Խեղճացնում են փոքր ու միջին բիզնեսին. միայն մեկ ամսվա ընթացքում կասեցվել է մոտ 50 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած կառավարության պնդումներին, թե ամեն ինչ անում են՝ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսին աջակցելու համար, իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում:
«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի` հոկտեմբեր ամսվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտների գործունեության կասեցման վերաբերյալ որոշումների ցանկը: Ըստ այդմ, միայն մեկ ամսվա ընթացքում ՊԵԿ նախագահի որոշմամբ կասեցվել է մոտ 50 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն 5-10 օրով, իսկ մի քանի տնտեսվարողի դեպքում կասեցման որոշումը հետագայում փոխարինվել է տուգանքով` 300-600 հազար դրամի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ միայն նոյեմբերի 7-ի դրությամբ, ՊԵԿ նախագահի կողմից կասեցման որոշում է կայացվել 18 տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ: Ընդ որում, որոշումների գերակշիռ մեծամասնությունը վերաբերել է առեւտրային օբյեկտներին` ՍՊԸ-ների կամ անհատ ձեռներեցներին, որոնք գնորդներին չեն տրամադրել ՀԴՄ կտրոն, շատ հաճախ մի քանի հարյուր կամ մի քանի հազար դրամ առեւտրի դիմաց: Եւ այդ օրինազանցությունը բավական թանկ է նստել տնտեսվարողների վրա. կատարած արարքն ու դրան հետեւած պատիժն առավել քան անհամաչափ է եղել:

Փաստ է, որ տնտեսվարողները թույլ են տվել օրինախախտում, հետեւաբար պետք է պատասխան տան իրենց արարքի համար: Բայց նրանք թաքցրել են ոչ թե հարյուր հազարավոր կամ միլիոնավոր դրամների ապրանքաշրջանառություն, այլ հիմնականում փոքր առեւտուր իրականացնելիս չեն տրամադրել ՀՄԴ կտրոն: Արդյունքում հիմա ստիպված են հազարապատիկ մեծ տուգանք վճարել, շատ ավելի, քան իրենց մի քանի ամսվա շրջանառությունն է: Սա, համաձայնեք, նորմալ չէ, եւ այդպես փոքր ու միջին բիզնեսը չեն զարգացնում. ի վերջո, օրինազանցության համար պետք է տուգանել, բայց արարքին համարժեք չափով, այլ ոչ թե մարդկանց տանել սննկացման: Ի վերջո, այսօր դժվար է գտնել որեւէ տնտեսվարողի, լինի խոշոր, թե փոքր, որը կքած չլինի վարկային բեռի տակ: Ու հիմա նման մեթոդները էլ ավելի են ծանրացնում նրանց վիճակը:

Հետո սա չի տեղավորվում օրերս վարչապետ Կարեն Կարապետյանի ասածի տրամաբանության մեջ. նոյեմբերի 2-ի իր ասուլիսում նա նշել էր. «Ես կողմնակից եմ նրան, որ պետության հիմնական գործառույթը բիզնեսի մեջ բիզնեսին չխանգարելն է: Բայց այսօրվա իրավիճակն այնպիսինն է, որ մենք շատ դեպքերում կատալիզատորի դեր ենք կատարում բիզնեսի համար եւ օժանդակելու ենք: Հենց բիզնեսը գա, հասնի, կայունանա, պինդ կանգնի ոտքի, այդ ժամանակ մեր գործառույթը կլինի իրենց չխանգարելը»: Այսինքն՝ ստացվում է՝ իշխանությունները բիզնեսը կայունացնելու փոխարեն ընդհակառակը, խանգարում են:

Մեկ ուշագրավ փաստ էլ. օրերս հրապարակվել են այս տարվա ինը ամիսների հարկահավաքչության ցուցանիշները: Պատկերը, մեղմ ասած, հեռու է նորմալ համարվելուց. խոշոր հարկատուների կողմից այս տարվա երրորդ եռամսյակում վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 59.5 տոկոսը: Բացի այդ՝ շարունակվում են ահռելի թիվ կազմել գերավճարները: Ըստ ՊԵԿ-ի, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 150.7 մլրդ դրամի գերավճար (ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում խոշոր հարկատուների գերավճարների չափն ավելի քիչ էր՝ 144.4 մլրդ դրամ): Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ վերջին ասուլիսի ժամանակ ներկայացրած հաշվետվությունից էլ տեղեկանում ենք, որ այս տարվա ինը ամիսների գերավճարների չափը կազմել է 258.6 մլրդ դրամ: Ու ստացվում է՝ միայն փոքր ու միջին ձեռնարկություններն ունեցել են 107.9 մլրդ դրամի գերավճար:

Չնայած կառավարությունը պնդում է՝ հետեւողականորեն վերադարձնում են գերավճարները, բայց հրապարակված ցուցանիշները դեռեւս մտահոգիչ են: Ի վերջո, այս գումարը, որ տնտեսվարողները որպես գերավճար մուծել են պետական բյուջե, կարող էին շրջանառության մեջ դնել եւ լրացուցիչ շահույթներ ստանալ: Բայց այսպես ստացվել է, որ իրենց միջոցները ներդրել են պետական բյուջե՝ առանց շահույթի, առանց «տոկոսի», երբեւէ ետ ստանալու կամ ընթացիկ հարկային պարտավորություններին հաշվանցելու հույսով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս