ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՈՉԽԱՐԻ ՄԻՍ Է ՆԵՐԿՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումը Հայաստանից հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն, ոչխարի, գառան մսի գնաճի հետ զուգահեռ, լուրջ խնդիր է առաջացրել անասնաբուծության այս ճյուղում: Պատճառն այն է, որ մարդիկ վաճառել են ոչխարները, բայց չեն կարողացել լրացնել խմբաքանակը:

Հայաստանում ապրող եզդիների գերակշիռ մասը, ըստ աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի, ապրում է ոչխարաբուծությամբ: Նրա խոսքերով՝ ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում. «Չէ՞ որ ոչխարը սերմ չէ, որ ցանես, աճի: Դրա համար երկար ժամանակ է պետք: Օրինակ՝ անցած տարվա գառները չեն մնացել, լրիվ վաճառվեց, արտահանվեց: Բայց եթե հաջորդ տարում էլ այսպես շարունակենք, ապա 2 տարում Հայաստանում ոչխարաբուծությունը կվերանա: Ահա, գառան միսը անցած տարի 2000 դրամ էին եզդիները վաճառում, հիմա այն դարձել է 3500 դրամից ավելի: Շուտով կդառնա 5000 դրամ, որովհետեւ ոչխարի գլխաքանակը քիչ է, նվազել է»: Աշխարհի եզդիների միության նախագահ Թամոյանը մեծ ափսոսանքով նկատեց, որ ստեղծված իրավիճակում շատ եզդիներ ստիպված լքում են Հայաստանը, քանի որ ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանման պայմաններում այլեւս տնտեսություն չունեն:
«Անասնակերի գինը բարձր է, արոտավայրերը վճարովի են, մարդիկ դրանց համար վճարում են: Կնկատեք, որ ճանապարհներին այդքան էլ չկան վաճառվող ոչխարներ կամ գառներ»,- նշեց Թամոյանը:
Տեղեկացնենք, որ Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, ոչխարի գլխաքանակը նվազել է 6.6 տոկոսով: Այսինքն՝ այս տարվա հունվարի մեկի դրությամբ Հայաստանում եղել է 727 հազար 100 գլուխ ոչխար՝ անցած տարվա 778 հազար 100-ի դիմաց: Եւ այս նվազումը արձանագրվել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում՝ բացի Արմավիրից եւ Երեւանից: Ինչպես հայտնի է՝ Արագածոտնում շատ են եզդիաբնակ գյուղերը, որտեղ բնակիչները հիմնականում զբաղվում են ոչխարաբուծությամբ: Բայց այս մարզում ոչխարի գլխաքանակը այս տարվա հունվարի մեկի դրությամբ, անցած տարվա համեմատ, նվազել է 15.1 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական տվյալներից հայտնի դարձավ, որ Հայաստանից արտահանվել է 2 հազար 200 գլուխ ոչխար, այծ: Օրինակ՝ դեպի հարեւան Վրաստանի Հանրապետություն արտահանվել Է 1400 գլուխ ոչխար, իսկ 800 գլուխ էլ՝ դեպի Քուվեյթ: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից ոչխարի միս էլ է արտահանվել՝ 579.7 տոննա, անցած տարվա 341.9 տոննայի դիմաց: Բայց հայկական ոչխարի մսի առյուծի բաժինը հասել է Իրանի Իսլամական Հանրապետությանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից Իրան արտահանվել է 578.2 տոննա ոչխարի, այծի միս: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում դեպի Իրան արտահանվող ոչխարի, այծի միսը կազմել է 341.9 տոննա: Բացի այս՝ հայկական ոչխարի մսի սպառող էլ է նաեւ Կատարը, որտեղ արտահանվել է 1.4 տոննա: Իսկ Քուվեյթ արտահանվող ոչխարի, այծի միսը կազմել է 26 տոննա: Պարզվում է՝ Հայաստանը ոչխար, ոչխարի միս արտահանելուն զուգահեռ՝ նաեւ ներկրում է: Այս տարվա առաջին կիսամյակում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստան Ռուսաստանի Դաշնությունից ներկրվել է 800 գլուխ ոչխար: Իսկ ոչխարի, այծի մսի ներկրումը ՌԴ-ից վերոնշյալ ժամանակահատվածում կազմել է 625.5 տոննա՝ անցած տարվա 70 տոննայի դիմաց: Ասել է, թե հայկականին ներքին շուկայում եկել է փոխարինելու ռուսական ոչխարի միսը: Միանշանակ է, որ ոչխարի մսի արտահանումը Հայաստանից այս տարի կրկնապատկվել է, կտրուկ ավելացած պահանջարկն էլ հանգեցրել է թանկացման: Եւ այս ամենի արդյունքում հայկական շուկայում մսի, մսամթերքի գները կտրուկ բարձրացել են եւ մինչեւ գարուն դեռ կբարձրանան: Իսկ իրավիճակի պատասխանատուն, բնականաբար, գյուղատնտեսության նախարարությունն է, որի սխալ կառավարման արդյունքում հայ սպառողը ստիպված է ուտել ռուսական ոչխարի միս:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՂԵԿԱՎԱՐԸ` «ԵԼՔ»Ի ԱՆԴԱՄ
Նոյեմբերի 5-ին Տավուշի մարզի Բերդ, Աչաջուր, Ենոքավան, Այգեհովիտ համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Տեղամասային ընտրական հանձնաժողովները բաղկացած են 10 անդամից, որից 2-ական հոգի ներկայացնում են Հայաստանի խորհրդարանում ներկայացված 4 քաղաքական ուժերը, 2 անդամի նշանակում է տարածքային ընտրական հանձնաժողովը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ովքեր են ներկայացնում «Ելք» դաշինքը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Ելք»-ից տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների մի մասը Տավուշի մարզի բնակիչ չի: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը տվյալ ընտրությունների համար պետությունից ստանալու է 55 հզ. դրամ աշխատավարձ, իսկ նախագահը՝ 100 հզ. դրամ: Բերդի տարածաշրջանի տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ելք»-ից ներկայացված անդամները հիմնականում «Հայ ազգային կոնգրեսի», «Ժառանգության» անդամներ են, որոնց համար այս ընտրությունները իրենց ֆինանսական վիճակը մի փոքր բարելավելու հնարավորություն են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ համայնքի 2-րդ տեղամասի ընտրական հանձնաժողովում «Ելք»-ը ներկայացնում է Մարիետա Սահակյանը, ով «Ժառանգություն» կուսակցության Իջեւանի տարածքային կազմակերպության երկարամյա ղեկավարն է: Նկատի ունենալով «Ելք»-ի եւ «Ժառանգության» ղեկավարների հարաբերությունները՝ սա ուշագրավ փաստ կարելի է համարել:

 

 

 

ՀՈՐ ՓՈԽԱՐԵՆ
Դիլիջան քաղաքի բնակիչ Ռուբեն Հովհաննիսյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2014թ. հունիսի 11-ին հոր` Գագիկ Հովհաննիսյանի անունով բացված «Գագիկ Հովհաննիսյան» ԱՁ-ի եւ «Նաիրի ինշուրանս» ՍՊԸ-ի միջեւ կնքել է աշխատանքային պայմանագիր եւ հոր փոխարեն ձեռք բերելով ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրական վկայագրեր կնքելու լիազորություն` ստացել է «Նաիրի ինշուրանս»-ին հասանելիք դրամական միջոցները հավաքագրելու եւ տիրապետելու իրավունք, ապա վկայագրեր կնքելու համար հատկացված գաղտնաբառն օգտագործելով, ուրիշի գույքը շարունակաբար հափշտակելու դիտավորությամբ՝ 2014թ. հունիսի 11-ից մինչեւ 2015թ. փետրվարը ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով կատարել է ապահովագրական գործարքներ եւ յուրացրել իր վստահությանը հանձնված, գործարքներից ստացված առանձնապես խոշոր չափի` 5 միլիոն 534 հազար 395 դրամ գումար: Ռ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր. 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2017թ. հունիսի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Ռ. Հովհաննիսյանի պաշտպանը միջնորդել է քրգործն ուղարկել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարան, որովհետեւ Ռ. Հովհաննիսյանը Ավան վարչական շրջանում է իրականացրել իր գործունեությունը: Միջնորդությունը բավարարվել է: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանում սույն գործով դատաքննությունն ընթացքի մեջ է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ԿԱՆ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի նիստի ընթացքում հանձնարարականներ է տվել շինարարության ոլորտում վիճակագրական տվյալների վերաբերյալ: Նա նշել է, որ համաձայն քաղաքաշինության պետական կոմիտեի ուսումնասիրությունների՝ շինարարության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում կան որոշ խոչընդոտներ, որոնք նվազեցնում են վիճակագրական տվյալների լիարժեքությունը հատկապես մասնավոր կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարական ծավալների մասով: «Շինարարության ոլորտում վիճակագրության ամբողջականության ապահովման եւ տվյալների հավաքագրման, իրական վիճակի արձանագրման նպատակով հանձնարարում եմ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին եւ առաջարկում եմ ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին երկուշաբաթյա ժամկետում ամփոփել շինարարության ոլորտում առկա միտումները: Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ դրանց արձանագրման թերությունների վերացման վերաբերյալ»,-ասել է վարչապետը:

 

 

 

ՋՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿՆՎԱԶԻ՞
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների մանրածախ սակագների վերաբերյալ: «2017թ. օգոստոսի 7-ին «Վիոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների վերանայման հայտով, որով առաջարկել են խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018թ. համար ավելացնել 14.3 դրամով: Նշված հայտը ներկայումս գտնվում է հանձնաժողովի կողմից ուսումնասիրության փուլում: Հանձնարարում ենք Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ 20-օրյա ժամկետում սակագնի փոփոխության դեպքում, համատեղ աշխատելով «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ, կառավարության աշխատակազմ ներկայացնել խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ»,-շեշտել է վարչապետը:

 




Լրահոս