք վայրից ստացած աշխատավարձը կազմել է 13 մլն 852 հազար դրամ: Բնակարան եւ ավտոմեքենա էլ չունի:

 




Լրահոս