նոյեմբերի 9-ին լրացավ «Կոնվերսբանկ»-ի Սայաթ-Նովա մասնաճյուղից 200 հազար դոլար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը, սակայն մինչ օրս ամենակարեւոր հարցերը մնում են օդից կախված: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ հիմա չի հայտնաբերվել բանկից հափշտակված 200 հազար դոլարը, նաեւ չի ձերբակալվել Աշտարակ քաղաքի բնակիչ Պյոտր Ցիգանկովը, որին եւս մեղադրանք է առաջադրվել այս գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11-ն անց 30-ի սահմաններում, Երեւանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղ էր մտել Պյոտր Ցիգանկովը եւ հափշտակել էր 200 հազար դոլարն ու փախել: Այս գործով կալանավորվել են Դավիթ եւ Արսեն Գրիգորյանները, Մարատ Գալստյանն ու Աշոտ Մանուկյանը, իսկ Պյոտր Ցիգանկովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: